«Ես որքանով հիշում եմ ՀԱՊԿ կանոնադրությունը, այնտեղ անդամին հեռացնելու մեխանիզմ չկա։ Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք, ասել ենք՝ մեր անդամությունը սառեցնում ենք, վերադառնալու հնարավորություն էլ չենք տեսնում։ Ընդ որում, ընդգծել ենք, որ մենք սառեցնում ենք և չենք խոչընդոտում աշխատանքներին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Հարցին, որ ստացվում է՝ ՀԱՊԿ անդամության հարցն առկախված է, Միրզոյանը պատասխանեց․ «Բա այսպես ո՞նց կլինի։ Ի՞նչ է փոխվում ձեր կյանքում դրանից՝ առկախված են, թե փակված են, կասեցված են, թե ապակասեցված են ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները։ Ինչո՞ւ եք հարցնում։ Պարզ է, իրավունք ունեք, հարցնում եք կամ հարցը գրել, տվել են, հարցնում եք, բայց ուզում եմ հասկանալ՝ հիմա այսքան տարի մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, ի՞նչ է փոխվել դրանից ձեր կյանքում»։
Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարցին։
«Ես նայում եմ՝ քաղաքական դաշտում քննարկվում է բազայի նպատակահարմարությունը, այդ թվում՝ և ֆինանսական առումով։ Բայց այս վերջին փուլի խոսակցությունը կոնկրետ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Ռուսաստանի Դաշնության նախագահը սկսեց։ Մամուլի ներկայացուցիչների հետ շփման ընթացքում ՌԴ նախագահն ասաց՝ եթե ուզում եք, եկեք ռազմաբազայի մնալ-չմնալու հարցն էլ քննարկենք։ Եկեք քննարկենք, եթե ուզում եք, մենք դեմ չենք»,- ասաց Միրզոյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































