Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրահարված կորեացուց մինչեւ տեղեկատվական պատերազմներ

Փետրվար 20,2009 00:00

Նոր հանրագիտարան

Երեկ «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ «Արեգ» հրատարակչության նոր՝ 104 էջից բաղկացած «Հայաստանի հրաշալիքները» մանկական հանրագիտարանի շնորհանդեսը: Վերամշակված հրատարակությունը ոչ միայն հարստացված է նոր բառահոդվածներով, այլեւ աչքի է ընկնում հաճելի եւ արտահայտիչ ձեւավորմամբ: Հանրագիտարանն ունի 4 բաժին՝ «Հնագույն շրջան», «Միջնադար եւ քրիստոնեություն», «Բնություն եւ կենցաղ», «Նորագույն շրջան»: Ըստ «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանի. «Ի տարբերություն «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանի, որը սոցիալիստական ռեալիզմի ոգով էր գրված եւ հոդվածները շատ մակերեսային էին, այս հրատարակությունը թեպետ նախատեսված է դպրոցական տարիքի երեխաների համար, բայց կարդալով համոզվեցի, որ այն հետաքրքիր կլինի 4-ից մինչեւ 70 տարեկանների համար»:

Գրքի մտահղացման հեղինակ եւ հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանն ասում է. «Հանրագիտարանն իր մեջ նաեւ այս գաղափարն ունի՝ հանդիսանում է հայրենասիրության ոգով դաստիարակելու լավագույն միջոց»:

Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սիրահարվել է

\"\"Ջոնգ Վիկտորին Յուն (Հարավային Կորեա), որը փետրվարի 13-ին ղեկավարեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, իր իսկ ցանկությամբ կղեկավարի նաեւ փետրվարի 21-ին: «Խախտել եմ համերգային գրաֆիկս… հայերիդ հյուրընկալությունը եւ երաժիշտների պրոֆեսիոնալիզմը գերել են ինձ: Սիրով կղեկավարեմ համերգը:

Ի դեպ, այդ օրը ես հնարավորություն կունենամ ներկայանալ նաեւ իբրեւ կոմպոզիտոր»,- հայտնեց Ջոնգ Վիկտորին Յուն:

Ս. Դ.

Դիմագրավենք պատերազմներին

Տեղեկատվական պատերազմները սպառնում են Հայաստանին, ինչպե՞ս դիմագրավենք հակահայկական քարոզչությանը. երեկ նորաբաց «Առանցք» վերլուծական կենտրոնում այս թեմայի շուրջ զրուցեցին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ այլք: Ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի, «Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կողմից տեղեկատվության ծավալների ինտենսիվությունը նկատի ունենալով, հայ փորձագետները ահազանգում են, որ Հայաստանը հաճախ պարտություն է կրում տեղեկատվական պատերազմներում: Հայ փորձագետներին խորհուրդ կտայի այդքան չդրամատիզացնել իրավիճակը: Միայն այն փաստը, որ Հայաստանը գտնվում է տեղեկատվական պատերազմների կիզակետում, արդեն իսկ բավ է: Փաստում եմ՝ երեւի թե քիչ երկրներ կան, որոնք ներգրավված են այս տեղեկատվական պատերազմների դաշտում»: Հակահայկական քարոզչությամբ զբաղվող հարեւան պետություններից Գ. Հարությունյանն ընդգծեց թուրքական կողմին. «Ես կառանձնացնեի մեկ այլ ռազմավարական տեղեկատվական պատերազմը, որը թերեւս ավելի շատ արվում է ոչ այնքան ադրբեջանական կամ վրացական, որքան թուրքական կողմից: Սա իմաստային պատերազմ է, որը հետապնդում է ավելի խորքային նպատակ՝ հասնել նրան, որ Արեւմտյան Հայաստանը «մեր հայրենիք» չասենք: Սա լուրջ, ակադեմիական հետազոտությունների արդյունք է, որովհետեւ նրանց կողմից խնդիր է դրված ինտելեկտուալ ձեւով հաղթել իրենց հակառակորդին, որը տվյալ պարագայում մենք ենք: Այսինքն՝ ներկայացվում է, որ Արեւմտյան Հայաստան հասկացություն չկա, հայերն այնտեղ չեն ապրել»: Հ. Ավետիքյանի խոսքով՝ չկա մի մարմին, որն իր ողջ ուշադրությունը կկենտրոնացնի տեղեկատվական պատերազմների եւ դրանց դեմ պայքարելու վրա:

Լ. Շ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել