Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ԶՈՀԵՐԸ

Օգոստոս 14,2009 00:00

Տերյան 23 եւ 25, ինչպես նաեւ Հին Երեւանցու (նախկին՝ Լալայանց 37) շենքերի ոդիսականը

Տերյան 23 եւ 25, ինչպես նաեւ Հին Երեւանցու (նախկին՝ Լալայանց 37) շենքերի բնակիչները իրենց խնդրով դիմել են նախագահին, վարչապետին, քաղաքապետին ու հնարավոր բոլոր ատյաններին: Նրանք բոլորը ՀՀ կառավարության հ. 347 որոշման, այն է՝ «բացառիկ գերակա հանրային շահի» զոհերն են: Նշենք, որ Լալայանց 37-ում ժամանակին ապրել են Ավետ Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Թաթուլ Դիլաքյանը եւ շատ ուրիշ հայտնի անուններ: «Այսպիսի շենքով աշխարհի յուրաքանչյուր մայրաքաղաք կհպարտանար եւ կպահպաներ աչքի լույսի պես: Այսպիսի հուշարձանը կարող է հանդիսանալ զբոսաշրջության կետերից մեկը եւ Հյուսիսային պողոտայի զարդը»,- համոզված են բնակիչները:

Տերյան 23 եւ 25 եւ Լալայանց 37-ի բնակիչները պնդում են, որ ՀՀ նախագահին, քաղաքապետին, վարչապետին ուղարկված իրենց նամակների երեք պատասխանները լրիվ նույնն են: «Նեղություն էլ չեն տվել տեքստը փոխել, այն դեպքում, երբ մենք նախագահին ուրիշ հարցադրում էինք արել, վարչապետին՝ ուրիշ, քաղաքապետին՝ այլ»,- նշեց նրանցից մեկը:

«Դեռեւս 2003թ. ՀՀ նախագահ Քոչարյանին գրել էինք, որ ՀՀ կառավարության 16 հուլիսի 2001թ. «Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» հ. 645 որոշմամբ Տերյան 23 եւ 25 շենքերը ընդգրկված չեն եղել օտարման գոտում: Դրանք հետագայում՝ 2002-ին են հայտնվել այնտեղ, երբ տարածքի իրացման ընթացքում իբր ճշտվել են որոշ հողակտորների սահմանները, ինչպես նաեւ Հյուսիսային պողոտայի ճարտարապետահատակագծային լուծումները: Այսինքն՝ 2002թ. օգոստոսի 1-ից մենք դարձել ենք այս մարդկանց պատանդները»,- պատմում է Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը: «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ից 2003թ. մարտի 10-ին Տերյան 23 եւ 25 շենքերի բնակիչներին նաեւ գրավոր պատասխանել էին, թե «Նախատեսվում է ձեր շենքերի բակում սույն թվականի 4-րդ եռամսյակում սկսել եւ մեկ տարվա ընթացքում ավարտել բնակելի շենքի կառուցում, ուր փոխհատուցման կարգով շենքի բնակիչներին կտրամադրվեն համապատասխան բնակարաններ»: Պարոն Գերավետյանը պնդում է, որ բնակիչներին ուղարկված նամակների բովանդակությունների մեջ հակասություններ կան. «Եթե իրենք գիտեին Հյուսիսային պողոտայի տեղում մոտավորապես ինչ է լինելու, ապա մեր հողատարածքների հետ կապված մինչեւ օրս նախագիծ չունեն»: Դա է վկայում, ըստ Վ. Գերավետյանի, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի նամակը, որտեղ նա նշում է. «Տերյան-Պուշկին-Լալայանց փողոցներով պարփակված տարածքի վերակառուցումը պայմանավորված է Հյուսիսային պողոտայի կառուցապատման ամբողջացման, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման բակային տարածքների ստեղծման ծրագրով»: Փաստորեն, ստացվում է՝ ընդհանուր օգտագործման բակային տարածք է ստեղծվելու շենքերի փոխարեն եւ շենք չի կառուցվելու: Նույն նամակում նաեւ ասվում է. «Երեւանի քաղաքապետարան՝ մինչ օրս կառուցապատման եւ մասնավորապես ձեզ մտահոգող բնակելի շենքի տեղադրման վերաբերյալ որեւէ առաջարկ քննարկման չի ներկայացվել եւ, բնականաբար, նախագծային փաստաթուղթ չի համաձայնեցվել»: Անցյալ տարվա վերջին Տերյան 23 եւ 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչները մեկ էլ հանկարծ նամակ են ստացել, թե Պուշկինի 38 հասցեում նախատեսված է 10 հարկանի շենք կառուցել, առաջարկվել է նաեւ պայմանագիր կնքել: Բայց բնակիչները այս հարցում էլ թերահավատ են՝ գուցե ճարտարապետաշինարարական ինստիտուտի որեւէ շրջանավարտի կուրսային կամ դիպլոմային աշխատա՞նք են իրենց ներկայացրել եւ ոչ թե շենքի իրական էսքիզը:

Բնակիչները, որ հոգնել են քաշքշուկներից, ցույցերից ու անհույս սպասելուց, առաջարկում են գոնե իրենց միջոցներով երեսպատել ու վերանորոգել իրենց շենքերը, համահունչ դարձնել շրջապատին, քանի որ քաղաքապետարանը դրա համար միջոցներ չունի, բայց առայժմ ոչ մի արձագանք չկա համապատասխան ատյաններից ու կառույցներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել