Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառը ձմռան հետ կապ չունի

Օգոստոս 14,2009 00:00

Այն, որ այս ամառ շատ անձրեւային էր, չի նշանակում, որ աշունը եւս առատ է լինելու անձրեւներով կամ ձմեռը ցրտաշունչ է լինելու: Երեկ ի հակառակ լրագրողների կանխատեսումների, վստահեցրեց Հայպետհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Չնայած ամառային տեղումներին, օդերեւութաբանների համոզմամբ, սեպտեմբերին տեղումների հավանականությունը քիչ է եւ ակնկալվում է բարձր ջերմաստիճան:

Ըստ Զ. Պետրոսյանի, ամառային խոնավ եղանակը չի կարող հիմք հանդիսանալ ցրտաշունչ ձմռան. «Եթե եղանակային կանխատեսումների համար ամռան ու ձմռան միջեւ կապ լիներ, ապա հեշտ կլիներ տվյալ ամառից հետո ձմեռը կանխատեսել եւ՝ հակառակը: Նախորդ տարիներին էլ արձանագրվել է, որ առատ տեղումներով ամռանից հետո եղել է բավականին տաք ձմեռ կամ հակառակը»:

Հայպետհիդրոմետ ընկերության փոխտնօրեն Համլետ Մելքոնյանն էլ փաստեց, որ Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, եղանակի տատանումները գլոբալ կլիմայական փոփոխություններով են պայմանավորված: Նրա խոսքերով՝ 1935-2007թթ. ընթացքում Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրացել է 0,6, իսկ մայրաքաղաքում՝ 0,8 աստիճանով: «Գլոբալ տաքացումը ենթադրում է ընդհանուր առմամբ ջերմաստիճանի բարձրացում, բայց կարող է որոշակի շեղումներ արձանագրվել, ինչպես, օրինակ, տարեկան ջերմաստիճանի բարձրացում, բայց տվյալ տարվա ընթացքում կլինեն ջերմաստիճանի բարձրացման եւ նվազման տատանումներ»,- ասաց Հ. Մելքոնյանը:

Օդերեւութաբանները վստահեցրին, որ մինչեւ այս ամսվա 19-ը հանրապետությունում կգերակշռի առանց տեղումների եղանակ, չնայած՝ հյուսիսային շրջաններում տեղումների հավանականությունը կպահպանվի: Օգոստոսի 20-23-ին օդերեւութաբանները կրկին տեղումների եւ օդի ջերմաստիճանի նվազում են կանխատեսում, իսկ արդեն ամսվա վերջին ջերմաստիճանը կբարձրանա. հովտային շրջաններում այն կհասնի 32, իսկ լեռնային շրջաններում՝ 26 աստիճանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել