Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆ Է

Օգոստոս 04,2009 00:00

\"\"Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը:

Հայաստանն այս մրցումներին ներկայացել էր վեց մարզիկով՝ չորս տղա եւ երկու աղջիկ: Մինչեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանի նվաճած չեմպիոնական տիտղոսի մասին արդեն գրել ենք: Նա պոկում վարժությունում 104 կգ-ով արժանացել է փոքր արծաթե մեդալի, հրումում ճանաչվել առաջինը (133 կգ) եւ երկամարտի 237 կգ-ով դարձել է իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաշվարկում ընդհանուր առմամբ գրանցելով երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Ընդ որում, Սմբատը երկրորդ վարժության իր երրորդ մոտեցումում գրոհել է Եվրոպայի երիտասարդների ռեկորդը՝ 143 կգ, սակայն ծանրաձողը վերցնելով կրծքին, «վերեւում» է ձախողվել: Մասնագետները, սակայն, հավաստիացնում են, որ հեռու չէ այն օրը, երբ Սմբատ Մարգարյանն իրենով կանի Եվրոպայի բարձրագույն նվաճումը:

Նույն օրը երկամարտի 265 կգ-ով մրցահարթակի երկրորդ աստիճան էր բարձրացել 62 կգ քաշային Ռուբեն Մամոյանը, որը մեկ փոքր արծաթ է նվաճել նաեւ հրում վարժությունում (120կգ):

Մեր աղջիկների մրցելույթներից ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը դժգոհ է անգամ այն դեպքում, երբ 58 կգ քաշային կարգում հինգերորդ տեղը գրաված Ալլա Սամվելյանը, այնուամենայնիվ, հրումում 104 կգ-ով հավասարը չի ունեցել:

Լանդսկրոնայում պայքարի վերջին օրը, երբ հանդես էին գալիս գերծանր քաշայինները (+105կգ), վերջին շրջանում իր մասին արդեն բոլոր մրցահարթակներում բարձրաձայն խոսել հարկադրած Ռուբեն Ալեքսանյանը վերածել է հայկական ծանրամարտի մեծարման արարողության՝ նվաճելով միանգամից երեք ոսկե մեդալ. պոկում վարժությունում՝ 175 կգ, հրումում՝ 175 եւ երկամարտում՝ 400: Եվ ամենաուրախացնողն այն է, որ հայ երիտասարդից մրցակիցների նկատմամբ իր բացահայտ առավելությունն ապացուցելու համար յուրաքանչյուր մոտեցման ժամանակ պահանջվել է կատարել անհրաժեշտ երեք մոտեցումներից ընդամենը երկուսը:

Արդեն այս տարիքում նման ցուցանիշներ արձանագրող Ռուբեն Ալեքսանյանը, բացառված չէ, որ այս տարվա աշնանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցի օլիմպիական վարկանիշային մրցում համարվող աշխարհի մեծահասակների առաջնությանը եւ այնտեղ էլ իր ծանրակշիռ խոսքն ասի: Հայաստանի մարզական պատվիրակությունը մրցումներից հետո վերադարձել է Հայաստան: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եղած տեղեկատվությանը հավելեց նաեւ, որ նվաճած մեդալների քանակով եւ որակով մեր տղաների հավաքականը թիմային պայքարում (ընդհանուր առմամբ՝ 9 մեդալ, որից 6-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե եւ 1-ը բրոնզե) դարձել է հաղթող, իսկ աղջիկներինը (1 ոսկե) զբաղեցրել է 6-րդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել