Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքն՝ Ավանի Ծերապարտեզում

Հունվար 28,2009 00:00

Տարեցներն այստեղ ճաշում են, մարզվում, երգում, պարում եւ անգամ՝ մկրտվում

\"\"Ավան Առինջի առաջին միկրոշրջան, թիվ 9 մանկապարտեզի մասնաշենք. սա այն հասցեն է, որտեղ գտնվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կառույցներից մեկը՝ Ծերապարտեզը կամ՝ սոցիալ -վերականգնողական կենտրոնը: Սա ծերանոց չէ, քանի որ 60-ից բարձր տարիքի մարդիկ այստեղ ոչ թե գիշերում են, այլ հավաքվում, ճաշում, շփվում միմյանց հետ, մասնակցում տարբեր խմբակների: Այլ կերպ ասած՝ Ծերապարտեզը թոշակառուների օրն ավելի հագեցած դարձնելու, նրանց՝ բացի թոռնիկներին խնամելուց եւ բակի տաղավարում «նարդի գցելուց» կամ հարեւանուհու հետ օրը մթնեցնելու նպատակով մի քանի բաժակ սուրճ խմելուց, զբաղմունքի այլ հնարավորություն տալու նպատակ ունի:

Կենտրոնի գործունեությունը ֆինանսավորվում է USAID, UNHCR եւ այլ միջազգային կազմակերպությունների, տեղական կառավարման մարմինների կողմից եւ ստանում է ՀՀ կառավարության աջակցությունը:

«Առավոտը» այցելեց Ծերապարտեզ եւ ծանոթացավ այստեղ հավաքված մի քանի տասնյակ պապիկ-տատիկների առօրյային: Նրանք բավականին ուրախացան՝ իրենց «օջախում» հյուր տեսնելով: Կենտրոնի տնօրեն Աշոտ Սարգսյանն «Առավոտին» ցույց տվեց այն սրահները, որոնցից օգտվում են Ծերապարտեզի «բնակիչները»: Օրինակ՝ ամեն չորեքշաբթի բուժկետում ծերերի համար բուժքույրը ընդունելություն է կազմակերպում, ամիսը մեկ էլ տարեցներին բժիշկն է այցելում: Գորգագործության եւ նկարչության սրահում գործում է ծերերի նկարչության խմբակը, համակարգչային ուսուցման սրահում տարեցները ցանկության դեպքում ծանոթանում են այդ հմտություններին, լեզուների ուսուցման սրահում ցանկացողները լեզուներ են սովորում. օրինակ՝ մի քանի վրացահայ տարեցներ հայերեն են ուսումնասիրում: Տարեցներին էլ է պետք գեղեցիկ կազմվածք ունենալ. այդ պատճառով, նախապես բժշկի մոտ հետազոտվելուց հետո, նրանք օգտվում են մարզասարքերից: Գործում է նաեւ վարսահարդարման սրահ, որտեղ նրանք ոչ միայն հարդարում են մազերը, այլեւ՝ սովորում են այդ արհեստը: Նշված սրահներից, ի դեպ, օգտվում են նաեւ Ավան համայնքի սոցիալապես անապահով կամ հաշմանդամ բնակիչները:

Ամռանը սկսվում է տարեցների ակտիվ հանգստի շրջանը, ինչին աջակցում է Ավանի թաղապետարանը: Երբ այցելեցինք Ծերապարտեզ, տարեցները ճաշում էին, հետո սկսեց գրական խմբակի աշխատանքը, որի ժամանակ նրանք, սոցաշխատող Անուշ Յուզբաշյանի հետ, խոսում էին Վիլյամ Սարոյանի կյանքի եւ գործունեության մասին: Մեզ տեղեկացրին, որ այդպիսի զրույցներ են ունենում ոչ միայն գրականության, այլեւ բուսաբուժության, հոգեբանության ոլորտների վերաբերյալ: Ծերապարտեզի բնակիչները «Առավոտին» պատմեցին նաեւ իրեց «պարտեզի» ավանդույթների մասին: Անահիտ Մելիք-Փարսադանյանը պատմեց, որ մեկ տարի առաջ Առինջ գյուղի քահանա տեր Սմբատը կնքել է 5 ծերերի, եւ նրանց կնքահայրն է դարձել Ծերապարտեզի տնօրենը: Մշտապես տոնում են տարեցների ծննդյան հոբելյանները: Մեկ այլ ավանդույթի համաձայն՝ տարեցների պարախմբի անդամների համար բրդյա գուլպաներ է գործում Սուսաննա Թելալյանը, առաջիկայում էլ պատրաստվում են բացել նրա ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:

«Առավոտը» զրուցեց տարեցների հետ մեր երկրի ներկայիս վիճակի, համաքաղաքացիների կողմից ծերերի նկատմամբ վերաբերմունքի եւ այլ թեմաների մասին: Երբ խոսք եղավ ծերերին հարգելու մասին, Օնիկ Բաբայանն ասաց. «Եթե ծերն իրեն տարեցի պես պահի, նրան անպայման կհարգեն: Թե չէ՝ այնպիսի ծերեր կան, որ նույնիսկ սեփական ընկերները չեն հարգում, էլ չեմ խոսում երիտասարդների մասին»: 78-ամյա Ասպատար Դարաբյանն էլ ասաց. «Մեր թաղում ինձ պապի են ասում, օգնում են, լավ են վերաբերվում: Երեւի պատճառն այն է, որ Ավանում դեռ մարդիկ ավանդապահ են: Հատկապես գոհ ենք ճաշարանից, երանի բոլորիս տան անդամներն այդքան հոգատար լինեին»: Հետաքրքրվեցի, թե տատիկ-պապիկներն ի՞նչ ցանկություններ, երազանքներ ունեն: Թամար տատիկն ասաց. «Թող այս ցածր խավի ժողովրդի վիճակը մի քիչ բարելավեն, գոնե թոշակները բարձրացնեն»: Լյովա պապիկն էլ ցանկացավ. «Թող մեր ժողովուրդն այսքան քաղաքականացված չլինի: Այդ վիճակը օգտագործվում է ամեն տեսակի վտանգավոր մարդկանց կողմից, նրանց նպատակն է բամբասանքով քայքայել երկիրը: Բամբասանքը Հայաստանի ամենամեծ վտանգն է»: Վերջում նրանք մեզ ջերմորեն հրաժեշտ տվեցին, պնդելով, որ համտեսենք իրենց մատուցվող սպասից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել