Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԴՐՍԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Հունիս 05,2009 00:00

Կապանցի «տիկնիկները» բարություն եւ մաքրություն են քարոզում, բայց պետական աջակցություն չեն ստանում

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները օրերս Կապանում՝ Սյունիքի մարզային գրադարանում տեղակայված Ամերիկյան անկյունում, հանդիպեցին տարբեր հ/կ ներկայացուցիչների հետ եւ մանրամասն ներկայացրին ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերը, ծանոթացրին դրանցից օգտվելու տարբերակներին: Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրից կարող են օգտվել հասարակական կազմակերպություններն ու տեղական անկախ լրատվամիջոցները: Դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 24 հազար ԱՄՆ դոլար եւ հատկացվում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ուղղված ծրագրերի եւ աշխատանքների իրականացման համար:

Իսկ բուհերում դասավանդող երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիրը հնարավորություն է ընձեռում վերապատրաստվելու ԱՄՆ-ի համալսարաններում: Մշակութային արժեքների պահպանության առաջարկներով հանդես եկող կառույցներն էլ կարող են դիմել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հույս ունեն, որ այսուհետեւ կապանցիները պասիվ չեն լինի ու կօգտվեն ծրագրերից, առավելեւս, որ ճգնաժամը չի անդրադարձել ծրագրերի վրա, ընդհակառակը՝ ֆինանսավորումը կրկնապատկվել է: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մի հարց էր շատ մտահոգում: Իրենք փորձ եւ կրթություն ունեն, բայց անգլերեն լեզվի չիմացությունը շատ խոչընդոտներ է ստեղծում՝ հատկապես միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցելիս, որի ժամանակ ուղիղ շփում է պահանջվում: Նույնիսկ թարգմանիչների առկայությունն էլ հարցի լուծում չեն համարում, քանի որ շատ հաճախ նրանք ճշգրտորեն չեն ասում այն, ինչ հաղորդում է համագործակից մյուս կողմը: Հ/կ ներկայացուցիչները որոշեցին համախմբվել եւ դրամաշնորհային մի ծրագիր ներկայացնել դեսպանատուն, որի հավանության արժանանալու պարագայում անգլերենի մասնագետ կժամանի Կապան եւ անգլերենի ուսուցման դասընթացներ կվարի նրանց հետ՝ ոչ միայն խոսակցական, այլ նաեւ մասնագիտական:

Երեխաների հոգեւոր դաստիարակություն եւ աջակցություն «Տիկնիկ» հ/կ-ն երկու ամիս առաջ փորձել է օգտվել Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրից: Ի՞նչ կապ ունի տիկնիկը ժողովրդավարության հետ: «Շատ հաճախ տիկնիկների ասածը ավելի շուտ է ընկալվում ու ավելի տպավորիչ է լինում, քան սեմինար անցկացնող ինչ-որ մեկի ասածը: Մեր ներկայացումները նվիրված են հիմնականում կոռուպցիոն երեւույթների նկարագրմանը, բնության պաշտպանությանը եւ այլն: Իսկ դրանք արվում են հեքիաթային լուծումներով, իհարկե՝ մեր հերոսներն էլ իրական դեմքեր են: Տիկնիկները վերածվում են կոնկրետ, իրական մարդկանց՝ թագավորների, չինովնիկների, նրանց գործունեությանը զոհ դարձած հասարակ մարդկանց: Տիկնիկների ասածը երեխաները մեծ հետաքրքրությամբ են լսում ու շուտ ըմբռնում՝ ինչ է կոռուպցիան, ինչի համար պետք է բնությունը մաքուր պահել եւ այլն: Բացի այդ, մենք ունենք ներկայացումներ նաեւ մեծահասակների համար: Մի խոսքով, այս ֆոնի վրա փորձեցինք ժողովրդավարական ծրագրեր անել, որոնք իրենց բնույթով, կարծում եմ, առանձնանում են մյուսներից»,- պարզաբանում է «Տիկնիկ» հ/կ նախագահ Գրիշա Մարգարյանը:

Մեկ տարի առաջ ստեղծված այս հասարակական կազմակերպությունը համագործակցում է «Վորլդ-Վիժն Հայաստանի» Կապանի տարածքային զարգացման գրասենյակի հետ: Իսկ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հետ համատեղ փորձում է բարեգործական ներկայացումների միջոցով երեխաների մեջ հոգեւոր սնունդ ներարկել, զերծ պահել աղանդներից եւ քարոզել, թե ինչ է իսկական քրիստոնեությունը, քանի որ այսօր շատ երեխաներ մեծանում են աղանդավոր ընտանիքներում եւ նրանց այլ կերպ են մեկնաբանում Աստվածաշնչում գրվածը: Այս կերպով երեխաները փոքր հասակից ներկայացումների շնորհիվ հոգեւոր դաստիարակություն են ստանում: Գրիշա Մարգարյանը նշում է, որ նախքան ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրից օգտվելու փորձ անելը, ֆինանսական աջակցության հարցով մեկ տարի շարունակ բազմաթիվ դռներ է բախել, բայց՝ անօգուտ: «Տիկնիկային թատրոնը շահութաբեր չէ եւ բիզնես լինել չի կարող: Իսկ ինչից շահույթ չեն կարողանում ստանալ՝ չեն ցանկանում ֆինանսավորել: Հարցը այստեղ բիզնեսն ու փողը չէ: Չպետք է անտեսել ազգային արժեքներն ու ազգային մտածողությունը: Ինձ ամենաշատը այս խնդիրն է հուզում: Այսօր դրսում երեխաները «խանութ-խանութ» են խաղում, ի՞նչ են տեսնում, որ ինչ խաղան: Նրանց ապագայի հարցն է կարեւոր հիմա: Մեծանան կասեն՝ ի՞նչ մշակույթ, ի՞նչ թատրոն, խանութ բացենք, որ փող աշխատենք: Ցավոք, այս տրամաբանությամբ են մեծանում: Այդ իսկ պատճառով Կապանում տիկնիկային թատրոնի գոյությունն ու զարգացումը հիմիկվանից կնպաստի նոր սերնդի մեջ ազգային արժեքների հետաքրքրության առաջացմանն ու դրանց կարեւորմանը»,- նշում է պրոֆեսիոնալ դերասանը:

Այժմ «Տիկնիկ» հ/կ-ն սպասում է ԱՄՆ դեսպանատան պատասխանին, որը դրական լինելու դեպքում, համապատասխան ֆինանսավորում ստանալուց հետո կսկսի իրականացնել ծրագրածը: Իսկ առաջին քայլը, որ պետք է արվի, ծրագիրն իրականացնող իրենց խմբից 5 հաշմանդամներին տիկնիկավարման դասընթացների ուղարկելն է: Տարբեր խմբերի հաշմանդամներին ծրագրի մեջ ընդգրկելով, հ/կ նախագահի ասելով, փորձել են նաեւ նրանց աշխատանքի տեղավորման հարցը լուծել, քանի որ շատ գործատուներ այսօր բարետես աղջիկներին են նախապատվությունը տալիս: Ծրագրին հավանություն տալու դեպքում՝ «Տիկնիկ» հ/կ-ն մեկ տարի շարունակ բարեգործական ներկայացումներ կտա կապանցի երեխաների եւ մեծահասակների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել