Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՑՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ՕՐԵՆՔ ԵՆ ԽԱԽՏԵԼ

Սեպտեմբեր 09,2008 00:00

Ընտրատարածքներում «ագիտացիայով» զբաղված երիցյանականներին չէր զգաստացնում անգամ ոստիկանների ներկայությունը:

\"\"Այս խմբված տղաները նույնպես քարոզում էին հօգուտ Երիցյանի: \"\"

Մհեր Քերոբյանի թոքը դանակով ծակել են:

Կիրակի օրը մայրաքաղաքի մի քանի համայնքներում տեղի ունեցած համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությոններից, թերեւս, ամենալարվածը Արաբկիր համայնքում էր: Արաբկիրում թաղապետի աթոռի համար պայքարում էր 4 թեկնածու՝ գործող թաղապետ, թաղապետի թեկնածու Հովհաննես Շահինյանը, գործարար անկուսակցական Ալբերտ Երիցյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը եւ Հայաստանի առաջադիմական կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ Արաբկիր համայնքի ղեկավար է ընտրվել Ա. Երիցյանը՝ ստանալով 16591 քվե, Հ. Շահինյանը ստացել է 7172 քվե, Զ. Թադեւոսյանը՝ 5608 քվե, իսկ Ա. Մնացականյանը՝ 181 քվե: Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ծանր միջադեպի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համայնքով մեկ, ինչի արդյունքում շատ արաբկիրցիներ ուղղակի բոյկոտեցին ընտրությունները: Մասնավորապես, Թբիլիսյան խճուղու եւ հարակից տարածքների բնակիչներից ոմանք, կատարվածից ահաբեկված, ընդհանրապես հրաժարվեցին գնալ ընտրության: Ընդհանրապես, Արաբկիրում ընտրողների մասնակցությունը շատ ցածր էր՝ 88466 ընտրողից թաղապետ ընտրելու էր գնացել 30530-ը, անվավեր՝ 872 թերթիկ: Կիրակի օրը ոտքի էր հանվել Արաբկիրի ոստիկանության ողջ բաժինն ու ոստիկանական հատուկ ջոկատներ: Կարմիրբերետավորներից կազմված մի մեծ խմբավորում էլ շրջում էր համայնքի ընտրատեղամասերով: Սակայն ընտրատեղամասերի մոտ հավաքված Ալբերտ Երիցյանի թիմակիցներին ոստիկանների ներկայությունն այնքան էլ չէր զգաստացնում. նրանք անգամ ընտրության օրը ընտրատեղամաս եկող մարդկանց հորդորում էին ընտրել Ա. Երիցյանին՝ սպառնալով, որ եթե այլ ընտրություն անեն՝ իրենք, մեկ է, իմանալու են: Մեր այցելության պահին Կույրերի մշակույթի տանը տեղակայված 4/9 ընտրատեղամասի հարեւանությամբ մի խումբ տղաներ էին հավաքված, որոնք ընտրատեղամաս եկող մարդկանց, այսպես ասած, կողմնորոշում էին ընտրել Ա. Երիցյանին: Երիցյանականների «ագիտացիան» տեղի էր ունենում հենց այն պահին, երբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը նշյալ ընտրատեղամասում շրջայց էր կատարում: Պարոն Նազարյանն իրեն ուղեկցող ոստիկաններին հրահանգեց խմբվածներին ցրել, իսկ առավել ակտիվներին՝ տանել բաժին:

Ավելի ուշ՝ ընտությունների ավարտից մոտ կես ժամ առաջ, ոստիկանների խմբով Արաբկիր համայնքում սկսել է շրջել նաեւ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը:

Նշենք, որ թիվ 4/39 ընտրատեղամասում քաշքշուկ է եղել, ականատեսների պատմելով, գալով քվեարկության՝ մի ընտանիք հայտնաբերել է, որ իրենց փոխարեն արդեն ընտրել են, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն եւ ընտրատեղամասի դուռը փակվել է:

Գումար բաժանելու փաստեր էլ են արձանագրվել. մասնավորապես՝ Քանաքեռհեկ թաղամասի 4/2 եւ Կույրերի մշակույթի տանը տեղակայված 4/9 ընտրատեղամասերի հարեւանությամբ, բնակիչների խոսքերով, «երիցյանականները ընտրակաշառք էին բաժանում»:

Նշենք, որ անգամ ընտրություններից հետո Արաբկիրում կրքերը դեռեւս բորբոքված էին: Տեղեկություն ստացանք, որ երեկոյան Փափազյան փողոցում գտնվող Ա. Երիցյանի շտաբ են այցելել ԱԱԾ-ի եւ ոստիկանության դիմակավորված աշխատակիցներ՝ Ա. Երիցյանի ավագ որդուն՝ Ռոբերտ Երիցյանին ձերբակալելու: Սակայն նա արդեն փախուստի մեջ է եղել: Մեր տեղեկություններով, Ռ. Երիցյանին 2 ժամ ժամանակ է տրվել ներկայանալու ոստիկանական բաժանմունք: Երեկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացանք, որ դեպքի առիթով հարուցվել է քրգործ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արտավազդ Ղազարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ գործը նախաքննական փուլում է: Մեր տեղեկություններով, ծեծկռտուք կազմակերպածներից 2-ն արդեն ինքնակամ հանձնվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել