Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԻՆԵԼ ՓՈՔՐԻԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

Օգոստոս 12,2009 00:00

Սա կանադաբնակ խմբավար, վոկալիստ Վարուժան Մարգարյանի ցանկությունն է

Այն մտայնությունն է իշխում, թե անցած դարավերջի սոցիալական ցնցումների, երկրում ձեւավորված վերափոխումների հետեւանքով Հայաստանից հեռացած արվեստագետներից շատերի ճակատագիրը հաջողությամբ է դասավորվել՝ նրանց առջեւ բացվել են գործունեության լայն հեռանկարներ: Ցավոք, սա թյուր կարծիք է, որովհետեւ ոչ բոլորին է հաջողվել «դրսում» հասնել ինքնադրսեւորման եւ ինքնահաստատման:

Խմբավար, վոկալիստ Վարուժան Մարգարյանը նույնպես ժամանակին հեռացել է հայրենիքից, սակայն ոչ թե գնացել է բախտ ու ճակատագիր որոնելու, այլ 1991 թ. Երուսաղեմից Թորգոմ Մանուկյան պատրիարքի հրավերով որպես ուսուցիչ, դպրապետ, եկեղեցական երաժշտության պատասխանատու աշխատելու՝ Սրբոց Հակոբյանց միաբանության եկեղեցում: Սա այն դեպքում, երբ նա դեռ չէր էլ ավարտել Երեւանի բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատությունը եւ չէր էլ հասցրել ստեղծագործական կյանքում իր առաջին քայլերն անել:

Հայաստան իր արձակուրդն անցկացնելու նպատակով այցելած արվեստագետից «Առավոտը» նախ հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է գալիս հատկապես հոգեւոր երաժշտության հանդեպ սերը: Վ. Մարգարյանը նշեց, որ ուսումնառության տարիներին որպես երգչախմբի արտիստ ու մեներգիչ՝ աշխատել է երեւանյան գրեթե բոլոր երգչախմբերում. «Հոգեւոր երաժշտության հանդեպ իմ սերը գալիս է ուսուցչիցս՝ Խորեն Մեյխանջյանից, որի ղեկավարությամբ շուրջ 10 տարի հանդես եմ եկել Մայր տաճարի երգչախմբում»:

Մեր զրուցակիցը անդրադառնալով իր արտերկրյա ստեղծագործական կյանքին՝ ասաց, որ Երուսաղեմում հրատարակել է «Արեւագալ» եւ «Վարդանանց» շարականները ու տեղի երկու հայկական համայնքներում ստեղծել երգչախմբեր: «2000 թ. Գերմանիայի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հրավերով շուրջ երեք տարի հանդիսացել եմ տեղի եկեղեցական երաժշտության պատասխանատուն՝ հիմնելով նաեւ մանկական երգչախումբ: Իսկ 2003-ից Կանադայի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հրավերով մինչ օրս պատասխանատուն եմ տեղի եկեղեցական երաժշտության: Ղեկավարում եմ 50-ամյա «Կոմիտաս» երգչախումբը, որն ապահովում է Կանադայի ոչ միայն հոգեւոր երաժշտության «սպասարկումը», այլեւ՝ աշխարհիկ»,- հայտնեց խմբավարը: Նա հավելեց, որ Կանադայում իր ղեկավարությամբ գործում է նաեւ 25 հոգանոց «Մոնրեալի հայ մանուկներ» երգչախումբը, իսկ «Կոմիտաս» երգչախմբի գործունեությանը սիրով մասնակցում է 18-90 տարեկան շուրջ 50 կանադահայ: Վ. Մարգարյանի փոխանցմամբ՝ իր ղեկավարած երգչախումբը մասնակցում է Կանադայում անցկացվող երգչախմբերի ամենամյա եւ միջեկեղեցական հոգեւոր փառատոներին. «2008 թ. «Կոմիտասը» CBC ռադիոկայանի հայտարարած հեղինակավոր մրցույթում դարձավ մրցանակակիր: Երգչախմբի անդամների հանգանակությունների արդյունքում Հայաստանում վերահրատարակեցինք «Կոմիտաս. նամակներ» գիրքը: Իսկ ընդհանրապես երգչախմբի գործունեությանը աջակցում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը»: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ շուրջ 35 հազարանոց կանադահայ համայնքում գործում են 4 ամենօրյա դպրոցներ, թերթեր եւ այլ՝ հայապահպանությանը խթանող կազմակերպություններ: Հետաքրքրվեցինք, թե հայաստանցի երաժիշտներից ովքե՞ր են համագործակցել երգչախմբի հետ: Վ. Մարգարյանը ցավով նշեց, որ հաճախակի չեն հայաստանցի երաժիշտների այցերը, հավելեց, որ Կանադայում հաճախ կազմակերպվում են հայ գեղանկարիչների ցուցահանդեսներ, անցյալ տարի ցուցադրվել են «Ոսկե ծիրան» փառատոնի մրցանակակիր ֆիլմերը. «Ընդհանրապես, կանադահայերը թատերասեր են: Այս օրերին Մոնրեալում բեմադրություն է իրականացնում Երվանդ Ղազանչյանը: Իսկ երգչախմբի հետ հաճախ հանդես են գալիս Ամերիկայում ճանաչված օպերային երգիչներ Սաշա Ջիհանյանը, Դավիթ Դանիել-Պրուդյանը, Սարգիս Բարսամյանը, դաշնակահար Սուրեն Բարին, ջութակահար Ռոբերտ Մարգարյանը, նաեւ օտարերկրացի արվեստագետներ»: Իսկ թե ինչո՞ւ նշած երաժիշտներից ոչ մեկը ծանոթ չէ մեզ, Վ. Մարգարյանը հայտնեց, որ գուցե նրանց զբաղվածությունն է պատճառը. «Ընդհանրապես, Կանադայում արվեստի ուժով ցանկություն ունենք եւ աշխատում ենք շինել փոքրիկ մշակութային Հայաստան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել