Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ռադիոընկերություննե՞րը, պարոնայք…

Սեպտեմբեր 19,2008 00:00

Կազուս «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի այդ կազուսը ես նկատել էի դեռ առաջին ընթերցումից առաջ, սակայն ձայն չէի հանում՝ երկու նկատառումներով. նախ՝ «տեսնես այն մոտ 70 «կոճակսեղմիչների» մեջ կգտնվի՞ գեթ մեկը, որ կկարդա այդ նախագիծը եւ կնկատի կազուսը»,- մտածում էի, եւ երկրորդ՝ սպասում էի պաշտոնական հրապարակմանը, որ դրանից հետո ցույց տամ, թե ինչի կարող է հանգեցնել հապշտապ, այսօրեական խնդիր լուծելուն միտված օրինագիծ մշակելն ու ընդունելը, մյուս կողմից էլ՝ մտածում էի՝ «կարող եմ ասել, բայց դե ինձ լսողն ո՞վ է, հարյուր անգամ առաջարկություն եմ արել, բանի տեղ չեն դրել…»:

Իսկ նկատածս կազուսը ցուցանելու համար, ընթերցողների համբերությունը եւ թերթի սուղ էջերը չխնայելով, պիտի մեջբերեմ արդեն պաշտոնապես հրապարակված օրենքն ամբողջությամբ (մեջբերում եմ ըստ «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N58 (648), 17 սեպտեմբերի 2008, էջ 5, հրապարակման համարը՝ 942):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2008 թվականի սեպտեմբերի 10-ին

942 «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97  օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում: Այն ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (քառակի ընդգծումը իմն է- Մ. Հ.), որոնց լիցենզիայի գործողու֊թյան ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը»:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2008 թ. սեպտեմբերի 12 Երեւան ՀՕ-137-ն

Ընդգծումս կարդալուց հետո երեւի հասկացաք, թե որն է կազուսը. ըստ արդեն հրապարակված եւ սեպտեմբերի 27-ից գործողության մեջ մտնող օրենքի՝ լիցենզիայի գործողության ժամկետը երկարացնելու հայտ կարող են ներկայացնել միայն ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի   հունվարի 21-ը), իսկ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ (որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի   հունվարի 21-ը), պարոնայք, ի՞նչ պիտի անեն: Օրենքից բխում է, որ դրանք պիտի դադարեցնեն հեռարձակումները: Օրինակ, «Արձագանք» ռադիոընկերության լիցենզիայի (լիցենզիա N 42) ժամկետը լրանում է 2009 թվականի ապրիլի 12-ին: Նոր մրցույթ չի հայտարարվելու, ռադիոընկերությունն էլ լիցենզիան երկարացնելու հնարավորությունից, ըստ օրենքի, զրկված է, հետեւաբար՝ 2009 թվականի ապրիլի 12-ից պիտի դադարեցնի հեռարձակումը: Ահա եւս մի քանի ռադիոընկերությունների անուններ, որոնց լիցենզիաների ժամկետները լրանում են մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը. «Ար ռադիո միջմայրցամաքային»՝ լիցենզիա N51, ժամկետը՝ 22 ապրիլի 2009, Ռադիո «Հայ»՝ լիցենզիա N 52, ժամկետը՝ 22 ապրիլի 2009, Ռադիո «Վան»՝ լիցենզիա N 55, ժամկետը՝ 30 ապրիլի 2009, Հայ FM՝ լիցենզիա N61, ժամկետը՝ 16 դեկտեմբերի 2009 թ. եւ այլն: Միայն խնդրում եմ, օրենքի հեղինակները հետո չարդարանան, թե «հեռուստաընկերություն» գրելով՝ իրենք նաեւ ռադիոընկերություններն են նկատի ունեցել: Գործող օրենքը հստակ է օգտագործում հեռուստառադիոընկերություն, հեռուստաընկերություն եւ ռադիոընկերություն եզրերը:

Հիմա իմ եզրակացությունը. ինչքան էլ Ներսես Երիցյանը, որպես իսկական Մատրոսով, կրծքով փակի կառավարության քննադատների «հրակնատները»՝ պնդելով, թե օրենքը զուտ տեխնիկական հարցեր է լուծում եւ կապ չունի «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» խնդիրների հետ, արդեն միանգամայն պարզ է՝ սեւեռված լինելով այդ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ մրցույթների հնարավորությունից զրկելու «իդեա ֆիքսի» վրա, կառավարական չինովնիկները մոռացել են, որ կան նաեւ ռադիոընկերություններ: Կազուսը, բնականաբար, չեն նկատել 70 «կոճակսեղմիչները», եւ ամենակարեւորը՝ չեն նկատել նաեւ Բաղրամյան 26-ի իրավաբանները ու դեմ են տվել Սերժ Սարգսյանին՝ ստորագրության:

Ահա այսպիսի անհարմար բան է ստացվել: Իսկ թե ով ումից հաշիվ կպահանջի այս անհարմար վիճակի համար, թող իրենք որոշեն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930