Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

Նոյեմբեր 05,2026 16:12 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) առաքելության անդամներին՝ ԿԶԵՀ-ի ենթակառուցվածքային և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Վերա Մատրոսովայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։

Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ գործակցությունն ու Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի համատեղ իրականացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և ԿԶԵՀ-ի ֆինանսավորմամբ։

Նշենք, որ առաքելության անդամներն այս շաբաթ եղել են Սյունիքում՝ ծանոթանալով Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքին։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել շինարարության որակի ու տեմպերի առնչությամբ։ Վերջիններս ներկայացրել են նաև որոշակի նկատառումներ, տեխնիկական առաջարկներ՝ աշխատանքների արդյունավետությունն է՛լ ավելի բարձրացնելու նպատակով։ Հատկապես ուշադրության կենտրունում են եղել կամուրջների, ուղեանցների, փոխհատումների շինարարությանը, դրանց սեյսմակայունությանն առնչվող հարցերը։

Անդրադարձ կատարելով Քաջարանի շուրջ 7կմ երկարությամբ թունելի կառուցման ծրագրին՝ տեղեկացվել է, որ կապալառու կազմակերպությունն առաջիկա ամիսներին կիրականացնի մոբիլիզացիա՝ ամբողջացնելով տեխնիկական միջոցներն ու աշխատանքային թիմը, որից հետո կմեկնարկեն բուն շինարարական աշխատանքները։ Նշվել է, որ նախատեսվում է առաջիկայում կազմակերպել Քաջարանի թունելի կառուցման կապալառուի, տեխհսկողություն իրականացնող ընկերության և աշխատանքների պատվիրատուի համատեղ հանդիպում՝ հստակեցնելու կողմերի հաղորդակցության ու աշխատանքների ձևաչափերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել