Երեկ Հայ ազգային կոնգրեսը իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մեկնել էր Շիրակի եւ Արագածոտնի մարզեր:
Հայ ազգային կոնգրեսը դեռ հուլիսին էր հայտարարել, թե մտադիր է այցելել մարզեր եւ խոստմանը հավատարիմ այս շաբաթ այցելեց ե՛ւ Կոտայքի, ե՛ւ Շիրակի եւ նաեւ Արագածոտնի մարզեր: Այցելությունը, բնականաբար, նախընտրական չէր եւ նպատակ չուներ հանդիպել այդ մարզերի բնակչության հետ: Դրանք ավելի շատ ներկոնգրեսական, մտերմիկ հանդիպումներ էին առաջին հերթին այդ մարզերից դեռեւս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների ընտանիքների, նաեւ ՀԱԿ-ի ակտիվի հետ:
Երեկ Կոնգրեսն իր առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ եւ ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունների ղեկավարների՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի, ՀԱԿ ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի, Վլադիմիր Կարապետյանի, նաեւ Սմբատ Այվազյանի ու «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ առաջինն այցելեց Շիրակի մարզ՝ Մարալիկ քաղաք: Այստեղ ապրում է 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀՇ անդամ Հարություն Ուռուտյանի ընտանիքը: Ինչպես այստեղ, այնպես էլ մյուս դեպքերում, իսկ Կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին նաեւ Ձորակապ գյուղ՝ 5 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի հայրական տուն եւ Թալինի Աշնակ գյուղում ապրող՝ 2,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժորա Սափեյանի ընտանիքին, հանդիպումները ավելի քան ջերմ էին:
Այցելությունների միջեւ, Մարալիկում քաղկալանավոր Հ. Ուռուտյանի հայրական տնից դուրս գալուց հետո, կոնգրեսականները շուրջ 30 րոպե խորհրդակցություն անցկացրին «Հանրապետություն» կուսակցության տարածքային գրասենյակում, որից հետո շարունակեցին իրենց ճանապարհը։ Արդեն Աշնակում, գյուղի սկզբնամասում Սափեյանի հարազատները, այդ թվում՝ վերջերս «Կոշ» քրեակատարողական հիմնարկից համաներմամբ ազատված Սափեյանների քրոջ որդին՝ Հայկ Գեւորգյանը, Կոնգրեսի պատվիրակությանը աղ ու հացով դիմավորեցին:
«Այցելությունները, որ սկսվեցին Հրազդանից, այսօր Մարալիկ, հետո Թալին, վաղն էլ Վանաձոր, պարզապես այցելություններ են մեր ընկերների հարազատներին, ովքեր դեռեւս բանտում են: Այստեղ ոչ մի քաղաքական նպատակ չպետք է փնտրել. սա մեր ընկերական պարտքն է: Երկրորդ, սա որոշ չափով բարոյական աջակցություն է ոչ թե նրանց ընտանիքներին, այլ՝ հարեւաններին: Ընտանիքները դրա կարիքը չունեն: Մենք նրանցից ավելի շատ բարոյական քաջալերություն, աջակցություն կարող ենք ստանալ, քան մենք կարող ենք տալ, որովհետեւ նրանք համոզված մարդկանց ընտանիքներ են, որոնք ոչնչի համար չեն զղջում, պատրաստ են ցանկացած զրկանք կրել հանուն իրենց գաղափարների, հանուն իրենց նպատակների իրագործման: Երրորդ խնդիրն էլ հավաստիացնելն էր, որ մենք չենք հանգստանալու, Կոնգրեսը մի պահ անգամ չի դադարեցնելու իր պայքարը, քանի դեռ մեկ քաղբանտարկյալ անգամ մնում է բանտում: Մենք շարունակելու ենք պայքարել մինչեւ վերջ»,- «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսօր Կոնգրեսն իր առաջնորդի գլխավորությամբ կայցելի Լոռու մարզ, Վանաձոր:
Ի դեպ, երեկվա այցելությունը առանց միջադեպի չանցավ: Խոսքն այս դեպքում ոստիկանության կամ էլ որեւէ հղփացած պաշտոնյայի կողմից հրահրված միջադեպի մասին չէ: Կոնկրետ դեպքում կոնգրեսականների մարզային այցելությունը լուսաբանող լրագրողին իր մասնագիտական պարտականությունը կատարելիս, մեղմ ասած, խոչընդոտել էր հենց ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություններից մեկի ղեկավարը, որին ուշացումով սաստեցին Կոնգրեսի մյուս ներկայացուցիչները:


















































