«Մասնագիտական տոնը լավ առիթ է ոլորտի մասնագետներին դրվատելու, նաեւ թերությություններն ու բացերը հրապարակային ու անկեղծ արտահայտելու համար: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շինարարական ոլորտը, այդ թվում նաեւ պետական հատվածում իրականացվող, Հայաստանի ՀՆԱ-ում ապահովում է թե զգալի տեսակարար կշիռ, թե բյուջեի հարկային մուտքերի զգալի ծավալ»,- երեկ Շինարարների օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա վստահեցմամբ՝ նախորդ տարին մեր տնտեսության շինարարության ոլորտը բավականին շոշափելի արդյունքներով է ամփոփվել. «Դուք գիտեք, որ այս տարի եւս մենք ծրագրեր ունեինք, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց մի փոքր վերանայել մեր ծրագրերը, որոշ աշխատանքներ տեղափոխել տարվա վերջ: Ես համոզված եմ, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շնորհիվ մենք նվազագույն կորուստներով դուրս կգանք ստեղծված վիճակից: Կարծում եմ, որ հենց ճգնաժամային պայմաններում են անհրաժեշտ ճկուն մտածողություն եւ համարձակ ու հավակնոտ ծրագրեր»: Վարչապետը համոզմունք հայտնեց նաեւ, որ շինարարները կշարունակեն աշխատել նույն եռանդով՝ հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները:
Շինարարներին շնորհավորելու էր եկել նաեւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նրա կարծիքով, շինարարական ոլորտում կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, մասնավորապես՝ կառուցապատողներին վարկային երաշխիքների տրամադրումը, հարկային արտոնությունները եւ այլն, շատ կարեւոր են:


















































