Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐԱՄԱՏԻԿ ՍԻՐՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԳՍԱՇԱՏ ԿԵՆՑԱՂ

Փետրվար 05,2009 00:00

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի խոսքերով՝ բարոյականությունը հոգու մեջ է, ոչ թե ֆիզիկական դրսեւորումների

Իմ կյանքում մեկ անգամ եմ սիրահարվել, դա պատանեկան տարիքում էր, եւ այդ տղան եղբորս ընկերն էր: Դեռ այդ ժամանակվանից բնավորությամբ շատ խիստ եմ եղել ու պահպանողական: Ճիշտ է, շատ մտերմիկ էի, սակայն կին-տղամարդ հարաբերությունների հարցում երկուսի արանքում «պատ» էի դնում, եւ տղամարդիկ ինձնից վախենում էին: Ամուսնուս՝ Արսենի հետ 7-րդ դասարանից միասին ենք սովորել, ու նա, առանց ինձ տեղյակ պահելու, կոնֆլիկտի մեջ էր մտել եղբորս ընկերոջ հետ, նույնիսկ կռիվներ արել ինձ համար: Այդ ժամանակ պիոներպալատում էի երգում, գալիս էր ու ռեժիմով բոլոր տղաներին ծեծում, որ ինձ չմոտենան…

Ես երբեք լիդեր չեմ եղել ու նման հատկություններ էլ չունեմ, բայց թույլ էլ չեմ տա, որ ինչ-որ մեկը լիդերություն անի իմ շրջապատում: Չեմ սիրում առանձնանալ մնացածից ու հիմա էլ այնպիսի բան չեմ անի, որ դիմացինս կարծի, թե ինձ իրենից բարձր եմ դասում… Երբ Արսենն ինձ սիրո խոստովանություն արեց՝ մերժեցի: Իր ասելով, ինձ սիրել է հենց առաջին հայացքից, բայց չգիտեմ՝ նման բան լինո՞ւմ է կյանքում, թե՝ ոչ: Դպրոցական տարիքից սկսած, նա ինտելեկտուալ, կարելի է ասել՝ «Բիթլզ» լսող տղաներից էր եւ դպրոցական երեկույթների ժամանակ սիրում էր այդ երգերի տակ ինձ հետ պարել: Երբ նա հասկացավ, որ իրեն չեմ ուզում, որոշեց գնալ բանակ, որ ինձ մոռանա: Այդ ընթացքում իմ մեջ էլ նման զգացմունքներ առաջացան: Մանկավարժականում էի սովորում, ու նա ամիսը մի քանի անգամ բանակից փախչում- գալիս էր՝ ինձ տեսնելու: Ապարանցի եմ, երեւի դրա համար էլ ուշ հասկացա, որ իմ կյանքի իրական սերը նա է: Հենց այդ ժամանակ գիտակցեցի՝ նախկինում իմ ունեցած զգացմունքը սեր չի եղել ու երբեք եղբորս ընկերոջը չեմ սիրել: Երբ Արսենի հետ 1,5 տարի խռով էի, իրար ետեւից մեր տուն ուզողներ էին գալիս, առիթից օգտվել էին, որ կողքիս սիրած տղա չունեմ, սակայն բոլորին խաբում էի, թե իբր Արսենն իմ կյանքի ընկերն է: Չգիտեմ, այդ ժամանակ էլ ներքին կապվածություն էի զգում: Երկուսս էլ շատ ավանդապաշտ ենք, ամուսնության ժամանակ պահել ենք բոլոր հայկական ավանդույթները…մեր տանը նշանդրեք ենք արել, իսկ 1987 թվականի փետրվարի 14-ին՝ մեծ հարսանիք: Ես, լինելով ասող-խոսող մարդ, միշտ ցանկացել եմ, որ իմ կողքի տղամարդը լինի շատ լուրջ, ծանրակշիռ, որովհետեւ «բամբակե» տղամարդ չեմ սիրել եւ ամուսնուս մեջ հենց այդ արժեքները գնահատեցի: Քանի որ մեծ ընտանիք էի հարս գնացել, մեր տուն եկող-գնացողները շատ էին, ու սկզբում դժվար էր ինձ համար, իսկ երբ տղաս ծնվեց՝ արդեն քնելու մասին էլ մոռացա: Օրը 4 անգամ թարմ ճաշ էի եփում նրա համար: Իմ նկատմամբ այդքան ուշադիր չեմ եղել, բայց երեխաներիս ռեժիմով եմ պահել, այդ պատճառով էլ տարաձայնություններ եմ ունեցել սկեսրոջս հետ… Ես կողմնակից եմ, որ ամուսինները ծնողներից առանձին ապրեն, եթե միասին են ապրում, տղամարդը հանգիստ է լինում, մտածելով, որ կնոջը կողքից կօգնեն, ինքը քաշվում է մի կողմ, ու ընտանիքում «ճեղքվածք» է առաջանում: Տղամարդուն էլ հաճելի չէ, որ իր տանը միշտ մարդիկ լինեն ու չկարողանա իր կնոջ հետ առանձնանա, զրուցել: Բայց այդ ամենից հետո էլ, երբ Արսենի հետ տնից դուրս էինք գալիս, բոլորը մեզ երանի էին տալիս: Ճիշտ է, շատ համբերատար եմ, մի քանի անգամ կներեմ, բայց միանգամից կարող է պոռթկամ ու այնպիսի սկանդալ բարձրացնեմ, որ ոչ մեկը չի պատկերացնի:

Վաճառել մարմի՞նը, թե՞ հոգին…

Արվեստի ասպարեզ վերադարձել եմ շատ վստահ եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ Լեյլային ինչ-որ մեկն է առաջ տարել: Բարոյական արժեքների պատճառով 20 տարի լքել եմ երգարվեստը: Կարծում եմ, բարոյականությունը մարդու հոգու մեջ է, ոչ թե ֆիզիկական դրսեւորումների: Կինը կարող է ֆիզիկապես չդավաճանել ամուսնուն, բայց լինի ամենաանբարոյականն ու ստորը: Սա շատ նուրբ հարց է, եւ այդ պատճառով ամուսինս միշտ իմ կողքին է եղել, ցանկացել եմ, որ նա պատկերացնի իմ գործունեության դաշտը, այդպես ավելի ինքնավստահ էի: Հետո հունի մեջ ընկա, թեեւ մեծ դժվարությամբ, բայց ամուսինս համակերպվեց, որ ամեն բան մարդուց է կախված, եթե նա չուզի՝ իր հետ ոչինչ էլ չի պատահի: Ինչպես բոլոր հայ տղամարդիկ, նա էլ կոմպլեքս ուներ, թե կողքից ինչ կմտածեն: Ես նույնպես վախենում էի, որովհետեւ շատ ստորությունների հանդիպեցի եւ չէի ուզում, որ ինչ-որ բան փոխվի իմ ընտանիքում…

Եթե ամուսնական հարաբերություններում բացակայում է մարմնականը կամ հոգեւորը, ապա դա իրական սեր չէ, ամեն ինչ պետք է լինի ներդաշնակ, իսկ եթե ոմանք ուշադրություն են դարձնում միայն մարմնականի վրա, դա պարզապես ժամանակավոր զբաղմունք է, եւ միմյանցից շատ շուտ հիասթափվում են: Նման դեպքերում ավելի շատ հարգում եմ ազնիվ մարմնավաճառին, որը միայն իր մարմինն է վաճառում, քան այն մարդուն, որը հոգին է վաճառում: Բարեբախտաբար, շրջապատի տղամարդիկ իմ նկատմամբ միշտ բարեհամբույր ու հարգալից են եղել, եւ երբեք անպարկեշտ վերաբերմունքի չեմ արժանացել:

Լեյլան՝ «խոստովանության աթոռին»

Վերջերս ամուսնուս հետ շատ մտերմիկ զրույց եմ ունեցել եւ խոսել ենք, որ կինը այն ժամանակ է իր դերում մնում, երբ պատասխանատվությունը տղամարդն իր վրա է վերցնում: Ես կուզենայի, որ ընտանիքում մի փոքր թուլանայի եւ հարցերի 90%-ը մնար ամուսնուս վրա: Նրան շատ եմ հարգում, որ միշտ ինձ հետ հաշվի է նստում: Մեզ մոտ ներդաշնակությունը, իրար հարգելը բարձր մակարդակի վրա է դրված եւ բախտս բերել է, որ նման մարդու հետ եմ ապրում, այսինքն՝ «քարթու», «ռաբիս» կերպար չէ: Արսենը քիչ խոսող տղամարդկանցից է, ես էլ շատ եմ խոսում: Երջանկությանս չափ ու սահման չի լինում, երբ մեր հայացքներն իրար հանդիպում են ու չենք թաքցնում, քանի որ հասկացված կին եմ եւ պարզ ճակատով եմ ամուսնուս նայում: Ցավոք, նման երկխոսությունների նախաձեռնողը միշտ ես եմ լինում եւ շատ խոսելով այնպես է ստացվում, որ մեղավորը միշտ ես եմ լինում: Միակ բանը, որ ամուսինս երբեք չի կասկածում, իմ՝ նվիրված մայր լինելն է: Չնայած տղամարդու համար ամենակարեւորը սիրված լինելն է, եթե կնոջ ուշադրությունը մի փոքր նվազում է, խռովում են՝ մոռանալով, որ դա փոխադարձ է: Տղամարդիկ ավելի շատ մեծ երեխայի նման են, ամուսինս էլ շատ է խռովում եւ ուզում է միշտ իրենով զբաղվեմ… Այսօր խիղճս հանգիստ է նաեւ իմ որդիների առջեւ: Ավելի լավ է մայրը կախվի, գոյություն չունենա, եթե պիտի իր որդիների առջեւ գլուխը կախի: Իմ ամենամեծ պատիժը կլիներ այն, եթե որդիներս իմ արարքների համար ամաչեին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել