Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՌՆՈ ԳՐՈՂՆԵՐ ՈՒ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"\"Ըստ Գրողների միությունից հեռացված Աբգար Ափինյանի, այսօր նրանք են ասպարեզում

Օրերս Հայաստանի գրողների միությունից հեռացվել են «Նոր դար» ընկերության ղեկավար Աբգար Ափինյանը եւ նույնանուն ամսագրի խմբագիր, բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը: Ա. Ափինյանի վկայությամբ, իրենց հեռացրել են նախագահության նիստի որոշմամբ, որի իրավունքը չունեին, քանի որ դա վարչության որոշելիքն էր, «մեղադրյալներն» էլ պետք է ներկա գտնվեին: Հայաստանյան իրականության մեջ նման դեպք եղել է 1935-ին, երբ Գրողների միությունից հեռացվել է Չարենցը, կամ ռուսաստանյան իրականության մեջ՝ Պաստեռնակն ու Սոլժենիցինը: Փաստորեն, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանն ակամա հաճոյախոսություն է արել ՀԳՄ՝ իր համար անտանելի արդեն նախկին անդամներին: «Սա ավելին է, քան վերադարձ 37 թվական,- կատարվածն այսպես է գնահատում Ա. Ափինյանն ու հավելում,- ամեն ինչ սկսվեց 2005-ից, երբ Լեւոն Անանյանը «Նոր դար» ամսագրից վերցրեց չորս սենյակները, պատճառաբանելով, որ միությունը փողի կարիք ունի, ինքը սենյակները պիտի վարձով տա: Անցյալ տարի մի քանի անգամ հենց իր կաբինետում բանակցել եմ, սակայն ոչ մի արդյունք: Փաստորեն, գրողներին վտարում են իրենց միությունից, տարածքի մի հատվածում զանազան ՍՊԸ-ներ բիզնեսով են զբաղվում… Ապա այս ամենին հաջորդեց 2007-ին «Գրական թերթին» տված ամանորյա հարցազրույցը, որտեղ Անանյանը վիրավորական արտահայտություններով էր խոսել իմ հասցեին եւ բացահայտ ստեր ասել Ալեքսանդր Ղումաշյանի մասին: Օրինակ՝ այն, որ Ղումաշյանն իբր ներխուժել է իր կաբինետ եւ մրցանակ է պահանջել: Մենք հինգ-վեց հոգով ենք եղել, մրցանակների մասին խոսել է Մանասէն, իսկ Ալեքսանդր Ղումաշյանը խոսել է «Նոր դարի» տարածք չունենալու ու դժվարությունների մասին… Դատի ենք տվել Անանյանին, որովհետեւ, կարծում ենք, որ «Գրական թերթը» սուտ ու կեղծիք տպագրելու համար չէ…»:

Ա. Ափինյանին հարցրինք՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց իրենք հեռացվեցին: «Գաղտնիք չէ, որ շատերն են դժգոհ ու ստորագրահավաք է սկսվել Գրողների միության արտահերթ համագումար հրավիրելու համար: Չեմ թաքցնում՝ ես ու Ալեքսանդր Ղումաշյանն էլ ենք ստորագրել այդ փաստաթղթի տակ: Համարում եմ, որ կատարվածը հաշվեհարդար էր նրանց հանդեպ, ովքեր կարող են պահանջել համագումար՝ քննարկելու համար Գրողների միության խնդիրները: Ի դեպ, մեր արածի մեջ որեւէ հանցակազմ չկա, ՀԳՄ կանոնադրությունը դա նախատեսում է…Վերջին տարիներին տաղանդավոր գրողները վտարված են Գրողների միությունից: Ինձ համար անհարմար է, որ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Վրաստանից գրողներ են գալիս եւ ո՞ւմ են տեսնում միությունում՝ Լեւոն Անանյանին ու ՍՊԸ-ներին: Ախր մենք շատ բարձր գրողներ ունենք, սակայն չի խոսվում այն ստեղծագործական ձեռքբերումների մասին, որ Ռազմիկ Դավոյանն է հրապարակ հանում, Լեւոն Խեչոյանը, Արտաշես Արամը, Ալեքսանդր Ղումաշյանը, մյուսները, փոխարենը տպագրված անթոլոգիայում Լեւոն Անանյանն է ու մի քանի իր նմանները»,- ասաց «Նոր դարի» ղեկավարը: Քիչ անց էլ մանրամասնեց. «ՀԳՄ նախագահության, վարչության նիստերին իմ հարցը քննարկվել է, բայց ես ներկա չեմ եղել: Վարչության նիստում ներկա չի եղել վարչության անդամ Ռազմիկ Դավոյանը, այսինքն՝ ընտրովի խաղեր են խաղացել իրենց նպատակին հասնելու համար: Հասկանում եմ՝ ինչու չեն հրավիրել ինձ, որովհետեւ, եթե հրավիրեին, պիտի մի քանի հարցեր տայի: Օրինակ, ինչպե՞ս կարելի է պետական մրցանակ շնորհել «Հացով, պցով, 06-ով» տողի համար (հեղինակը Դավիթ Հովհաննեսն է- Գ. Հ.), ես այս հարցը ՀԳՄ նախագահությանը եւ անձամբ Անանյանին պիտի տայի: Մի հարց էլ պիտի տայի՝ ինչպե՞ս եղավ, որ նախորդ մրցանակը բաժին հասավ ավելի սարսափելի գրողի՝ կաշառակերության համար համալսարանից հեռացված Արտեմ Հարությունյանին, որը գրել է սեքսի զգացում չունեցող աղջկա մասին եւ հաճախ է օգտագործում «յուր հեշտոց» արտահայտությունը… Ախր սա վարկաբեկում է գրականությունը… Ահա թե ինչու ինձ չեն հրավիրել նիստերին, որովհետեւ գիտեմ, որ Գրողների միության նախագահի աթոռը Անանյանի տեղը չէ, ինքը այդտեղ վատ է զգում, չի հասկանում՝ ինչպես անի, ոնց կազմակերպի որեւէ բան… Այսօր գրողի ուսին այնքան վիթխարի պարտականություն կա, բայց ամեն ինչ թողած՝ անհասկանալի հարցեր են քննարկում գլոբալիզացիայի մասին, որը հայ գրականության ներկա խնդիրների հետ բացարձակապես կապ չունի»: Ա. Ափինյանի կարծիքով, կարիք չկա միությունից հեռացնել մարդուն, որը հետաքրքրվում է հարազատ միության բյուջեով, քանի որ դա յուրաքանչյուր անդամի իրավունքն է. «Գրական հիմնադրամի, պետպատվերի եւ, վերջապես, Գրողների միության դռները գրողների առաջ փակ են, քանի անգամ փորձել եմ Անանյանից պարզաբանում ստանալ՝ չի հաջողվել: Վերջերս Սփյուռքից հյուր ունեինք, որը մրցանակ էր ստացել Իսպանիայում: Ուզում էի նրա հետ հանդիպում կազմակերպել, ինչի համար Լեւոն Անանյանը մեզանից պահանջեց 50 դոլար, եւ սա այն դեպքում, երբ, փառք Աստծո, Գրողների միությունը այլեւս միջոցներ ունի: Մենք բոլորս ուրախ ենք դրա համար, եւ ոչ մի գրող չի ցանկանա, որ միության գործերը վատանան»:

Հիշելով 2001թ. Գրողների միության համագումարը, մեր զրուցակիցն ասում է. «Ամեն ինչ պիտի անենք, որ Գրողների միության հեղինակությունը բարձրանա, բայց՝ առանց Լեւոն Անանյանի: Հենց նա է վարկաբեկում միությունը՝ մի շարք պատճառներով: Առաջին, որ ինքը գրող չէ: Մյուսը, որ 2001թ. համագումարը անցել է սարսափելի կեղծիքներով, մեկ տասնյակից ավելի մասնակիցներ, ովքեր քվեարկել են նրա օգտին՝ Գրողների միության անդամ չեն եղել: Կամ՝ ինչպե՞ս պատահեց, որ 2005 թ. համագումարում կանոնադրությամբ նախատեսված քվեարկության փոխարեն Լեւոն Անանյանն ընտրվում է բաց քվեարկությամբ, եւ հայտնի չէ՝ ովքեր էին այն մարդիկ, որ ձեռք էին բարձրացնում… Չնայած շատերն էին դժգոհ ՀԳՄ քաղաքականությունից, բայց համագումարին հայտարարվեց, որ Անանյանն ընտրվել է միաձայն»: Աբգար Ափինյանը գտնում է, որ Գրողների միության խնդիրն այլեւս զուտ գրական ընտանիքի խնդիր չէ, որովհետեւ ազգային անվտանգության առումով մեծ կարեւորություն է ներկայացնում. «Մեր երկրի վարչապետը, կառավարությունը պիտի այս հարցով մտահոգվեն… Բուծվում են երիտասարդ գրողներ, որոնք կյանքում գրչափորձեր չեն կատարել եւ պատրաստ չեն իրենց վրա կրելու երկրի բախտի պատասխանատվությունը, նրանց չեն ներկայացվում հայ գրականության դասական ավանդույթները, այդ պատճառով էլ երբ հնարավորություն է տրվում արտահայտվելու՝ առաջին քայլը հայհոյանքն է լինում Պարույր Սեւակի հասցեին: Գիտեք, որ Գրողների միությունը շատ լուրջ կազմակերպել էր Սեւակի վարկաբեկման գործընթացը՝ հայտարարելով, թե նա այլեւս դասական չէ ու ԿԳԲ-ի լրտես է: Անգամ Սերգեյ Սարինյանը գիրք է գրել այդ մասին, նկատի ունեմ նրա «Ի հեճուկս»-ը: Այսօր մեր գրականությունը մի մարդու պատճառով տրորվում է կոպիտ ոտքերով, ունենք բազմաթիվ տաղանդավոր գրողներ, որոնցից մեկը գլուխը կախ, զզված այս ամենից, մտածում է՝ ոնց միջոցներ ճարի տունը պահելու համար, մյուսը Էջմիածնում հող է մշակում՝ գիրք գրելու փոխարեն…»: Անդրադարձ եղավ նաեւ Գրողների միության ծաղկաձորյան տանը ՀԳՄ անդամների հանգստանալու իրավունքին: «Վերջին անգամ 2-3 տարի առաջ եմ հանգստացել այնտեղ: Շատ վատ սենյակ հատկացվեց, դա մոտավորապես նշանակում էր՝ այստեղ այլեւս չգալ: Կամ փորձե՛ք ՀԳՄ պոլիկլինիկայից օգտվել՝ ատամդ սարքելու փոխարեն կջարդեն, ինչպես ինձ հետ եղավ… Այսինքն՝ կամաց-կամաց գրողներին հեռացնում են իրենց օջախից, ու ամեն ինչ ծառայեցվում է մի նպատակի՝ Լեւոն Անանյանը մնա իր պաշտոնում: Իսկ նա, գրող չլինելով, օրգանական ատելություն ունի տաղանդավոր անհատականությունների հանդեպ: Լեւոն Անանյանը տանում է «գազոնային» քաղաքականություն, մի բան, որի դեմ գրողների համագումարում ժամանակին խոսել էր Պարույր Սեւակը: Այդ մարդը չի սիրում անտառ, չի սիրում մենակ ծառեր, համահարթեցում է սիրում, որ բոլորը բոլորին հավասար լինեն, դրա համար էլ ժողովուրդը գիրք չի կարդում, այսօրվա գրողի անուն չգիտի»,- ասում է Ա. Ափինյանը:

1996-2001թթ. Գրողների միության քարտուղար աշխատած Ա. Ափինյանը փաստում է, որ Հրանտ Մաթեւոսյանի նախագահ եղած ժամանակ այլ էր վիճակը. «Երջանկահիշատակ Հրանտ Մաթեւոսյանի օրոք, որի մասին Գրողների միության կողմից ուղղորդված որոշ գրչակներ հայհոյանքներ տպագրեցին «Գրական թերթում», ճիշտ է՝ կային ֆինանսական դժվարություններ, բայց ամեն պահը ենթադրում էր գրականության արժեւորում: Հրանտ Մաթեւոսյանը գրողին գնահատելիս չէր սխալվում, երբեք միջակությունը նրա օրոք չէր թագադրվում: Մաթեւոսյանի օրոք գրողները ամենաբարձր դիրքում էին, իսկ հիմա ասպարեզում են կա՛մ պոռնո գրողները, կա՛մ միջակությունները, որովհետեւ դա է Անանյանի սկզբունքը: Ի դեպ, նա չի էլ թաքցնում դա, ասելով, որ Գրողների միությունը դասականների տեղը չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել