Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք չեք հասկանո՞ւմ, թե՞ չեք ուզում հասկանալ, որ սարսափելի, աններելի բան եք արել. «Փաստ»

Նոյեմբեր 14,2026 10:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախօրեի ճեպազրույցում, անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին, հուզվեց և կիսատ թողեց ասուլիսը: «Շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ու ցավալի է, որ թիրախավորվում են նաև ծառայողները, թիրախավորվում եմ նաև ես, այսքանը»,- հուզված խոսքն ավարտեց Սրբուհի Գալյանը: Նրա խոսքից պարզ դարձավ, որ իր, իր երեխաների, ընտանիքի անդամների հասցեին անեծքներ են հնչել…

Միանգամից ու կտրուկ պետք է ընդգծենք, որ շատ վատ են վարվել նրանք, ովքեր նման բաներ են ասել: Շատ վատ են վարվել: Դա անթույլատրելի է: Ու, կարծում ենք, անիծողներն էլ հեռատես մարդիկ չեն, քանի որ ցանկացած անեծք նաև հետադարձ ուժ ունի: Առհասարակ, այդ առումով քննարկելու բան չկա:

Բայց կան հարցեր: Կան իրողություններ:

Բանտում մարդ է մահացել: Մարդ, ում հանիրավի մեղադրել են, ավելին՝ քպական կոնկրետ գործիչներ, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը շարունակում է հրապարակավ վարկաբեկել արդեն մահացած մարդուն: Ու դա, ամենայն հավանականությամբ, անում է, որպեսզի արդարացնի… մարդուն մահվան մատնելը: Եվ նույն արդարադատության նախարարն իր համաիշխանավոր գործընկերոջը, նաև որպես իրավունքից ու անմեղության կանխավարկածից մասնագիտորեն և ի պաշտոնե ավելի տեղյակ անձ, չի՛ սաստում: Չի ասում՝ այս ինչեր եք խոսում:

Այո, շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ինչպես նշել էր Սրբուհի Գալյանը:

Բայց ինքը, իրենք, բոլորը պիտի գիտակցե՞ն, ի վերջո, որ առանձին-առանձին պատասխանատու և մեղավոր են կատարված ողբերգության համար: Ընդհանրապես, այն ամենի մեջ, ինչ բերում է իրենց իշխանությունը մեր երկրի ու մեր ժողովրդի գլխին:

Վատ են սովորել փաշինյանական պաշտոնյաները, որ նույնիսկ ընդդիմությունն է ընդհանրական ասում՝ «իշխանությունն այսպես, իշխանությունն այնպես»: Այնինչ, իշխանությունը հո վերացական ու անդեմ բա՞ն չէ: Իշխանությունը կոնկրետ պաշտոնյաներ են՝ իրենց անուն-ազգանուններով, իրենց դեմքերով: Իշխանությունն, այո, ընդհանրական սահմանում է: Ու բոլորն էլ գիտեն, կռահում կամ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը պատվեր է տալիս, հրահանգում է կամ կարգադրում՝ անել այս կամ այն քայլը, նետել այս կամ այն «քարը»: Նրա դեպքում ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ պարզ է:

Բայց նրա պատվերները կատարողներ կան, չէ՞… Անվերապահ կատարողներ…

Այդ պատվեր կատարողներից մեկը, այո, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է, նրա ենթակա, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն է, մյուսը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է՝ իր դատախազներով, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է՝ իր «հակակոռուպցիոներներով», մյուսը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն է՝ իր քննիչներով ու հրապարակավ արվող վարկաբեկիչ-մեղադրական, բայց դատարաններում քարուքանդ լինող հայտարարություններով, դեռ չենք խոսում ԱԱԾ-ի ու ՆԳՆ-ի մասին… Ինչպես ասում են՝ և այլն, և այդպես շարունակ:

Ովքե՞ր, եթե ոչ հենց իրենք են կատարում իշխանաբուրգի «վերևից եկող» պատվերները, որոնցով ընդդիմադիր գործիչներին, կոշտ արտահայտություն կամ գրառում անող հրապարակային մարդկանց, նաև բարձրաստիճան հոգևորականներին համատարած կալանավորում ու բանտարկում են, հալածում ու վարկաբեկում են:

Լավ, դուք չեք հասկանո՞ւմ, թե՞ չեք ուզում հասկանալ, որ սարսափելի, աններելի բան եք արել. մարդուն մահվան եք հասցրել, ընտանիք եք դժբախտացրել, երեխա եք անհայր թողել, ի վերջո:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30