ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան սկսել է իր շրջագայությունը Հարավային Կովկասում: Այս օրերին նա Հայաստանում է: Ծաղկաձորում պատասխանելով լրագրողների հարցերին, վերջինս խոսել է ղարաբաղյան կարգավորման մասին: Ըստ այդմ՝ խնդիրը լուծվելու է երեք հիմնարար սկզբունքների՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, ուժի կիրառության բացառում, հիման վրա: Բրայզան թվարկել է կարգավորման քայլերը՝ փախստականների վերադարձ, սկզբում 5, այնուհետեւ եւս երկու շրջանների վերադարձ Ադրբեջանին, հանրաքվե՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցով, խաղաղապահ ուժերի տեղակայում, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ միջանցք, տրանզիտային ճանապարհներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Անդրադառնալով խաղաղապահ ուժերին, Բրայզան ասել է, թե նրանց պատկանելությունը որոշելու են Ադրբեջանը եւ Հայաստանը, եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է վետո դնել, եթե չի ցանկանում, որ տվյալ երկրի զորքը լինի տարածաշրջանում: Ըստ lragir.am-ի, փորձագետները կարծիք են հայտնում, որ սա Բրայզայի վերջին այցն է տարածաշրջան՝ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով. շուտով նա նշանակվելու է ԱՄՆ դեսպան Ադրբեջանում: Երեկ Մեթյու Բրայզային ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցերի շուրջ: ՀԱԿ գրասենյակից տեղեկցնում են, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության գործընթացին, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության վիճակին եւ մասնավորապես քաղբանտարկյալներին առնչվող հարցեր, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Երեւանից Բրայզան կմեկնի Բաքու:


















































