Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՆՔԻՆ ՆԱՅԵԼՈՎ՝ ՄԵՐՕՐՅԱ ԱՍՏՂԵՐԻՆ ԵՆ ՏԵՆՉՈՒՄ

Սեպտեմբեր 18,2008 00:00

Անչափահաս դատապարտյալները Կոպերֆիլդից ազատություն են ուզում

Երեկ արդարադատության նախարարության (ԱՆ) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ իրենց պատիժն են կրում ավելի քան 50 անչափահաս եւ 110 կին (նրանցից 28-ը նախնական կալանքի տակ է), «ՏՐՏՈՒ» հասարակական-մշակութային կազմակերպության շնորհիվ հնարավորություն ունեցան հիմնարկ բերված աստղադիտակի շնորհիվ դիտել աստղային երկինքը: Ըստ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետ Վահան Հակոբյանի՝ միջոցառման նպատակը անչափահաս դատապարտյալների ու կանանց ազատ ժամանակը կազմակերպելն է. «Նմանատիպ բազմաբովանդակ միջոցառումներ կազմակերպվում են տարբեր ժամանակներում՝ համերգների, հանդիպումների տեսքով: Այդպիսի հանդիպումները հետաքրքիր են այն իմաստով, որ բավարարում են դատապարտյալների՝ այստեղ գտնվող համայնքի հետաքրքրասիրությունը կյանքի, ազատության, բնության երեւույթների, գեղեցիկի նկատմամբ: Այս միջոցառման շնորհիվ հնարավոր է, որ տարբեր հետաքրքրություններ առաջանան դատապարտյալների մոտ: Իհարկե, նրանց համար շատ հետաքրքիր կլինի աստղերը դիտելը, որովհետեւ ազատության մեջ գտնվելիս նրանց հազիվ թե այսպիսի հնարավորություն ընձեռված լինի: Մեզ համար կարեւոր է լուծել անչափահաս-դատապարտյալների զբաղվածության խնդիրը: Նշեմ, որ այստեղ գործում է միջնակարգ դպրոց, կա նաեւ մասնագիտական պարապմունքների համար նախատեսված ուսումնարան, որը կազմակերպում եւ անցկացնում է դասընթացներ՝ որոշակի մասնագիտություն սովորելու համար»:

«Առավոտը» Վ. Հակոբյանից հետաքրքրվեց՝ դատապարտյալների մոտ չե՞ն լինում սթրեսային իրավիճակներ. «Սթրեսային պահեր լինում են այն դեպքերում, երբ մարդն առաջին անգամ է այստեղ հայտնվում, իսկ այդ ժամանակ մեր անձնակազմը անմիջական աշխատանք է տանում նրանց հետ՝ իրավիճակը հաղթահարելու համար: Մարդը, երբ առաջին անգամ հայտնվում է այստեղ, իհարկե՝ նա պետք է ընտելանա այստեղի դրվածքին, կյանքին»: «Առավոտի» հարցին՝ դատապարտյալներին աստղեր ցույց տալուց բացի, ավելի լուրջ ու հրատապ խնդիրներ չունե՞ն, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Նրանց գերխնդիրն այստեղ իրենց պատիժը կրելն է: Նրանց համար կարեւոր է, որ իրենց օրն ու ժամանակը բովանդակալից անցնեն ու չստեղծվեն անհարկի պրոբլեմներ եւ որ մենք կարողանանք ապահովել նրանց կապը դրսի ու իրենց ընտանիքների հետ: Նրանք ունեն բազմաբնույթ խնդիրներ, որոնք ավելի կարեւոր են, քան այս միջոցառումը, բայց բոլոր դեպքերում մեր աշխատանքների ամբողջ համալիրը նախատեսված է այն բանի համար, որ կարողանանք նրանց համար տանելի պայմաններ ստեղծել»:

Մեր մյուս հարցին՝ դատապարտյալների ժամանցը կազմակերպելիս վերջիններիս կարծիքը հաշվի առնվո՞ւմ է, եղե՞լ են դեպքեր, երբ նրանց ցանկությամբ «Աբովյան» ՔԿՀ այցելի որեւէ պաշտոնյա, դերասան, Վ. Հակոբյանն ասաց. «Նրանց կողմից միշտ էլ նման ցանկություններ լինում են: Նրանք մեզ առաջարկում են, իսկ մենք միշտ դատապարտյալների խնդրանքը լսում ու հաշվի ենք առնում: Անցյալ տարվա միջոցառումների հիմնական մասը կազմակերպվել է նրանց ցանկությունների հիման վրա»:

«Առավոտն» անչափահաս դատապարտյալներից հետաքրքրվեց, թե ո՞ր դերասանին, երգչին, գրողին կամ պաշտոնյային կցանկանային հրավիրել: Այս հարցում անչափահասների նախասիրությունները տարբեր էին. նրանք երկնքում փայլող աստղեր տեսնելուց բացի, ցանկացան, որ իրենց այցելի Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Թաթուլը, Անջելինա Ջոլին, Ջենիֆեր Լոպեսը: Անչափահասների մի մասն էլ հավելեց. «Ուզում ենք Դեյվիդ Կոպերֆիլդը գա, ֆոկուս անի՝ այստեղից դուրս գանք»: Իսկ այն հարցին, թե ի՞նչն է իրենց պակասում գաղութում, տղաներն ասացին՝ ազատությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել