Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է»

Սեպտեմբեր 18,2008 00:00

\"\"Վստահ է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը

– Պարոն Մարգարյան, հետընտրական շրջանում Դուք տեւական ժամանակ ակտիվ քաղաքական գործունեություն չէիք ծավալում. ի՞նչն էր պատճառը:

– Պատճառի վրա չեմ ցանկանում ժամանակ կորցնել. «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունն իր կառույցներով գործել է, եւ այն մինիմալ հնարավորությունը, որն ունեցել է կուսակցությունը՝ ի գործ է դրվել քաղաքական դաշտում՝ հանուն քաղաքացիական շարժման եւ քաղաքական դաշտի վերջնական կայացման: Իմ քաղաքական պասիվության համար օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան, չեմ կարծում, որ ստեղծված այս բարդ իրավիճակում դրանք էական են:

– Մարտի 1-ին Դուք եղե՞լ եք Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում:

– Այո, ոչ մինչեւ գիշեր, մինչեւ հայտնի դեպքերը, որովհետեւ դեռ փետրվարի վերջերից առողջական խնդիրներ ունեի:

– Իբրեւ պրոֆեսիոնալ զինվորական՝ ի՞նչ գնահատականներ կտաք այդ իրադարձություններին:

– Ես այդ մասին երկար եմ մտածել եւ հանգել եմ նրան, որ մեկ մարդ, անկախ նրա մասնագիտական եւ որակական տվյալներից, չի կարող գնահատական տալ կատարվածին: Դա պետք է անի մարդկանց մի խումբ՝ տարբեր մասնագետներ, ովքեր կունենան կրթական ցենզ, կենսափորձ եւ բարոյականություն, կլինեն բացարձակ անկախ եւ օժտված հատուկ կարգավիճակով: Նրանց դեմ փակ դռներ չպետք է լինեն ոչ մի առումներով: Ռեժիմի ձեւավորած «անկախ պատգամավորական» խումբն ի վիճակի չէ օբյեկտիվ պատասխան գտնել եւ տալ: Մեզ պետք չեն նաեւ տարբեր եվրոպական կառույցների առաջարկած հանձնաժողովները, մեզ պետք են հայ մասնագետներ, ովքեր ոչ իշխանություն կլինեն, ոչ էլ ընդդիմություն, անկաշկանդ եւ անկաշառ: Վաղ թե ուշ ամեն ինչ պարզաբանվելու է: Այս ամիսներն ապացուցեցին, որ ժողովուրդը պատրաստ է արդար եւ իրավական ճանապարհով իր նպատակին հասնել: Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին՝ մարտի 1-ը սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանություն էր, որի պատասխանատուն միանշանակ Ռոբերտ Քոչարյանն է: Սահմանադրությամբ նա է նշանակում ուժային կառույցների ղեկավարներ, որոնք անմիջապես իրեն են զեկուցում, եւ ինքն է որոշում կայացնում. ուրիշ ոչ ոք չէր կարող դա անել: Մյուսների մասնակցությունը երկրորդական խնդիր է, որի պատասխանատվության չափի խնդիրը պետք է դատարանը լուծի:

– Նախագահական ընտրություններից տեւական ժամանակ է անցել, եւ պայքարը շարունակվում է. Դուք տեսնո՞ւմ եք այդ նպատակին հասնելու լույսը:

– Եթե չտեսնեի՝ կդադարեի ապրել եւ գործել: Ճիշտ է՝ հույսը վերջինն է մեռնում, բայց նաեւ հուսադրել ժողովրդին եւ ասել հույսով ապրեք՝ ճիշտ չէ: Ժողովուրդն ուզում է այսօր տեսնել, ինչքան շուտ՝ այնքան լավ՝ նաեւ երկրի ազգային անվտանգության առումով: Հարավ-օսեթական իրադարձությունները, Թուրքիայի հետ մեր հարաբերությունները եւ տարածաշրջանային մյուս զարգացումները ցույց են տալիս, որ մեր գլխին մի շարք սրեր են կախված, այն էլ՝ մազի թելով: Դրանք պետք է վերանան՝ ոչ թե բարաթներով, այլ՝ օրենքներն աշխատեցնելով, տնտեսության, կրթության եւ գիտության վերականգնումով: Տարածաշրջանում մենք պետք է այնքան զարգացած լինենք, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն: Աղքատի, գաղութի հետ հաշվի չեն նստում, իսկ 10 տարի մեր երկիրը գաղութի է վերածվել՝ բոլոր առումներով: Մենք շատ լավ գիտենք նաեւ Տեր-Պետրոսյանի թույլ տված ե՛ւ անձնական, ե՛ւ թիմի սխալները, բայց համոզված եմ, որ այդ սխալներն այսօր չեն կրկնվի: Դա է պատճառը, որ մենք միացել ենք Տեր-Պետրոսյանին, Համազգային շարժմանը, Կոնգրեսին: Նաեւ՝ այդ մարդն այս ծանր պայմաններում քաղաքացիական կամք դրսեւորեց եւ համարձակվեց ասել, որ պետք է համախմբվել սահմանադրական կարգի վերականգնման համար: Դիլետանտները հաճախ հեգնում են՝ ինչպե՞ս եք միացել աջեր, ձախեր, ցենտրիստներ… այսօր սահմանադրական կարգը վերականգնելու, նորմալ պետություն եւ պետականություն ստեղծելու խնդիր է, մնացյալ հարցերը կորոշի ժողովուրդը՝ պառլամենտական, ՏԻՄ ընտրություններում:

– Ի՞նչ կասեք ՀՀԿ-ում ընթացող խմորումների մասին:

– Հայաստանում կուսակցական ինստիտուտ, կուսակցական շինարարություն չկա: Վերջինը կարծես թե Դաշնակցությունն էր, բայց այն էլ մարեց… ՀՀԿ-ի լավագույն ղեկավարները՝ Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, որոնց քննադատել եւ հարգանքով ենք վերաբերվել, եթե նրանք չկան՝ խոսել «Հանրապետական» կուսակցության, գաղափարների մասին՝ չարժե: Այդպես էլ պիտի լիներ: Այսօր Թորոսյանին հանեցին, վաղը կհանեն Հովիկ Աբրահամյանին. այնտեղ շահերի խնդիր կա: Ռեժիմը ինչ-որ կերպ պիտի երկարացնի իր կյանքը, լեգիտիմության հարց լուծի: Ընդհանրապես, Հայաստանին 70 կուսակցություն պետք չէ, պետք են ազգի շահը եւ անվտանգությունը գիտակցող ու վեր դասող ուժեր, որն էլ հիմք կլինի մեր պետականության համար:

– Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը կգնա՞ իշխանությունը պահելու համար տարածքները հանձնելու քայլին:

– Եթե հետեւում ենք թուրքական մամուլին եւ Թուրքիայի նախագահի հայտարարություններին՝ միանշանակ: Դա նոր բան չէ, ժամանակին մենք խոսել ենք Մեղրիի տարբերակի, փարիզյան, քի-ուեսթյան համաձայնությունների մասին, մեզ դավաճաններ էին ասում, բայց ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք: Ինչեւէ, որեւէ մեկը չի կարող արյունով ազատագրված հայրենիքի տարածքը հանձնել թշնամուն: Ժողովուրդը չի հանդուրժի՝ ում որոշումն ուզում է լինի. Եռաբլուրը կշարժվի:

– Հավատո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններին:

– Ոչ: Դա իր եւ իր թիմի երազանքներն են, որոնք տարածվում են:

– Վերջին հանրահավաքին ներկա եք եղել, ի՞նչ տպավորություն եք ստացել:

– Ժողովրդի ոգին եւ վճռականությունը կա, եւ դա է որոշիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել