Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագան լավագույն ուսուցչինն է

Ապրիլ 04,2009 00:00 Share

\"\"Արձագանք՝ 17.02.2009 թ. «Առավոտում» տպագրված «Հրատարակիչները դասագիրք գրող են ման գալիս» հոդվածին

Հանրակրթական դպրոցների «Հանրահաշվի» 6-8-րդ դասարանների (այժմ՝ 7-9 դասարանների) դասագրքերի լույսընծայման պահից մինչ այժմ ուսուցիչների կողմից դասագրքերի վերաբերյալ դեռ հնչում են բազմաբնույթ կարծիքներ:

Նախկին (խորհրդային) դասագրքերը ինչքան էլ որ լավն էին, համապատասխանում էին ժամանակի պահանջներին եւ ծառայում էին տվյալ գաղափարախոսությանը, այժմ, ելնելով կրթական համակարգի առջեւ ծառացած հիմնախնդիրներից, պահանջվում են կառուցվածքով ու բովանդակությամբ նոր դասագրքեր։ Մեր սեփական կրթական համակարգը կառուցելու համար մեզ անհրաժեշտ էր ունենալ դասագրքեր՝ գրված հայ երեխաների համար։ Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ստեղծվեցին մի շարք առարկաների գծով նախադեպը չունեցող լուրջ դասագրքեր:

Հատկապես ուզում եմ անդրադառնալ «Հանրահաշիվ»՝ 7-9-րդ դասարանների դասագրքերին: Դասագրքերի հեղինակը՝ հանրահաշվի ճանաչված մասնագետ, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը, լավ ճանաչելով այսօրվա դպրոցը (ուներ իր հեղինակային դպրոցը), կարողացավ կրթական համակարգին ներկայացվող պահանջներին համապատասխան ստեղծել նոր դասագրքեր:

Ավանդական դասագիրքը «աչքի էր ընկնում» անառարկելի ճշմարտություններով, դոգմատիկ շարադրանքով եւ այն ամենը, ինչ կա դասագրքում, պահանջվում էր իմանալ, յուրացնել եւ կատարել: Դասագրքում բավարար ուշադրություն չէր դարձվում սովորողների կարողությունների, հմտությունների եւ տրամաբանական մտածողության զարգացմանը:

Նոր տիպի դասագրքերը,հակառակը, մտածելու, ինքնուրույն դատողություններ անելու են հրավիրում: Դեկլարատիվությունն այս գրքերում գրեթե բացառված է, եւ սովորողի կողմից տվյալ թեման ուսումնասիրելիս մեծ ուշադրություն է դարձվում ապացույցներին եւ հիմնավորումներին՝ մղելով որոնումների, անհատական մտածողության սուբյեկտիվ կառուցման:

Բարձր տեխնոլոգիաների այս դարում աշակերտներն այնքան կարիք չունեն գիտելիքների եւ տեղեկությունների, որքան մտածողության, տեղեկությունների մշակման եւ համագործակցային հմտությունների: Այս նոր դասագրքերի առաքելությունը հենց այս հմտությունների ձեւավորումը, զարգացումն ու ամրապնդումն է: Այդ իսկ պատճառով հատկապես անհրաժեշտ է ընդգծել «Հանրահաշվի լեզուն» 7-րդ դասարանում եւ «Տրամաբանության հանրահաշիվը» 8-րդ դասարանում գրքերի կարեւորությունը եւ անհրաժեշտությունը:

Տասնյակ տարիներ նախկին դասագրքերով (ուր մաթեմատիկան վերածվում էր գրեթե հաշվապահության) աշխատող ուսուցիչների մեծ մասը հանրահաշվի դասագրքերի, հատկապես 6-րդ դասարանի (այժմ՝ 7-րդ) դասագրքի՝ դպրոց մտնելու պահից ըմբոստացան՝ սա ի՞նչ դասագիրք է, մենք չգիտենք, թե երեխաներին ի՞նչ սովորեցնել, օրինակները քիչ են, մաթեմատիկան վերածել են հայոց լեզվի, աշխարհագրության, պատմության եւ այլն։ Միանգամայն հասկանալի էր այդ «ուսուցիչների» անհանգստությունը. նրանք երկար տարիներ, առանց խորանալու մաթեմատիկական ապացույցների ու հիմնավորումների մեջ, լուծել են նույնատիպ խնդիրներ, իսկ մաթեմատիկական հասկացություններով աշխատելու կարողությունները մնացել են երկրորդ պլանում:

Բնականաբար, նոր դասագրքերին համապատասխան, ուսուցիչների համար կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ: Ուսուցիչների մեծ մասը հետզհետե համոզվեց, որ մաթեմատիկայի ուսուցումը բարձրացել է որակական նոր աստիճանի, եւ այս դասագրքերը լիարժեքորեն կարող են ծառայել հանրակրթությանն առաջադրվող խնդիրների լուծմանը: «Շիկացած մթնոլորտը» փոխարինվեց աշխատանքային մթնոլորտի ու ոգեւորության: Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ կա ուսուցիչների մի խումբ, որն այդպես էլ չի ուզում հասկանալ, որ այսօրվա մաթեմատիկայի ուսուցումը միայն խնդիրներ եւ վարժություններ լուծելը չէ: Նկատվեց օրինաչափությունը՝ լավ ուսուցիչը արագ նկատում եւ հենվում է դասագրքի առավելությունների վրա, հետո վերհանում թերությունները, իսկ թույլ ու միջակ ուսուցիչը՝ հակառակը: Դասագրքերի «ճակատագրով» զբաղվողները հատկապես այն ուսուցիչներն են, որոնք իրենց սպառել են, ի վիճակի չեն տեսնելու նորը, առաջադիմականը: Ուսուցիչների հետ հանդիպումների եւ վերապատրաստումների ժամանակ բարձրացված բոլոր արժեքավոր դիտողություններն ու առաջարկները դասագրքերի հեղինակը սիրով ընդունել է, եւ գրքերում արվել են շտկումներ: Տողերիս հեղինակը եւս իր անաչառ կարծիքն է հայտնել նորաստեղծ դասագրքերի վերաբերյալ: Վաղվա դպրոցը պատկանելու է հետազոտող, մանկավարժության արդի մեթոդներին տիրապետող եւ հանրակրթության նպատակներն ու հիմնախնդիրները հասկացող ուսուցչին: Այս ուղղությամբ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները դեռ շատ անելիքներ ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել