Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՍԻԱՆԸ ՆՈՐԻՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՆԵՆԱ

Օգոստոս 08,2009 00:00

Ռաֆայել Իսրայելյանի նախագծած կառույցը հիմնանորոգվում է

Սիսիան քաղաքում սկսվել են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծած, ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող քաղաքային մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: 1954 թվականից գործող մշակութային օջախը 1982-ից հետո չի նորոգվել: Կենտրոնի տնօրեն, «Սյունիք» պարային համույթի ղեկավար եւ պարուսույց Համլետ Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ շենքը անմխիթար վիճակում էր, չկար ոչ մի սարքավորում, հանդերձարան, կահույք ու տեխնիկա, այսինքն՝ տարրական պայմաններ միջոցառումներ անցկացնելու համար: Քաղաքապետ Ա. Հակոբջանյանի խոսքով՝ մշակութային կենտրոնի նորոգումով Սիսիանում սկսվելու է մշակութային վերածնունդ: «Երբ մյուս՝ գետափնյա մշակութային տունը վաճառվեց, գրադարանային ֆոնդ ունեինք, արխիվը թերթելիս տեսա, որ մի ժամանակ թատրոն ենք ունեցել, դերասաններն էլ սիսիանցիներ էին: Փորձելու ենք, որքան հնարավոր է, շատ ստուդիաներ ունենալ, նաեւ թատերական խումբ ստեղծել: Մշակույթի տունը միայն համերգներ ընդունելու ու ճանապարհելու համար չէ»,- կարծում է Ա. Հակոբջանյանը:

Նշենք, որ կենտրոնի վերանորոգման հարցը բարձրացվել էր դեռ 2007 թվականից՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Լ. Սարգսյանի օրոք այն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: 2009 թ. համայնքի կողմից արվել է սահմանված կարգով ներդրում՝ 10 մլն 982 հազար դրամի չափով: Ֆինանսավորումը կատարվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներով: Ծրագրի արժեքը շինարարական աշխատանքների գծով կազմում է մոտ 102 մլն դրամ:

Քաղաքապետի տեղակալ Ա. Գրիգորյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ նորոգումից հետո մշակույթի կենտրոնը կունենա դիմահարդարման սրահներ, սանհանգույց, հանդերձարան, կլինի օդափոխության նոր համակարգ, կլուծվի լոկալ ջեռուցման եւ դահլիճի նստելատեղերի հարցը: Մշակույթի նախարարության հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բեմական վարագույրների եւ ձայնալուսային սարքավորումների ձեռքբերման եւ տեղադրման համար: Նախատեսված է նաեւ դահլիճի 380 նստելատեղերի թիվը դարձնել 400:

Ա. Գրիգորյանի կարծիքով. «Ծայրահեղ անհրաժեշտություն է եղել մշակութային կենտրոնի նորոգումը, որովհետեւ Սիսիանը տարիներ շարունակ կտրված է եղել մշակույթի մարդկանց, արվեստագետների հետ շփումից: Կենտրոնը շահագործման հանձնելուց հետո կկազմակերպվեն բազմաթիվ տեղական եւ մարզային նշանակության միջոցառումներ, ինչը կնպաստի երիտասարդներին փողոցից կտրելուն: Նախատեսել ենք մշակութային միջոցառումներ անցկացնելու համար համագործակել մայրաքաղաքում գործող պետական եւ ոչ պետական մշակութային օջախների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել