Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրվում է անշահախնդիր պրոդյուսեր

Սեպտեմբեր 09,2008 00:00

Ջութակահար քույրեր Անահիտ եւ Գայանե Թոփչյաններն առայժմ հիմնականում աշխատում են ռեստորաններում:

\"\"Ջութակը հայաստանյան շոու-բիզնեսում հայտնվեց դեռեւս 1970-ականներին՝ իր գործի գիտակ, ճանաչված ու սիրված ջութակահար Կարո Հայրապետյանի շնորհիվ: Այսօր էլ հատուկենտ ջութակահարների տեսահոլովակների ենք հանդիպում հեռուստաեթերում, մինչդեռ երգիչ-երգչուհիների «գլուխգործոցներով» եթերը «ծփում» է: Եվ եթե երգիչ-երգչուհիներից ոմանք չունեն երաժշտական մասնագիտական կրթություն, եւ Աստված գիտե՝ նոտաները ճանաչո՞ւմ են, թե՝ ոչ, ապա ջութակահարները եթե ոչ բարձրագույն, ապա գոնե միջին մասնագիտական երաժշտական կրթություն պարտադիր ունեն: 2005-ին Հայաստանում հայտնություն էր «Լավանդա» ջութակահարուհիների տրիոն, որն այդպես էլ լայն ուշադրության չարժանացավ, իսկ, օրինակ, Սամվել Երվինյանը, որը նախկինում հանդես էր գալիս ռեստորանում, շուրջ 5 տարի է՝ ինչ աշխատում է աշխարհահռչակ Յանիի ղեկավարած նվագախմբում:

Ջութակահարուհի քույրեր Անահիտ եւ Գայանե Թոփչյանները նույնպես լայն հասարակությանը ծանոթ չեն: Նրանք էլ են հանդես գալիս հիմնականում ռեստորաններում: «Առավոտին» քույրերը տեղեկացրին, որ իրենք այս ուղին ընտրել են Լորիս Ճգնավորյանի 2000թ. «Երեւան» սիմֆոնիկ նվագախմբի լուծարումից հետո: Մինչ այդ Գայանեն աշխատել է «Տաղարան», «Սերենադ» նվագախմբերում, իսկ Անահիտը՝ Ջութակահարների անսամբլում եւ Օպերային թատրոնի նվագախմբում: Ըստ մեր զրուցակիցների, լայն հանդիսատեսն իրենց չի էլ կարող ճանաչել, որովհետեւ նախ՝ իրենք կլիպամանիայով չեն տառապում, իսկ հետո տեսահոլովակների արժեքը սկսվում է $5000-ից: Հարցին, թե 7-8 տարի ոչ մի պրոդյուսեր իրենց չի՞ նկատել, Անահիտն ասաց. «Իհարկե, նկատել են, որպես կանոն՝ հրավիրել մեկ գավաթ սուրճ խմելու, որին հաջորդել է…»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե հայ տղամարդ պրոդյուսերների շրջանում ի՞նչ է՝ չկա անշահախնդիր մեկը, ջութակահարուհիների պատասխանը լռությունն էր: Այսուհանդերձ, նրանք իրենց ստեղծագործական կյանքից դժգոհ չեն: «Որպես դուետ, մենք սկսել ենք ճանաչված կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի «Բաքոս» ռեստորանում աշխատելով, հիմա էլ մեր գործունեությունը շարունակում ենք սփյուռքահայ Նուբար Ջիվանյանի «Ֆենիշիայում»: Հետաքրքրությանը, թե ռեստորանի հաճախորդների համար որտեղի՞ց են հայթայթում համապատասխան ծրագիր, քույրերից Անահիտը պատասխանեց. «Մեր նոր կարիերայի սկիզբը շատ դժվար էր, գրականություն չկար: Երկրորդ ջութակի պարտիան ինքներս էինք մշակում ու ստեղծագործում: Իսկ հիշյալ երկու ռեստորաններ այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, տաշի-տուշիի կարիքը չկա. նախ՝ տարածքներն են փոքր, մի կողմից էլ արդեն ունենք պոպուլյար ծրագիր՝ Չապլին, Գերշվին, Սինատրա, Ազնավուր, Լեգրան, Կոմիտասից մինչեւ Բաբաջանյան, Խաչատրյան, Ավետիսյան ու ժողովրդագուսանական արվեստ»: Ջութակահարուհիները հավելեցին նաեւ, որ իրենց աշխատատեղերում VIP սրահներ չկան եւ բացառվում է «շաբաշ» կոչվածը: Մեր կիսակատակ հարցին՝ չե՞ն ափսոսում, որ դավաճանել են դասական արվեստին, Անահիտ եւ Գայանե Թոփչյանների պատասխանը կարճ էր՝ ափսոսում ենք: Աղջիկները, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, զրույցի վերջում ասացին, որ պատահում է, երբ իրենց հրավիրում են այս կամ այն համերգին ելույթ ունենալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել