Դեղերի շուկայում գործող «Ամիկուս» եւ «Վագա ֆարմ» ընկերությունները դրամի փոխարժեքի տատանման պատճառով այս տարի իրենց արտադրանքի գինը շուկայում բարձրացրել են. «Ամիկուսը»՝ 12-18%, «Վագա ֆարմը»՝ 5,8-16,8%: Այս մասին են վկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ դեղերի շուկայում կատարած ստուգման արդյունքները: Ըստ հանձնաժողովի, դեղերի գները շեշտակի աճել են հատկապես մանրածախ ցանցում՝ դեղատներում: Ընդ որում, տարբեր դեղատներում միեւնույն դեղի գները տարբեր չափերով են բարձրացել: Հանձնաժողովի ստուգումները նաեւ ցույց են տվել, որ դեղատներում, օրինական պաշտոնական հաշվապահությանը զուգահեռ, այսպես ասած, «սեւ հաշվապահություն» է վարվում: Ուսումնասիրության արդյունքները հանձնաժողովը տրամադրել է Պետական եկամուտների կոմիտեին եւ առողջապահության նախարարությանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով: Հանձնաժողովը հունիսին վարույթ էր հարուցել նաեւ բենզինի իրացման շուկայում, որովհետեւ «CPS»-ի բենզալցակայաններում բենզինի մանրածախ գինը բարձրացել էր: Նշենք, որ «CPS»-ը պատկանում է «Սիթի Պեթրոլ գրուպ» ընկերությանը, որը շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում: Հանձնաժողովը պարզել է, որ ընկերությունը 2009 թ. առաջին կիսամյակում մանրածախ իրացում չի իրականացրել, իսկ մեծածախ իրացման գները չեն փոփոխվել: Մանրածախ իրացման գինը բարձրացել է 2009-ի հունիսի 15-ին, ինչի արդյունքում ավելացել է ընկերության շահույթը: Ուսումնասիրության արդյունքում օրենքի խախտման բավարար հիմքեր չեն հայտնաբերվել: Որոշում է կայացվել բենզինի շուկայի կառուցվածքն ուսումնասիրել այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով:


















































