Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատորները նեղել են նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին

Սեպտեմբեր 27,2008 00:00

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ պետք է որոշում կայացներ Ջեյմս Ջեֆրիին Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում հաստատելու հարցով: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, չորեքշաբթի օրը Ջեֆրին հյուրընկալվել էր Սենատում՝ պատասխանելու ամերիկացի օրենսդիրների հարցերին, որոնց զգալի մասը հայ-թուրքական հարաբերություններին ու Հայոց ցեղասպանությանն էր վերաբերում:

Պատասխանելով հանձնաժողովի նիստը նախագահող՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության նախկին թեկնածու Ջոն Քերիի հարցերին, ամերիկացի դիվանագետը հայտարարել է. «Ամերիկյան վարչակազմը ճանաչում է, սգում եւ խստորեն անհանգստացած է այն պատմական փաստերով, որոնք դուք բնութագրեցիք որպես մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանություն եւ բռնագաղթ. իրադարձություններ, որոնք տեղի ունեցան Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին»: Դիվանագետի խոսքերով՝ պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի հայ-թուրքական հաշտեցում տեղի ունենա:

«Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանն աջակցելու է պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու՝ թուրքական կողմի առաջարկին»,- Քերիի այս հարցին Ջեֆրին արձագանքել է. «Մենք կաջակցենք ցանկացած քայլի, որի շուրջ երկու կողմերը համաձայնության կհանգեն, այդ թվում այնպիսի գործընթացների պարագայում, որոնք կօգնեն թափանցիկ ու լիարժեք կերպով քննության առնել նախորդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները»:

«Եթե Թուրքիան որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, արդյոք Միացյալ Նահանգները կհետեւի՞ Անկարայի օրինակին»,- դեսպանի թեկնածուին հարց է ուղղել Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով մոտ մեկուկես տարի շարունակ արգելափակված էր պահում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նշանակման գործընթացը: Ի պատասխան՝ Ջեֆրին հայտարարել է, թե «չի կարող պարտավորություն ստանձնել, ասելով, թե ապագայում ամերիկյան վարչակազմն այս կամ այն քայլին կդիմի»: «Այսօրվա մեր քաղաքականության հիմնական շեշտը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա է դրված»,- ասել է դիվանագետը:

Մենենդեսը Ջեֆրիին խնդրել է նաեւ մեկնաբանել պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի՝ 2007-ի աշնանն Անկարայում արած հայտարարությունը, որով նա ափսոսանք էր հայտնել Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւին հավանություն տալու առթիվ: «Արդյոք դուք էլ հասնելով Անկարա՝ ձեր ափսոսա՞նքը կհայտնեք Կոնգրեսի նման պահվածքի առթիվ»,- հարցրել է Մենենդեսը: «Ես երբեք նման ափսոսանք չեմ արտահայտել եւ չեմ արտահայտի: Կոնգրեսն ամերիկյան իշխանության իրավահավասար եւ անկախ թեւերից մեկն է եւ արժանի է ցանկացած մարդու հարգանքին»,- հակադարձել է ամերիկացի դիվանագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել