Ասում են Ծաղկաձորում իրենց ամառային դպրոցն անցկացրած արեւորդիները
«Առաջին հայացքից շատ տարօրինակ է թվում երեխաների հստակ, գրագետ եւ խոր ընկալումը, բայց երբ ուղղակի հետեւում ենք, թե ինչպիսի դասընթացներ են անցնում, ինչ մասնագետներ են աշխատում նրանց հետ, սկսում ես դադարել զարմանալ, որ այսպիսի պատրաստված երեխաներ կան, որոնք լուրջ բնապահպանական եւ մասնագիտական կրթություն են ստանում ու նույնիսկ չեմ զարմանում իրենց տված խորիմաստ հարցերից»,- այսպես բնութագրեց արեւորդիներին Գագիկ Գինոսյանը, ով հրավիրված էր երեխաների համար հայագիտական եւ հայապահպանության դասախոսություններ կարդալու: Թե ինչու էր դասախոսության համար հենց այդ թեման ընտրվել, պարոն Գինոսյանն ասաց. «Դա դասախոսություն էր նաեւ ազգային ինքնագիտակցության մասին, որպեսզի երեխան, սերունդը, որը մեծանում է, հայեցի դաստիարակվի եւ հասկանա կարեւորությունը ազգային ինքնագիտակցության, ազգային մշակույթի, իդենտիֆիկացիայի առումով: Որպեսզի երեխայի համար պարզ լինի՝ ո՞րն է հայ մշակույթը, ազգային տեսակը: Մարդու ամենակարեւոր երեւույթը ողջ կյանքի ընթացքում ինքնաճանաչումն է, իսկ դա առանց իր ազգային պատկանելության, մշակույթի, գաղափարախոսության եւ մտածելակերպի, նաեւ իր բնության եւ կենդանական աշխարհի ճանաչողության՝ հնարավոր չէ, քանի որ այդ ամենը շաղկապված է»:
Այս անգամ արեւորդիներն իրենց ամառային դպրոցը հուլսի 28-ից օգոստոսի 7-ն անցկացրին Ծաղկաձորում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «UNICEF»-ի, «GTZ»-ի աջակցությամբ: 10-15 տարեկան 50 պատանիներ հավաքվել էին եւ շուրջ 10 օրվա ընթացքում ուսումնասիրել էին Ծաղկաձորի կենսաբազմազանությունը, ֆիլմ էին նկարահանել իրենց հանգստի եւ աշխատանքների մասին: Օգոստոսի 7-ին արեւորդիները հյուրերին եւ լրագրողներին ներկայացրին իրենց աշխատանքները:
Սիսիանի էկո-ակումբի սան Իսկուհին մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես ծանոթացան Ծաղկաձորին. «Իմացանք, թե ինչքան շատ են այստեղ ծառերի եւ կանաչի հաշվին շինարարություն անում: Մի փոքրիկ անտառում մոտ 38 օբյեկտի շինարարություն է ընթանում եւ շրջակայքում ամբողջովին շինաղբ է: Մենք գնացինք ծառերի հետքերով, շինաշխատանքներ տեսանք, արշավներ կազմակերպեցինք եւ գտանք բազմաթիվ հատած ծառեր: Այնքան շատ էին ծառեր հատվել, որ նույնիսկ չկարողացանք պարզել դրանց թիվը: Ֆիլմի նպատակը մեկն էր՝ ասել, որ շինարարությունը չի կարելի կատարել անտառապատ տարածքում, ծառերը մեզ համար արտադրում են թթվածին: Մենք ուզում ենք ասել, որ օբյեկտ կառուցելը չէ կարեւորը, կարեւորը բնությունն է ու ծառը»:
Մանասն էլ Գեղարքունիքի մարզի էկոակումբի սան է: Նա Ծաղկաձորում անցկացրած 10 օրերի ընթացքում իր ընկերների հետ փրփրապլաստից (պենոպլաստ) պատրաստել է զանազան իրեր՝ մոմակալներ, մոխրամաններ, զարդատուփ եւ բժշկական արկղ:
Արեւորդիները պոլիէթիլենային տոպրակներից գոգնոցներ էին պատրաստել, որով կոչ էին անում ավելորդ աղբ չստեղծել եւ չայրել տոպրակները, քանի որ դրանք այրելուց թունավոր նյութեր են արտանետվում մթնոլորտ:
Երեւանից Անին եւ Սյունեն իրենց ընկերների հետ ալյումինե տարաներից արեւային էներգիայով աշխատող սարք էին պատրաստել, որով հնարավոր է ջուր տաքացնել, ճաշ եփել, մինչեւ անգամ չիր չորացնել. «Որոշել ենք բոլոր էկոակումբներում այս սարքը կիրառել, որպեսզի որոշ չափով մեր ներդրումն ունենանք բնության մաքրության համար՝ օգտագործելով արեւի էներգիան»:
Շուշանն էլ Արարատի մարզից է: Նա մեզ պատմեց, թե ինչպես եւ ինչու են թուղթ վերամշակել. «Տարեկան 1 մարդը օգտագործում է 308 կգ թուղթ, եւ եթե բոլոր թղթերը վերամշակվեն, մենք տարեկան կխնայենք 250 մլն ծառ: Նախ թուղթը միքսերով մանրացնում ենք, հետո տաք ջրի հետ խառնում, մանրացրածը քամիչով առանձնացնում ենք, փռում կտորի վրա, չորացնում արեւի տակ ու ստանում վերամշակված թուղթ, որի վրա հետաքրքիր մտքեր ենք գրում»:
Արեւորդիները Ծաղկաձորում անցկացրած 10 օրերի ընթացքում անտառից հավաքել էին բուժիչ հատկություն ունեցող բույսեր եւ հյուրերին ներկայացնում էին, թե որ բույսն ինչ օգտակար հատկություններ ունի:
Արեւորդիների ցուցահանդեսին այցելել էր նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերով՝ «Սա մեր պարտականությունն է եւ երեխաների սովորելու ճանապարհը: Այս հասկացողությունը, որ նրանք ունեն, բավարար չէ, այլ պետք է պահեն իրենց մեջ, պետք է մեծացնեն իրենց հետ, զարգացնեն եւ օրինակ դառնան իրենց ընկերների, բարեկամների համար»:
«Երդվում ենք լինել արեւի պես անհաղթ». միջոցառման վերջում խոստացան արեւորդիները եւ ցուցահանդեսը ամփոփեցին ազգագրական պարերով:


















































