Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

«Ըմբոստ կինը». Գրականության և արվեստի թանգարանում բացվել է Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակին նվիրված ցուցադրությունը

Հոկտեմբեր 10,2026 20:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 10-ին Գրականության և արվեստի թանգարանում «Արդարության նոր մշակույթ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ բացվել է բանաստեղծուհի, արձակագիր և հասարակական գործիչ Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակին նվիրված «Ըմբոստ կինը» ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրությունը կազմված է թանգարանում պահվող Կուրղինյանի հարուստ արխիվային նյութերի հիման վրա: Այն նպատակ ունի վերարժևորելու և լայն հանրությանը ներկայացնելու հեղինակի գրական ու գաղափարական ժառանգությունը: Կուրղինյանն իր ստեղծագործություններում ու հասարակական գործունեության մեջ անդրադարձել է սոցիալական անհավասարությանը, կանանց ազատագրմանն ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հայրենիքի ճակատագրին՝ միաժամանակ բացահայտելով կնոջ խոր ու ազատատենչ հոգին:

«Առավոտի» հետ զրույցում Զարուհի Հովհաննիսյանը պատմեց ծրագրի մտահղացման մասին.

«Ծրագիրը մտահղացել է «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի կողմից։ Դեռ ակտիվիստական ժամանակներից Շուշանիկ Կուրղինյանը մեզ սնուցել է իր ըմբոստությամբ, իր խոսքով, և դա տասնամյակ առաջ, երբ Հայաստանում սոցիալական շարժումները բավական ակտուալ էին, և այս սոցիալական շարժումների մաս էր կազմում նաև ֆեմինիստական պայքարը, կանանց իրավունքների և հավասարության համար պայքարը, Շուշանիկ Կուրղինյանը կարծես մեր ոգեշնչման աղբյուրն էր: Եվ այն ժամանակվանից մենք սպասում էինք մի օրվա, երբ կուսումնասիրվի նրա ժառանգությունը, կդրվի հասարակության առջև և ցույց կտրվի, թե ինչպես են հայ կանայք դեռ դար ու կես առաջ և ավելի սկսել պայքարել իրենց իրավունքների համար, և շատ կարևոր է, որ մենք այս նախագծով առաջին քայլն անում ենք՝ հենց ցուցադրությանը նշելով նաև Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակը:

«Առավոտի» հետ զրույցում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը նշեց.

«Այս ցուցադրությունը կոնցեպտուալ է և պտտվում է երեք կարևոր հարցի շուրջ՝ ո՞վ է Շուշանիկ Կուրղինյանը, ի՞նչ ժառանգություն է թողել և ինչո՞ւ է այդ ժառանգությունն այսօր կարևոր»:

Նրա խոսքով՝ Կուրղինյանի արխիվի մեծ մասը դեռևս անտիպ է ու ուսումնասիրված չէ. բացի հայտնի բանաստեղծություններից, նա թողել է հարուստ արձակ, պիեսներ և նամականի:

Անդրադառնալով ցուցադրության վերնագրին՝ Մարինե Հարոյանը պարզաբանում է.

«Վերնագիրը գալիս է բանաստեղծությունից, և սկզբում մտադրություն է եղել այն դնել «Ես ըմբոստ կին ստացա»։ Ավելի ուշ, կարդալով Մարկ Նշանյանի Շուշանիկ Կուրղինյանի բնութագիրը, պարզ դարձավ, որ ավելի դիպուկ բառազույգ հնարավոր չէ գտնել, քանի որ «ըմբոստ կինն» այն մարդկային տեսակն է, որը բոլորի աչքին անընդունելի ու անընմբռնելի էր թվում։

Ցուցադրության առանձնահատուկ ու ինքնատիպ հատվածներից մեկը Շուշանիկ Կուրղինյանի և նրա ապագա ամուսնու՝ Արշակ Կուրղինյանի անտիպ սիրային նամակագրությունն է: Այս նամակները բացահայտում են կնոջ և տղամարդու փոխհարաբերությունների մի նոր ու ազատ եզրույթ, որտեղ հայ կինն անկաշկանդ արտահայտում է իր զգացմունքներն ու մտքերը: Նախագծի շրջանակում նախատեսվում է առաջիկայում հրատարակել այդ անտիպ նամականին, ինչպես նաև պատրաստել վավերագրական ֆիլմ:

Ցուցադրության ձևավորող նկարիչն է Սարգիս Հովհաննիսյանը, ում ձևավորման շնորհիվ ցուցասրահում յուրահատուկ միջավայր է ստեղծվել՝ ընդգծելով Կուրղինյանի ըմբոստության ու ազատատենչության ոգին: Ցուցադրված տեքստերի, փաստաթղթերի ու լուսանկարների միջոցով այցելուները հնարավորություն ունեն հետևելու հեղինակի կյանքին ու ստեղծագործական ուղուն՝ մանկությունից մինչև հասուն շրջան:

Արգինա ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031