Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի ինձ մի օր կներես»

Հունվար 22,2009 00:00

Մարինեից ընտանիքը հրաժարվել է, ինչ է, թե՝ նրան փախցնելուց հետո լքել են, ու նա հետ է եկել

«Նա ինձ շատ էր սիրում, ու ես հավատում էի նրա ամեն մի խոսքին: Այդ ժամանակ կյանքն ինձ գունավոր մի երազ էր թվում: Սակայն հիմա իմ կյանքի ամեն մի ակնթարթից հիասթափվել եմ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 17-ամյա Մարինեն: Երկու տարի առաջ Մարինեն սիրահարվել է, եւ այդ սերն էլ դարձել է նրա դժբախտության պատճառը: «Վիգենը մորաքրոջս հարեւանն էր: Առաջին անգամ տեսա ամառային արձակուրդներին, երբ հանգստանում էի մորաքրոջս տանը: Առաջին հանդիպումից երկուսիս հետ էլ ինչ-որ բան կատարվեց: Այնտեղ անցկացրած 2 շաբաթները դարձան մեր սիրո սկիզբը»,- պատմեց Մարինեն: Նրա խոսքերով, իր սիրած տղան՝ Վիգենն, արդեն ավարտել էր դպրոցը, ինքն էլ դեռ 9-րդ դասարանում էր. «Մեր կապը ծնողներից գաղտնի էինք պահում: Ամեն երկուշաբթի Վիգենը գալիս էր ինձ տեսնելու, այդ օրերն ինձ համար դարձել էին երջանկության օրեր: Սակայն եկավ մի ժամանակ, որ Վիգենը շատ զբաղված էր եւ չէր կարողանում ամեն երկուշաբթի գալ: Իսկ հետո շատ փոխվեց: Լինում էր՝ ամիսը մի անգամ էինք հանդիպում, ու ամեն անգամ ասում էր, որ էլ չի կարողանում սպասել: Նա ուզում էր, որ շուտ ամուսնանանք»:

Մարինեի պատմելով՝ ինքն այդ ժամանակ չէր կարող ամուսնանալ. «Ծնողներս կընդդիմանային, եղբայրս էլ հաստատ կսպաներ, որ իմանար: Մի օր պայմանավորվել էինք հանդիպել: Նա միշտ ոտքով էր գալիս, որովհետեւ մեքենա չուներ ու միասին զբոսնում էինք: Բայց այդ անգամ եկավ մեքենայով ու ընկերոջ հետ: Ինձ ասաց, որ գնում ենք մի շատ սիրուն տեղ: Շատ երկար գնացինք ինձ համար անծանոթ ճանապարհներով: Երբ տեղ հասանք՝ ասաց, որ էդ ընկերոջ «դաչան» է: Մի քանի ժամից հասկացա, որ նա ինձ փախցրել էր: 5 օր մնացինք, ինչպես հետո իմացա՝ Աշտարակում էինք: Շատ էի տխրում ու մտածում, թե հետո ինչ է լինելու, որտեղ ենք ապրելու: Ախր ես իր ընտանիքին էլ նորմալ չէի ճանաչում: 6-րդ օրը եղավ ամենաանսպասելին: Ես արթնացա, իսկ Վիգենը չկար: Մտածեցի, որ դրսում կլինի: Երբ սենյակի դուռը բացեցի, որ դուրս գամ, առաջս մի թուղթ ընկավ, որտեղ գրված էր՝ «Երեւի ինձ մի օր կներես՝ Վիգեն»: Սկզբում չհասկացա՝ հետս ինչ կատարվեց: Արագ դուրս վազեցի ու տեսա, որ էն նույն մեքենան հայաթում կանգնած էր, բայց մեջը միայն Վիգենի ընկերն էր: Ասաց, որ 15 րոպեից պատրաստ լինեմ՝ գնում ենք: Մեքենայի մեջ անընդհատ հարցեր էի տալիս ընկերոջը ու լաց լինում, բայց նա մինչեւ վերջ էլ ոչինչ չասաց: Նա ինձ բերեց մեր տուն»:

Մարինեի խոսքերով՝ ծնողները նրան չեն ընդունել. «Հայրս ապտակեց, եղբայրս էլ բարձր գոռգոռաց, եղբորս կինն էլ հեգնանքով նայում էր ինձ, իսկ մամաս մի անկյունում կանգնած համ լաց էր լինում, համ՝ անիծում: Ես ստիպված եղա տնից գնալ»: Մարինեի պատմելով՝ գնալու տեղ չունենալու պատճառով տեղավորվել է Էջմիածնում գտնվող իրենց հողամասի տնակում:

Արդեն մեկ տարի է՝ Մարինեն այդ տնակում է ապրում: Մինչ օրս նրա հարազատները չեն համակերպվում ու այդպես էլ աղջկան չեն ընդունում:

«Հիմա խաղաղվել եմ: Թեկուզ «դոմիկ» է, բայց համարում եմ, որ իմ տունն է: Բախտս մի հարցում բերեց, որ կողքս մի քանի «դոմիկներ» էլ կան, թե չէ աշխարհից ու մարդկությունից լրիվ կտրված էի ապրելու»,- ասաց Մարինեն: Դժվար է ասել, թե Մարինեի բախտը որքանով է բերել: Մարինեի մոր՝ տիկին Աստղիկի խոսքերով, իր աղջկա հարեւան այդ մի քանի «դոմիկներն» ու նրանց բնակիչները Էջմիածին քաղաքում լավ համբավ չունեն: Հետո մայրն արցունքն աչքերին ասաց. «Սեւ լիներ էն օրը, որ աղջիկս գնաց էդ «դոմիկը»: Կողքը լրիվ մարմնավաճառներ են, ինքն էլ նրանց ճանապարհն ա բռնել ու նրանց հետ ա ընկերություն անում: Հերն ասում ա՝ ես աղջիկ չունեմ, ախպերն էլ՝ քուր: Ես էլ ի՞նչ կարամ անեմ՝ մեկ-մեկ թաքուն գնում եմ տեսնելու, բայց որ հերն իմանում ա՝ ինձ էնքան ա ծեծում, որ էլ չասած»: Մարինեն այդ մասին չի ուզում ոչինչ խոսել. «Մեկ-մեկ շատ եմ ատում կյանքը: Էդ պահերին ինձ էլ եմ ատում, ծնողներիս էլ, ախպորս էլ, հարսիս էլ: Ու ամեն անգամ էդ պահերին աչքիս առաջ գալիս է նրա գրածը՝ «Երեւի ինձ մի օր կներես», ու աշխարհից էլ, կյանքից էլ, ամեն ինչից էլ շատ սկսում եմ հենց նրան ատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել