Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՐԱՊԻԱ ԱՄԱՉԿՈՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 23,2009 00:00

Ովքեր խուսափում են հոգեբաններից՝ կարող են զբաղվել պարային թերապիայով

Հոգեբանները սթրեսից ազատվելու բազմաթիվ միջոցներ են առաջարկում՝ քնել, խոսել, շփվել, երազել… Սթրեսից ազատվելու առաջարկ ունեն նաեւ պարուհիները՝ պարային թերապիա: Երկու երիտասարդ աղջիկ, մասնագիտությամբ հոգեբան եւ պարուհի, Հայաստանում առաջին անգամ անցկացնում են պարային թերապիա:

Ի՞նչ է պարային թերապիան, ինչպե՞ս կարող է այն մարդուն դուրս բերել սթրեսից ու դեպրեսիայից: Պարուսույց Էմմա Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում մանրամասնեց. «Պարային թերապիան՝ բուժում է պարի միջոցով: Առաջին անգամ պարային թերապիա անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Ամերիկայում, որով փորձել են մարդկանց ազատել պատերազմի հետեւանքով առաջացած սթրեսից, վախից»: Մյուս պարուսույցը՝ Հասմիկ Ամիրյանը, ավելացրեց. «Պարային թերապիան շարժում է, որը մարմնին ամբողջական զգացում է տալիս, օգնում է հաղթահարել դեպրեսիոն վիճակները, ազատ ինքնադրսեւորման հնարավորություն է ընձեռում: Այստեղ շարժումը դիտվում է որպես հոգեկանի եւ մարմնի ամբողջություն, որպես ազատում ավելորդ քաշից, ռելաքսացիա, յոգա եւ այլն: Սրանք բոլոր այն տարրերն են, որոնք ներառում է պարային թերապիան»: Մեր զրուցակիցների խոսքերով՝ պարային թերապիան իրականացվում է էտապներով՝ մեկ ամբողջ էտապը յոթ ամսվա պարապմունք է: Պարային թերապիան մեծ կապ ունի հոգեբանության հետ: Պարը եւ հոգեբանությունը միասին կարող են անել ամեն ինչ: Ըստ Է. Պետրոսյանի. «Նպատակն է երիտասարդ կանանց եւ աղջիկներին սովորեցնել ազատ շարժվել, զգալ մարմնի ամեն մի մասնիկը, թույլ տալ վերջինիս շարժվել այնպես, ինչպես ցանկանում են…»: Պարային թերապիային կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր աղջիկներն ու կանայք: Է. Պետրոսյանը գտնում է, որ պարային թերապիան քիչ թե շատ գիտակից կյանքով ապրողների համար է. «Դեռ 15 տարեկանն էլ փոքր է, չեմ կարծում, որ 15 տարեկան աղջնակն այնպիսի սթրես ապրած լինի, բարդությունների առաջ լինի, որ կարիք լինի թերապիայի, հոգեբանի միջամտության: Ի վերջո, հոգեբանին դիմելը մեր հասարակությունում այնքան էլ ընդունված չէ, իսկ պարային թերապիայի դասընթացներին մասնակցելը նույնն է, ինչ հոգեբանին դիմելը»: Ինչ վերաբերում է հասարակության վերաբերմունքին, Հ. Ամիրյանն ասաց. «Մի տեսակ բացասաբար են նայում մեր գործունեությանը, հասարակությունը դեռ չի կարողանում ընկալել, որ հոգեբանին դիմել՝ չի նշանակում լինել հոգեկան հիվանդ: Սակայն վերջին շրջանում ասես մոդայիկ են դարձել հոգեբանները: Պարային թերապիան ստեղծված է հասարակության այն շերտի համար, որոնք իրոք ունեն հոգեբանի կարիք, բայց ամաչում են դիմել նրանց»: Է. Պետրոսյանն էլ հավելեց. «Առաջին հայացքից պարային թերապիա անվանումը կարծես գրավիչ է: Երբ հայտարարություն տվեցինք՝ մեզ շատ զանգողներ եղան եւ առաջին հարցը այն է, թե պարային թերապիայով հնարավո՞ր է նիհարել: Միջին տարիքի կանայք պարով զբաղվելը ընդունում են զուտ նիհարելու լավագույն տարբերակ, իսկ երբ բացատրում ենք, որ մենք չենք զբաղվում կազմվածքի «սրբագրմամբ», անմիջապես վայր են դնում հեռախոսը, ինչը ցավալի է: Դրանից հետո զանգում են երկրորդ անգամ, մենք մանրամասն բացատրում ենք, որ զբաղվում ենք ոչ թե պար ուսուցանելով, այլ ռելաքսացիայով, մարդկանց առօրյա խնդիրներից մեկ ժամով ազատելով, զրուցելով, խնդիրներով կիսվելով՝ լուծումներ գտնելով, այսինքն՝ նույնը, ինչ անում է հոգեբանը, միայն թե շարժումների միջոցով»:

Մեր զրուցակիցները պարային թերապիայի մեջ մեծ նշանակություն են տալիս մարդկային բնավորությանը, անձի տիպին: Նրանք նաեւ հայտնեցին, որ պարապմունքներն անցկացնում են երաժշտության ներքո: Հարցին, թե միայն աղջիկների եւ կանա՞նց համար է պարային թերապիան՝ Է. Պետրոսյանը պատասխանեց. «Հայաստանում առայժմ պարային թերապիայի խմբում չեն կարող ե՛ւ աղջիկներ, ե՛ւ տղաներ լինել: Խնդիրն այն է, որ հայ աղջիկները մի փոքր կաշկանդված են, իսկ տղաները, մեղմ ասած, այլասերված: Այսինքն, տղաները չեն կարողանում հասկանալ, որ պարային թերապիան ինտիմի, պոռնոյի հետ բացարձակ կապ չունի: Նրանք ամեն մի շարժման մեջ ինչ-որ այլ բան են փնտրում եւ փորձում դրանից հաճույք ստանալ: Օրինակ, եթե աղջիկը ինչ-որ պարային շարժում է անում, տղաները դրա մեջ էրոտիկա են տեսնում: Սա արդեն խոսում է անլրջության մասին, ինչը կաշկանդում է մեր աղջիկներին եւ զայրացնում մեզ: Տղաները նաեւ լուրջ չեն վերաբերվում պարային թերապիային, մանավանդ որ՝ պարուսույցները երկու երիտասարդ աղջիկ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել