Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ» ԵՆ

Օգոստոս 08,2009 00:00 Share

Ի հեճուկս ընդդիմադիրների ակտիվ հանդիպումների, իշխանական գործիչները վայելում են իրենց «վաստակած» հանգիստը

Պարզվում է այնքան էլ չէր սխալվում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, երբ իշխանություններին հիշեցնում էր, որ ժողովուրդը նրանց ուղղված հարցեր ունի եւ «Մոնակոյում հանգստանալու ժամանակ չկա»: Երեկ փորձեցինք իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից պարզել, թե ինչպե՞ս են վերաբերվում քաղաքագետի սույն հայտարարությանը, մասնավորաբար, ադեկվատ են, արդյոք, ընդդիմության ակտիվությանը իշխանական գործիչների արձակուրդային տրամադրությունները: Ինչպես նաեւ՝ ինչպե՞ս են իշխանական գործիչները վերաբերվում նրան, որ Հայ ազգային կոնգրեսն առաջիկա ամսին նախատեսում է անցկացնել լայնածավալ մարզային հանդիպումներ՝ այդպիսով փաստելով թեժ քաղաքական աշնան մեկնարկը: «Առավոտին» բավականին դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել որոշ իշխանական գործիչների հետ: Մեծամասամբ հեռախոսահամարները «ժամանակավորապես արգելափակված» էին: Իսկ ում հետ էլ հաջողվեց խոսել՝ հիմնականում հանգստի մեջ էին եւ բավականին դժկամությամբ մեկ-երկու նախադասություն բախշեցին: ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն, օրինակ, ըմբոստացավ. «Իբր, ի՞նչ ա ասում Հմայակը. ես հիմա հանգստանում եմ, բոլորն էլ պիտի հանգստանան: Ժողովուրդն էլ է հանգստանում»,- հավաստիացրեց ՀՀԿ-ական պատգամավորը: Իսկ ընդդիմության հանդիպումներին նրա վերաբերմունքը նույնիսկ հեգնական էր. «Լա՜վ, էլի. ընդդիմությունը մի տեղ է գնացել հանդիպման, էն էլ՝ բավականին ուշացած»: Ինչո՞ւ «մի տեղ եւ ուշացած»՝ «Առավոտի» հարցին հետեւեց՝ «Բա ի՞նչ. ի՞նչ ա արել ընդդիմությունը մինչեւ հիմա»,- պատասխանը: Իսկ դրան հետեւեց կտրուկ՝ «հաջողությունը», եւ մեր զրուցակիցն անջատեց հեռախոսը: Ու մինչ ՀՀԿ-ականների մի մասը վայելում էր իր հասանելիք հանգիստը՝ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը շարունակում էր, իր ներկայացմամբ, տքնաջան աշխատել. «Ախր ես ի՞նչ խնդիր ունեմ բացատրելու, թե Հմայակ Հովհաննիսյանն ի՞նչ է ասել: Պարապ մարդ է, ինչ-որ մի բան ասել է: Նա խնդիր ունի շրջանառվելու՝ շրջանառվել է, հիմա ես ի՞նչ ասեմ, որ էս շոգին նստած՝ լարված աշխատում եմ: Գործս թողնեմ ու պարզեմ, թե ո՞վ է Մոնակոյում, ո՞վ է ժողովրդի հետ հանդիպում»:

ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը Հմայակ Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ անելու մեր խնդրանքին այսպես արձագանքեց. «Ի՞նչ ասեմ. բոլորն արձակուրդում են, փորձեք, տեսեք ում կարող եք գտնել, որ մեկնաբանություն անի: Բայց մոնակոներում հաստատ չենք հանգստանում: Ես քաղաքում էլ չեմ, այս երկրում էլ չեմ, երկրագնդի վրա էլ չեմ: Իմ տանն եմ, իմ այգում եմ եւ փորձում եմ հանգստանալ: Ոչ թերթ եմ կարդում, ոչ էլ որեւէ բանով հետաքրքրվում եմ»: Նույնպես արձակուրդում գտնվող մեկ այլ դաշնակցականի՝ Հրայր Կարապետյանի արձագանքն այսպիսին եղավ. «Բայց մենք իշխանություն չենք, իշխանություններին զանգեք, ինչի՞ եք մեզ զանգում»: Փարատելով այս առիթով «Առավոտի» թերահավատությունը՝ նա խորհուրդ տվեց ոչ միայն անցյալի ու ներկայի, այլեւ ապագայի համար էլ նկատի ունենալ, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել, իսկ՝ «Հմայակին կկարդամ, հետո կմեկնաբանեմ»,- ասաց:

ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանն «Առավոտի» հարցը՝ ինչո՞ւ եք բան ու գործը թողել ու գնացել մոնակոներ՝ հանգստանալու, ընդունեց ուղղակի. «Ես ամառային արձակուրդներին ոչ մի տեղ չեմ գնացել, ես տանն եմ մնացել, եղա՞վ. հենց էդպես էլ կգրեք, որ Արամ Սաֆարյանն ամառային արձակուրդներին մնացել է տանը»: Իսկ ձեր կուսակից ընկերնե՞րը՝ հարցին էլ մեր զրուցակիցն ասաց. «Ես տեղյակ չեմ, թե ով որտեղ է հանգստանում եւ երբեք էլ ինձ թույլ չեմ տվել հարցնել այդ բանը»: Չե՞ք կարծում, որ ընդդիմության ակտիվության պարագայում ճիշտ կլիներ, որ իշխանական ուժերն էլ արձակուրդ չգնային եւ իրենց համարժեք դրսեւորեին, հարցին նա պատասխանեց՝ «Ես սուր քաղաքական աշուն չեմ կանխատեսում, այդքան բան»: Այսինքն, այդքանով արդարացվա՞ծ է արձակուրդային վիճակը՝ դիտարկման հակադարձումը եղավ. «Ավել ոչինչ չասացի»:

Իսկ կոալիցիոն ՕԵԿ-ականների հետ կապվել այդպես էլ չհաջողվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել