Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՊԱՏԿԱՌՈՒԹՅԱՆԴ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱ՛Ն ԴԻՐ, ՏՈ՛»

Ապրիլ 23,2009 00:00

Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մասին

\"\"
Վիլյամ Սարոյանն ու Հրաչյա Հովհաննիսյանը Փարիզում՝ 1972թ.: Լուսանկարը՝ Ա
րա Գյուլերի:

«Առավոտի» ապրիլի 21-ի համարի «Դավոյանը՝ Սարոյանի մասին» հոդվածում անդրադարձ կար Ռազմիկ Դավոյանի հուշագրությանը, որին հետեւել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի արձագանքը: «Պատահաբար թերթից տեղեկացա, որ հասարակությանը որպես գրող ու մարդ ներկայացող ոմն Դավոյան Ռազմիկ հուշեր է գրել Վիլյամ Սարոյանի մասին: Ավելի շատ ստացա այն տպավորությունը, թե Սարոյանն է հուշեր գրել Ռազմիկի մասին, որովհետեւ, քաջ իմանալով վերջինիս, կարող եմ փաստել՝ նա իր հետ պատահած ամեն ինչ ծառայեցնում է սեփական փառքի թմբկահարմանը, իր մասին ինքնահիացական կարծիք ստեղծելուն: Ամենեւին կարիքը չունեմ այդ հուշերին ծանոթանալու, որովհետեւ թերթում գրքից մեջբերված ծիծաղելի ու հակասական մի դրվագը բավական էր. չգիտեմ երբ եւ ոնց Սարոյանը հանկարծ Բեյրութում մեր ալրագլուխ բախտախնդրի լուսանկարի վրա (նկատի ունի Ռ. Դավոյանին- Գ. Հ.) մակագրություն է թողնում՝ դեռեւս ծանոթ չլինելով, այսինքն՝ Վիլյամ Սարոյանը հեռվից հեռու անծանոթ ու անճանաչ ողջունում է մեր «հուշագրին», բայց մի երկու տարի հետո հանդիպելով օդանավակայանում՝ չի էլ ճանաչում, հարցնում է՝ հա՞յ ես… Գրքի շապիկին «հուշագրի» անունը զետեղված է Սարոյանի անունից բարձր, ինքն էլ զետեղված է Սարոյանի կողքին՝ կարծես զուգահեռ է ուզում անցկացնել իր ու գրական եւ մարդկային մեծության միջեւ… Ախր ինքը տասնամյակներ շարունակ սրա-նրա դռանը կապած՝ ընդամենը սպասյակություն, ուղեկցորդություն է արել, եւ դա ներկայացրել որպես անձնական մտերմություն: Այդ ամենին քաջ ծանոթ են գրական աշխարհի մարդիկ»,- ասում է Դավիթ Հովհաննեսը:

Նրան ամենից շատ զայրացրել է Ռազմիկ Դավոյանի հուշագրության հետգրությունը՝ «Վիլյամ Սարոյանը եւ մեր գրական քաղաքականության բարոյականությունը» վերնագրով: Այնտեղ խոսվում է «Անի» հյուրանոցում կազմակերպված մի ճաշկերույթի մասին, որտեղ, ըստ Դավոյանի, այն ժամանակվա Գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանը վիրավորական արտահայտություններ է արել Սարոյանի հասցեին, Հրաչյա Հովհաննիսյանն էլ սատարել է Պետրոսյանին: «Փաստորեն, Դավոյան Ռազմիկը անվայել, անպատկառ ակնարկներ է անում Հրաչյա Հովհաննիսյանի եւ Վիլյամ Սարոյանի՝ երկու մտերիմ ընկերների փոխհարաբերությունների մասին ու այստեղ է, որ ուզում եմ ասել՝ չափդ ճանաչիր, տո՛, ստիդ ու անպատկառությանդ սահման դիր… Այդ երկու սուրբ անունները այն մարդիկ չեն, որոնց վրա դու խաղեր տաս, այն էլ հետմահու: Սա ի՞նչ նեկրոֆոբիա է, ո՞նց ես համարձակվում կյանքից հեռացած մարդու հետեւից թույն ու թարախ թափել տասնհինգ տարի հետո, երբ այդ մասին բացարձակորեն ոչինչ չես ասել ո՛չ հորս կենդանության օրոք եւ ոչ էլ ինձ… Այդ խնջույքի մասին հայրս էլ է գրել Սարոյանի մասին իր հուշերում, ներկայացրել վավերական իրականությունը: Այո, իսկապես, Վարդգես Պետրոսյանի կողմից կոպիտ ելույթ եղել է. պատճառն այն էր, որ Վարդգեսի անունը Սարոյանը չի հիշատակել իր մի կենացում: Հրաչյա Հովհաննիսյանը հուշերում իր բացասական վերաբերմունքն է հայտնում Վարդգեսի անվայել պոռթկումի մասին, միաժամանակ նշելով, որ նրան նման անհանդուրժողական դրսեւորումները հատուկ էին… Եղել է մի շատ սովորական դրվագ, ու անպատկառ «հուշագիրը» դա սարքել է մատի փաթաթան՝ ցույց տալու համար, որ ինքը եւ իր մտերիմները խմբով դուրս են եկել Սարոյանի հետ ու գնացել, ինչպես ինքն է ասում՝ փչացած տրամադրությունները դզել-փչելու: Ի դեպ, այդ գիշեր հայրս Սարոյանի հետ է անցկացրել, զրուցել են մտերիմ ընկերները եւ անգամ չեն էլ հիշել տհաճ միջադեպի մասին»,- շարունակում է բանաստեղծը:

Դավիթ Հովհաննեսը վստահեցնում է, որ Սարոյանը լավ գիտեր բանաստեղծ Հովհաննիսյանին, վկան՝ հոր հուշերը. փարիզյան մի հանդիպման ժամանակ, օրինակ, Սարոյանը հետաքրքրվում է, թե ինչ նոր բանաստեղծություն է գրել Հրաչյա Հովհաննիսյանը, վերջինս էլ կարդում է «Սովետական գրականություն» ամսագրի հունիսյան համարներից մեկում տպագրված «Ինչու եմ ծնվել» բանաստեղծությունը: Սարոյանը նախ խնդրում է դանդաղ արտասանել, որ հասկանա, ապա, որ թղթի վրա գրի ու իրեն տա: «Թե ինչ էր անում հավուր պատշաճի գրված այդ թղթիկները, որ մշտապես գցում էր գրպանը՝ չգիտեմ…»,- գրում է Հրաչյա Հովհաննիսյանն իր հուշերում: Նաեւ նշում է, որ Սարոյանին որպես գրող ճանաչել է դեռեւս 40-ականներից՝ ԱՕԿՍ-ում աշխատած տարիներից. սփյուռքահայ մամուլ էին ստանում, եւ ինքը կարդացել էր Կահիրեում տպագրված սարոյանական ժողովածուն, նույնիսկ նպաստել, որ Դերենիկ Դեմիրճյանը փայլուն գրախոսական գրի: «1960թ. երբ Սարոյանը գալիս է Հայաստան, նրան անհամբեր տեսնել, ճանաչել ցանկացողների մեջ էր նրա կրտսեր գրչեղբայրը՝ Հրաչյա Հովհաննիսյանը: Հայրս իր իսկապես իրապատում հուշերում գրում է բոլոր հետաքրքիր հանդիպումների ու դրվագների մասին, ականատեսներն ու մասնակիցները քաղցրությամբ են հիշում՝ մինչեւ լույս տեւած հանդիպումներն ու զրույցները: Խորհրդային Հայաստանում փոխվել էր Սարոյանի հանդեպ վերաբերմունքը, ու մարդիկ հնարավորություն ունեին ծանոթանալ սարոյանական յուրօրինակ պահվածքին, խոսվածքին… Ամենուր նրա հետ էր Հրաչյա Հովհաննիսյանը, քչերի թվում նաեւ հորս էր անվերապահորեն վստահում: Հետագայում այս ջերմ հանդիպումները շարունակվում են Թբիլիսիում: Սարոյանին այնտեղ եւս ուղեկցել է Հրաչյա Հովհաննիսյանը, որը վրացի գրողների մեջ մեծ համարում, հռչակ ուներ»:

Դավիթ Հովհաննեսը մեկառմեկ թվարկեց հոր եւ Սարոյանի հայաստանյան ու արտերկրյա բոլոր հիշարժան հանդիպումները: Օրինակ, բեռլինյան մի գրական վեհաժողովի ժամանակ հենց Սարոյանն է փնտրում-գտնում Հրաչյա Հովհաննիսյանին. «Հայրս հումորով պատմում էր, որ այնպես ջերմ են փաթաթվել բոլորի աչքի առաջ, որ հանրահայտ գրող Դանիիլ Գրանինը խնդրել է՝ Հրաչյա, ծանոթացրու Սարոյանի հետ: Հայրս ծանոթացրել է, Սարոյանն էլ իր ոճի մեջ ընդամենն ասել է՝ լավ է, լավ մարդ է… ողջ լինես, եղբա՛յր, ու Գրանինին ապշած թողնելով՝ հեռացել»: Փարիզյան մի հանդիպման ժամանակ էլ ոչ միայն քեֆ ու զրույց է եղել, այլեւ հենց Սարոյանի կանչով եկած պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը նույնիսկ հասցրել է մի մտերմիկ պահ որսալ եւ անմահացնել երկու մեծերին:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ 1978թ. Սարոյանի վերջին այցելությանը՝ Հայաստան: «Այդ մասին կուզեմ հենց ինքը՝ Հրաչյա Հովհաննիսյանը խոսի»,- ասաց Դավիթ Հովհաննեսը՝ կարդալով համապատասխան կտորը հոր՝ «Հուշերի երեկո» գրքից:

«Քանի որ Սարոյանն արդեն այլ՝ Սփյուռքահայության հետ կապերի գերատեսչության հյուրն էր համարվում, բնական է, որ առանց հրավերի ես չէի կարող ամենօրյա մասնակիցը լինել նրա ժամանման եւ հյուրընկալության միջոցառումներին: Այդ օրերին հարցրի նրան ուղեկցողներից, կարծեմ, Լ. Մկրտչյանի՞ն, թե՞ Ռ. Դավոյանին.

– Սարոյանն ինձնով չի՞ հետաքրքրվել, չի՞ հարցրել իմ մասին:

– Որքան հիշում ենք՝ ոչ:

– Զարմանալի է,- ասացի ես, գրեթե Սարոյանի պես:

Բայց մի օր ինձ հեռախոսեց Վարդան Աճեմյանը.

– Երեկոյան արի թատրոն, Սարոյանը գալու է իր պիեսի ներկայացումը դիտելու…

Երեկոյան Աճեմյանի առանձնասենյակում սպասում էինք Սարոյանի գալուն: Շուտով լուր տվին, որ գալիս է: Արագ իջանք ցած, թատրոնի մուտքի մոտ… Ինձ տեսնելուն պես՝ բացականչեց.

– Աա՜, Հրաչյա, ո՞ւր ես, եղբայր: Այս չորս օրը կըհարցունեմ քեզի, կըսեն Երեւան չես: Շատ ուրախ եմ, եկուր, եկուր ինձի հետ…

Հարցրել էր… իսկ ինձ ասացին՝ «Որքան հիշում ենք՝ ոչ»… Այսպիսի բաներ…»,- գրում է Հրաչյա Հովհաննիսյանը: Դավիթ Հովհաննեսի բնորոշմամբ, դա մեր օրերում այլ կերպ կորակվեր, բայց Հրաչյա Հովհաննիսյանը չարեց, որովհետեւ դաստիարակություն, կրթություն ուներ. «Իմիջիայլոց՝ կրթության մասին… Շատ կուզենայի էս «հուշագրի» անհայտ հորը, օղորմի իրեն, տեսնեի ու հարցնեի՝ ինչո՞ւ լակոտիդ ականջը լավ չես քաշել, անկիրթ, բռի, երախտամոռ որդի ես մեծացրել՝ ի դժբախտություն հայ գրականության եւ մեր գրական հանրության… Ախր Հրաչյա Հովհաննիսյանը միակ մարդն է, որին Սարոյանը այնքան է համակրել, որ դարձրել է իր «Հառաջ» պիեսի գլխավոր գործող անձանցից մեկը, ուրեմն, էլ ինչի՞ մասին է խոսքը… Սարոյանը եւ Հրաչյա Հովհաննիսյանը այն մարդիկ էին, որ կարող են հանդիսանալ գրական, մարդկային եղբայրության էտալոն: Հայրս ինձ հետ եւ իր հուշերում Սարոյանի մասին միայն մշտական հիացմունքով է խոսել: Հիմա եկել ես, Ռ. Դավոյան, աշխարհից հեռացած մի պատվական մարդու հետեւից թույն ու թարախ ես թափում՝ քո սեփական հարցերը լուծելու համար: Ինչ վերաբերում է քո էջուկեսանոց հետգրությանը՝ «Վիլյամ Սարոյանը եւ մեր գրական քաղաքականության բարոյականությունը», բոլորը քաջ գիտեն, թե ինչ նպատակներ է հետապնդում, եւ որքանով է կապված այսօրվա Գրողների միության աթոռակռվի հետ: Ինչ-որ ճղճիմ, մանր, ոչ գրական հարցեր լուծելու համար մի հետգրություն ես կպցնում, վարկաբեկում մարդկանց, որոնց ոտքի տակի հողն անգամ չարժես: Այ, հարամ լինեն Հրաչյա Հովհաննիսյանի արած լավությունները: Ես կարծում եմ, որ Դավոյանի այս պահվածքին, զազրախոսությանը, որ իր տարերքն է, պիտի գրական հանրությունը գնահատական տա: Սարոյանն ու Հովհաննիսյանը կան ու կմնան իրենց բարձրության վրա, եւ որեւէ նեկրոֆոբ ու մեռելապիղծ չի կարող նրանց հարաբերությունների վրա դույզն-ինչ ստվեր գցել… Շատ եմ զարմանում՝ ինչպե՞ս կարող է խիղճը գրպանը դրած հանգիստ քնել մեկը, որի ողջ կենսագրությունը բաղկացած է սուտուփուտ մոգոնվածքներից, մանրումեծ ստորություններից, սպասյակություններից, ուղեկցորդային գործողություններից: Սուտ է այդ ամենը, ինչպես սուտ է իր գրածը, իր ապրածն ու իր այն կյանքը, որ մեր առջեւ շարունակում է քարշ տալ եւ ծանրանալ երկրի վրա: Թույլ չենք տա սեփական ճղճիմ հարցերը լուծելու համար ընկնել մահացածների ետեւից … Կան մարդիկ, մեկը ես, որ ձեռքերը կկտրենք ու այն ականջը, որ իր հայրը ժամանակին չի ձգել, եւ եթե պետք լինի՝ ուրիշ բաներ էլ կկտրենք… չենք թողնի, որ բախտախնդիր ավանտյուրիստը՝ 40-50 տարի սեփական կենսագրությունը անխոնջ սարքող մեկը, վայրահաչի»,- հայտարարեց Դավիթ Հովհաննեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել