Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակ թափանցիկ» ընտրություններ

Սեպտեմբեր 09,2008 00:00 Share

\"\"Այսպես է որակել կիրակի օրը Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ընդդիմադիր թեկնածու Մանուել Գասպարյանը:

Անցած կիրակի՝ սեպտեմբերի 7-ին, Երեւանի չորս համայնքներում՝ Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Էրեբունի եւ Նուբարաշեն, տեղի ունեցան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, իսկ երկուսում՝ Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ, միայն ավագանու ընտրություններ: Ինչպես եւ պետք էր ակնկալել նախորդ որեւէ մակարդակի ընտրությունների փորձից, բոլոր այս ընտրությունների արդյունքում հաղթել են իշխանական թեկնածուները՝ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից: Կան, իհարկե, որոշ բացառություններ. օրինակ՝ Էրեբունի համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում ընտրվել է «Ժառանգության», իսկ Արաբկիրում՝ «Նոր ժամանակներ» կուսակցության մեկական անդամ:

Անցած ՏԻՄ ընտրությունները պետք է բաժանել երկու մասի. համայնքներ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն, որտեղ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում, որովհետեւ չեն եղել թաղապետի այլընտրանքային թեկնածուներ: Այստեղ թաղապետի ընտրություններում ընտրվել են գործող թաղապետի ներկայիս տեղակալ, ՀՀԿ անդամ Արմեն Հարությունյանը եւ գործող թաղապետ, ԲՀԿ անդամ Մհեր Հովհաննիսյանը:

Անհամեմատ լարված են անցել ընտրությունները թիվ 4 ընտրատարածքում՝ Արաբկիրում, եւ թիվ 3-ում՝ Քանաքեռ-Զեյթունում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին ընդդիմության ներկայացուցիչներ, համապատասխանաբար՝ «Ժառանգության» անդամ Զոյա Թադեւոսյանն ու «Ժողովրդավարական ուղի» կուսակցության համակարգող Մանուել Գասպարյանը: Արաբկիրում բանն անգամ հասել է դանակահարության: Այդ մասին կարող եք կարդալ մեր թերթի 4-րդ էջում: Ու թեեւ ե՛ւ Հովհ. Շահինյանը, ե՛ւ առավել եւս Զ. Թադեւոսյանը ընթացքում ահազանգել են բազմաթիվ ընտրախախտումների մասին, այդուհանդերձ, նրանցից ոչ մեկը ընտրությունների արդյունքները բողոքարկել չի պատրաստվում: Զ. Թադեւոսյանը միայն արձանագրել է, որ ընտրությունները կեղծված են: «Ինչո՞ւ պետք է բողոքարկեմ. թող հասարակությունը լինի այնտեղ, որտեղ ուզում է»,- երեկ հայտարարել է Զ. Թադեւոսյանը՝ ասելով, որ բացի իրեն ընտրած շուրջ 5 հազար հոգուց, մյուս ընտրողները նախընտրել են 5 հազար դրամները:

Քանաքեռ-Զեյթուն համայնքում թաղապետի պաշտոնում վերընտրվել է ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանը: Նրա օգտին քվեարկել է 12042 ընտրող, ԺՈՒԿ համակարգող Մանուել Գասպարյանը ստացել է 8046 ձայն: Այս համանքում կայացած ընտրությունները ընդդիմադիր թեկնածու Մ. Գասպարյանը որակել է որպես՝ «խայտառակ թափանցիկ», վկայելով բազմաթիվ եւ տարատեսակ ընտրախախտումների՝ ընտրակաշառքի, ընտրական տեղամասերում ընտրողներին ուղղորդելու, վստահված անձանց դուրս հանելու եւ այլ փաստերի մասին: Մ. Գասպարյանը արդեն դիմել է թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ ձայների վերահաշվարկ կատարելու եւ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Մի շարք խախտումների, մասնավորապես՝ գույնով եւ չափերով սահմանված նմուշին չհամապատասխանող մեծ թվով քվեաթերթիկներ հայտնաբերվելու փաստով քրեական գործ հարուցելու խնդրանքով նա նաեւ դիմել է դատախազությանը: Այս թեկնածուն մարտական է տրամադրված, նա մտադիր է հարկ եղած դեպքում ընտրությունների արդյունքը վիճարկել նաեւ դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել