Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ՝ ՄԱՏԻ ԵՎ ՄԱՏԱՆՈՒ ԱՐԱՆՔՈՒՄ

Փետրվար 20,2009 00:00

Հունվարի 14-ին «Առավոտի» «Նախադեպ դատարանում» հրապարակման մեջ անդրադարձանք ՀՀ քաղաքացիների վեճին: Հայրը՝ Մանուկ Ղազանչյանը, աշխատելով ԱՄՆ-ում, դիմել էր Կոլումբիայի նահանգային դատարան՝ երեխայի խնամքն իրեն հանձնելու համար: Դատարանը բավարարել էր այն: Մայրը՝ Ալինա Չոբանյանը, աշխատելով ու ապրելով Հայաստանում, դիմել էր Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան, հաղթել էր եւ 10 ամսական Լուսինեի խնամքն, ըստ էության, հանձնվել էր իրեն: Փաստորեն, «Առավոտի» ուշադրությունն էր գրավել նույն հարցի կապակցությամբ երկու տարբեր պետությունների դատարանների տարբեր վճիռների կայացումը: ԱՄՆ-ում գտնվող Մանուկ Ղազանչյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ Հաագայի կոնվենցիայի կիրառման խնդրանքով:

Մ. Ղազանչյանը համաձայն չէ ՀՀ դատարանի դիրքորոշման հետ. «Սա ծիծաղելի է, քանի որ շուրջ 1 տարի մենք պայքարում ենք հոր եւ երեխայի իրավունքների խախտման փաստերն արձանագրելու ուղղությամբ: Թե՛ ՀՀ եւ թե՛ ԱՄՆ օրենսդրությամբ մայրը խախտել է հոր իրավունքները` երեխային անսպասելի կերպով կտրելով հորից: Երեխայի մայրը նաեւ խախտել է երեխայի` հոր հետ շփման իրավունքները: Երեխայի իրավունքը՝ ապրել այնտեղ, որտեղ ծնվել է՝ նույնպես խախտվել է»,- հավելում է իրեն իրավազուրկ համարող հայրը:

Ըստ հոր, Հաագայի կոնվենցիայի համաձայն՝ «երեխան չի կարող երկու մշտական բնակության վայր ունենալ», երեխայի մշտական բնակության վայր է հանդիսանում այն երկիրը, որտեղ նա ծնվել եւ ապրել է մինչեւ տեղափոխումը: Լուսինեն ծնվել է ԱՄՆ-ում:

Մ. Ղազանչյանի փոխանցմամբ, Հաագայի կոնվենցիայի կիրառումը Հայաստանում՝ իր երեխայի օրինակով, նույնպես կօգնի մեր հայ երեխաներին ապագայում: «Որովհետեւ մենք սրանով մեր հասարակությանը կլուսաբանենք ծնողների «հավասար իրավունքների» գաղափարը, կլուսաբանենք, որ մենք պետք է օրենքի տառով շարժվենք եւ ոչ թե կամայականությամբ: Երեխան զրկվում է իր ծննդավայրում ապրելու հնարավորությունից միայն մեկ պատճառով, որ մայրը չի կարողանում ԱՄՆ-ում աշխատել, ապրել եւ որ մորը ավելի լավ է իր բարեկամների հետ լինել: ՀՀ ընտանեկան օրենսգրքում որտե՞ղ է այսպիսի բան գրված»,- հավելում է Համաշխարհային բանկում աշխատանք ունեցող հայրը: Ի դեպ, Հայաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, վավերացրել է Հաագայի կոնվենցիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել