Լրահոս
Օրվա լրահոսը

Գազազի շունչը՝ Հայաստանում

Օգոստոս 14,2009 00:00

«Գազազը երազում է Երեւանը դարձնել թանգարան բաց երկնքի տակ»,- երեկ կայացած ասուլիսին հայտարարեց լոսանջելեսաբնակ ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ Էմիլ Գազազի կինը՝ «Airian Dome of fine Art»-ի տնօրեն Մանե Հայրյանը: Ինչ վերաբերում է Էմիլ Գազազին, նրա հետ «Առավոտը» ծավալուն հարցազրույց տպագրել է անցյալ տարի (2008.02.07, «Հանճարի հետեւում հանճարեղ կին կա»): Հավելենք, որ արվեստագետը ցուցահանդեսներով հանդես է եկել Եվրոպայում, Ասիայում, Ռուսաստանում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում: Պարգեւատրվել է հեղինակավոր Լորենցո Մեդիչիի մեդալով (Ֆլորենցիայի բիենալե, 2003թ.) եւ քանդակագործության ասպարեզում՝ Լորենցո Մադիֆիկոյի բարձրագույն մրցանակով:

Այսօր «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի քանդակագործի ցուցահանդեսը՝ «Էմիլ Գազազ. նոր ժամանակաշրջան» խորագրով: Այն կազմակերպել է «Airian Dome of fine Art»-ը, որը վերջին տարիներին զբաղվում է Գազազի ցուցահանդեսների կազմակերպմամբ՝ ամբողջ աշխարհում:

«Քանի որ արվեստագետին մեծ հռչակ բերող հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում ստեղծված աշխատանքները երբեւէ չեն ցուցադրվել Հայաստանում, «Airian Dome of fine Art»-ը» կարեւորագույն խնդիր է համարում լրացնել այդ բացը եւ հայ ժողովրդին մատուցել Գազազի աշխատանքները»,- նշեց Մ. Հայրյանը: Ըստ նրա, Հայաստանի հետ մեծածավալ աշխատանքները սկսվել եւ պայմանավորված են Գազազի երկքաղաքացի դառնալու ցանկությամբ: Իսկ թե ինչո՞ւ այսքան ժամանակ քանդակագործը չի ներկայացել իր հայրենիքում, Մ. Հայրյանը պարզաբանեց. «Ոչ մի խնդիր չկա: Միակ խնդիրը Էմիլի զբաղվածությունն է»:

Գեղանկարիչը հայրենիքում կայանալիք ցուցահանդեսին ներկա չի գտնվի: Այդ առիթով Մ. Հայրյանը մեկնաբանեց. «Հայաստանում ցուցահանդես ծրագրված չէր: Այս ընթացքում Գազազի գործերն էին տեղափոխվում այստեղ: Եվ քանի որ տեղափոխումը համընկավ իմ Հայաստանում գտնվելու հետ, որոշեցինք փոքրիկ ցուցահանդեսով ներկայանալ: Էմիլը Հայաստան այցելության պատրաստվում է մեծ շուքով, նրա ցանկությունն է հայրենիքին ներկայանալ պատշաճ կերպով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել