Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ՀՐԱՇՔ ԵՆ

Օգոստոս 05,2009 00:00

\"\"Այսօր լուսադեմին WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը վերադարձավ Համբուրգ: Նա նախապատրաստվելու է հոկտեմբերի կեսերին կայանալիք իր հերթական մենամարտին:

«Առավոտը» հրաժեշտի հարցազրույց ունեցավ նրա հետ:

– Առաջին անգամ հայրենիք գալուց առաջ ասում էիր, թե ուզում ես հանգստանալ: Ստացվե՞ց:

– Մասամբ: Բայց ժամանակը շատ շուտ անցավ: Ճիշտ է, այս անգամ բոլոր հարազատներիս տեսնել չհաջողվեց, բայց ոչինչ: Այսուհետեւ ավելի հաճախ կգամ Հայաստան:

Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ Հայաստանում գիտեն ինձ, տեղյակ են իմ մենամարտերից, հաղթանակներից: Բայց իսկապես ճանաչեցին ձեր թերթի շնորհիվ, որը դեռ վաղուցվանից մշտապես հեռախոսակապ էր պահում ինձ հետ, հարցազրույցներ վարում ու տպագրում: Իսկ հիմա էլ հայրենիքումս գտնվելու օրերին շատ բան արեց, որպեսզի նաեւ մյուս լրատվամիջոցների աջակցությամբ ժողովուրդն ինձ արդեն դեմքով ճանաչի, պաշտոնյաներն էլ ընդունեն: Դրա համար շատ շնորհակալ եմ: Գիտեմ, որ «Առավոտը» դարձել է 15 տարեկան: Շնորհավորում եմ ծնունդը: Ես ինձ արդեն ձեր թերթի բարեկամ եմ համարում ու անպայման կգամ անձամբ «Առավոտի» ծննդյան տարեդարձը շնորհավորելու:

– Երեք տարեկանում հեռացել ես Հայաստանից ու 18 տարի հետո առաջին անգամ վերադարձել: Պարզ է, որ հիշողություններդ լավագույն դեպքում աղոտ կարող էին լինել: Հիմա այն, ինչ տեսար, համապատասխանո՞ւմ է պատկերացումներիդ:

– Ճիշտ է, ապրել ու մեծացել եմ Հայաստանից հեռու, բայց հեռակա կապ միշտ եղել է: Ամեն բանից էլ տեղեկացել եմ: Պատկերացնում էի, որ Հայաստանը, Երեւանը շատ գեղեցիկ պիտի լինեն: Եվ ուրախ եմ, որ հենց այդպես էլ կա: Բիբլիական Արարատը, Սեւանա լիճը հրաշք են: Շատ շրջագայել չհաջողվեց: Բայց մի անգամ հասա մինչեւ Ախթալա, որտեղ ասացին, որ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճը եկող տարվա սեպտեմբերին հիմնանորոգումից հետո կկոչեն իմ անունով: Դա ինձ համար շատ հուզիչ անակնկալ էր:

– Իսկ մարդկանց մասին ի՞նչ կասես:

– Շատ լավն են, ջերմ եւ հյուրասեր:

– Հայաստանում ի՞նչը դուրդ չեկավ:

– Երթեւեկությունը: Մեքենաները վարում են՝ ինչպես ուզում են, փողոցն անցնում են որտեղից պատահի, մարդիկ ծխախոտի մնացորդը, պաղպաղակի թուղթը գցում են հենց մայթին, անգամ՝ խոտերի մեջ: Գերմանիայում նման բան չես տեսնի:

– Հիմա խոսենք մարզական ծրագրերիդ մասին: Վերադառնում ես Համբուրգ: Ի՞նչ ես անելու:

– Կփորձեմ մի քանի օր հանգստանալ (ծիծաղում է): Իհարկե, եթե ստացվի: Առաջինը իմ ակումբին, մենեջերին, պրոումոթերին, Գերմանիայի լրատվամիջոցներին պիտի պատմեմ այստեղի իմ տպավորությունների մասին: Հետո արդեն պետք է նախապատրաստվեմ հոկտեմբերի կեսերին նշանակված հերթական մենամարտիս:

– Մրցակիցդ ո՞վ է լինելու:

– Դեռ կոնկրետ հայտնի չէ, բայց գիտեմ, որ ինքն էլ չեմպիոն է: Հիմա ինձ արդեն համեմատաբար թույլ բռնցքամարտիկների հետ մենամարտել չեն թույլատրում:

– Ինչպե՞ս ես կազմում մարզումային պլանդ եւ որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ լինես մարզավիճակիդ գագաթնակետին:

– Սկզբում բարձրացնում եմ ընդհանուր ֆունկցիոնալ եւ ֆիզպատրաստվածությունս, որից հետո անցնում եմ տեխնիկայի հղկմանն ու կատարելագործմանը: Իսկ դրան հաջորդում են արդեն մարզումային մենամարտերը: Մեկ ամսում կարողանում եմ մարզավիճակիս «պիկին» հասնել: Բայց շտապելը ցանկալի չէ: Մեկուկես ամիսը նորմալ է:

Սյուզիի Հայաստան գալու հաջորդ գիշեր թոռնուհուն տեսնելու նպատակով ԱՄՆ-ից Երեւան ժամանեց նրա պապիկը՝ պարոն Հայկը: Չնայած պատկառելի տարիքին (նա այս ամիս կբոլորի 75 տարին), նա բավականին առույգ է եւ ամենուր մշտապես Սյուզիի հետ է: Զրուցեցինք նաեւ նրա հետ:

– Սյուզիի հայրը ասում է, որ ինքը սկզբում դեմ է եղել, որ դուստրը բռնցքամարտով զբաղվի եւ ամեն անգամ մինչեւ մարտի ավարտը ծանր ապրումներ է ունենում: Պապիկները սովորաբար ավելի փխրուն են: Դուք ի՞նչ կասեք:

– Ընտրությունն ինքն է կատարել: Նա սիրել է բռնցքամարտը: Թե դրա մասին ի՞նչ եմ մտածում, միանշանակ դժվարանում եմ պատասխանել: Բայց ասեմ մի ուրիշ բան: Երբ աղջկաս ընտանիքը գաղթեց Հայաստանից, սկզբում գնաց Բեռլին: Որքան տեղյակ եմ, շուրջ մեկ տարի լեզուն չիմանալու պատճառով նրանց վիճակը ծայրահեղ վատ է եղել: Ստիպված գնացել են Մոլդովա եւ մի քանի տարի հետո կրկին վերադարձել, բայց արդեն՝ Համբուրգ եւ որպես անհույս փախստականների, նրանց տեղավորում են Էլբա գետի ափին կանգնած «Բիբի Ալտոնա» նավում: Իմ գիտենալով՝ բռնցքամարտը ընտրելու հարցում մեծ դերակատարություն է ունեցել այն, որ Սյուզին եւ ավագ եղբայրը՝ Միքայելը, սկզբնական շրջանում թմրամոլների ու այլ տականքների հետ հարկադրված ինքնապաշտպանվելու բազմաթիվ պատճառներ են ունեցել. չգիտեմ՝ նավի վրա, թե քաղաքում: Դրա համար Միքայելը գնացել է բռնցքամարտով պարապելու: Եվ քանի որ քույրն էլ կամ միայնակ, կամ պարապ չմնալու համար հետը գնացել է եղբոր մարզումները նայելու, Միքայելի մարզիչը՝ Ֆրանկ Ռեյդը, Սյուզիի առջեւ պայման է դրել. կամ մտնել ռինգ, կամ ոտք չդնել դահլիճ: Ու այդտեղից էլ ամեն բան սկսվել է: Եթե բռնցքամարտը չլիներ, դժվար է ասել, թե աղջկաս ընտանիքի հետ ի՞նչ էր կատարվելու:

– Հիմա Սյուզին Գերմանիայում ամենաճանաչված ու սիրված մարզուհիներից է: Դուք նրա մարտերին երբեւէ ներկա գտնվե՞լ եք:

– Մեկին, թեեւ շատ կուզենայի բոլորին էլ լինել: Տարիքը, ինչ ուզում եք ասեք, իրենն անում է: Դժվարանում եմ: Բայց Սյուզիիս մարզական ամեն քայլի մասին լիակատար ինֆորմացիա ունեմ:

– Դրա համար էլ ԱՄՆ-ում նրա PR-ն եք կազմակերպում:

– Այո: Եվ ուրախ եմ, որ թոռնիկիս լավ ճանաչում է ոչ միայն ԱՄՆ-ի հայկական համայնքը, այլեւ՝ ամերիկացիները:

– Իսկ Հայաստանո՞ւմ:

– Արդեն Հայաստանում էլ: Չեք պատկերացնում, թե ինձ, մյուս տատիկի, հոր ու հարազատների համար ի՜նչ երջանկություն է, երբ Հայաստանի ղեկավար այրերը ընդունում են Սյուզիին, Երեւանի փողոցներում մարդիկ, հատկապես երիտասարդներն ու նրա հասակակից աղջիկները մոտենում են ինքնագիր վերցնում, առաջարկում միասին լուսանկարվել: Ես այդ ամենը հավաքում եմ, որպեսզի Լոս Անջելես վերադառնալով՝ նյութեր տրամադրեմ այնտեղի թերթերին ու հեռուստաալիքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել