Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻ ԱՍՏՂԵՐԸ՝ ՄՀՀ-ՈՒՄ

Փետրվար 17,2009 00:00

Չորս երկրների պատանի բռնցքամարտիկները հավաքվել են Երեւանում

\"\"
ՌԴ հավաքականի մարզիչ Յուրի Գրաչովը գոհ է Տիգրանի՝
Երեւանում առաջին մրցելույթից:

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի պատանեկան հավաքականների միջեւ միջազգային ընկերական մրցաշարը՝ երկրներ, որոնց դպրոցներն աշխարհում առաջատարներից են սիրողական բռնցքամարտում:

Սա, ըստ էության, հիմնանորոգումից հետո վերագործարկված մարզահամերգային համալիրում զուտ մարզական նշանակության առաջին միջոցառումն է, որին հետեւելու են նորերը, ավելի հեղինակավորները:

Առավոտյան մրցահերթում վիճակահանությամբ հանդիպեցին Ռուսաստանի եւ Ղազախստանի հավաքականները: Այս երկրների հակամարտությունում մեզ հետաքրքրեց Ռուսաստանի հավաքականի միակ հայ ներկայացուցիչ, Եվրոպայի այս տարիքային խմբի վերջին երկու առաջնությունների չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, 52 կգ քաշային Տիգրան Ուզլյանը, որն իր մեկնարկային մարտը միավորներով շահեց Սալաուաթ Միրզաբաեւից: Մենամարտի ավարտից անմիջապես հետո զրուցեցինք Տիգրանի հետ:

– Քանի՞ տարեկան ես:

– Տասնչորս:

– Քանի՞ տարեկանից ես բռնցքամարտով զբաղվում:

– Վեց: Անցկացրել եմ 98 մենամարտ, որից մեկում չեմ հաղթել:

– Որտե՞ղ ես ապրում:

– Կալինինգրադում:

– Առաջին անգա՞մ ես քո նախնիների հայրենիքում:

– Այո: Ու ինձ շատ երջանիկ եմ զգում:

– Ինչո՞ւ:

– Որովհետեւ այստեղ իմ աչքերով եմ տեսնում այն, ինչ պատմում են ծնողներս: Փաստորեն, նրանց պատմածը լրիվ ճիշտ է: Ուզում եմ ավելի լավ ճանաչել Հայաստանը, քանի դեռ այստեղ եմ՝ որքան հնարավոր է շատ շրջել:

– Նախնիներիդ երկրում այսօր տոնեցիր քո առաջին հաղթանակը…

– Իհարկե, ուրախ եմ: Բայց պայքարը նոր է սկսվել:

Տիգրանի մասին խոսեց նաեւ ՌԴ պատանեկան հավաքականի մարզիչ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Յուրի Գրաչովը. «Տիգրանն աշխատասեր մարզիկ է: Նա մեծացել է Աբխազիայում եւ երկար ժամանակ մարզվել Սոչիում: Հիմա Կալինինգրադում ստեղծվող Ռուսաստանի բռնցքամարտի կենտրոններից մեկի սան է: Հասցրել է երկու անգամ իր տարիքային խմբում դառնալ Եվրոպայի չեմպիոն: Իհարկե, հեռանկարային մարզիկ է: Մենք աշխատում ենք նրա նմաններին պահպանել եւ աճեցնել մեծահասակների բնցքամարտի համար: Իսկ թե ի՞նչ կստացվի՝ ապագան ցույց կտա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել