Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ՋԱՐԴՈՒՄ» ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ

Օգոստոս 14,2009 00:00

«Նախորդ շաբաթվա ուրբաթ օրվանից սկսած՝ ադրբեջանցի հակերների կողմից հայկական կայքերի վրա կրկին մեծ թվով հարձակումներ են սկսվել, որոնք ուղղված են եղել պետական եւ պարզապես am տիրույթում գտնվող կայքերի վրա, հայկական բնույթի com-ով կամ ru-ով կայքերը չեն վնասվել»,- երեկ «Արմատ» ակումբում հայտնեց «Smart systems» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Բանախոսը չներկայացրեց հարձակման ենթարկված կայքերի ցանկը, բայց նշեց, որ դրանց թիվը մեծ է: Նրա կարծիքով, հարձակումները կրում են կազմակերպված, խմբակային եւ բացառապես քաղաքական բնույթ: Տուժած կայքերը, որպես կանոն, հայտնվում են ադրբեջանական դրոշի «ներքո»:

Ս. Ասլանյանի փոխանցմամբ, օրերս Հայաստանում ստեղծվել է կայքերով զբաղվող անվտանգության խումբ (Armenian website security), որը կպայքարի հակերների դեմ: Խումբը ֆինանսական աջակցություն չի ստանում եւ, Ս. Ասլանյանի խոսքերով՝ միայն հայրենասիրությունից ու պատվից ելնելով է փորձելու ինչ-ինչ հարցեր լուծել: Նրա խոսքերով՝ հետաքրքրվողներ շատ են եղել եւ 2 օրվա ընթացքում 72 հոգի արդեն ներգրավվել է խմբի մեջ: Հարցին՝ հարձակումներին հայկական կողմից պատասխան քայլեր արվո՞ւմ են, Ս. Ասլանյանը նշեց, որ ստեղծված խումբն անօրինական գործողություններով չի զբաղվում, իսկ հայկական կողմից քայլեր արվում են, բայց ոչ՝ լուրջ. «Չեմ կարծում, որ դա է լուծումը: Առաջին հերթին՝ պետք է մտածենք պաշտպանված լինելու մասին: Ադրբեջանում ինտերնետային տեխնոլոգիաներն ավելի զարգացած են եւ ինչքան էլ հակադարձ քայլերի դիմենք, միեւնույն է՝ հակառակ կողմն ավելի ուժեղ է: Մեր խնդիրն այսօր պետք է լինի կայքերի որակի բարձրացումը: Ադրբեջանական կայքեր կան, որտեղ շատ հրապարակային դրվում են հարձակման ենթարկված հայկական կայքերի անունները: Իրենք հպարտանում են, որ այդքան հայկական կայքեր են «ջարդել»: «Առավոտի» հարցին՝ մի՞թե չկա պետական քաղաքականություն տեղեկատվական անվտանգության բնագավառում, Ս. Ասլանյանը պատասխանեց. «Առօրյայում հաճախ լսում ենք, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) գերակա ճյուղ են, բայց, անկեղծ ասած, ես կամ մեր ընկերությունը դա չենք զգացել: Հայաստանում կայքերի անվտանգությունը ցածր մակարդակի վրա է ու շատ խոցելի, կայքը «կոտրում» են ու շաբաթներով այդպես մնում է: Օրինակ, ով մտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կայք, համակարգիչը՝ ադրբեջանցիների «շնորհիվ», վարակվում է»: Բանախոսի փոխանցմամբ՝ մինչեւ օգոստոսի 12-ի երեկոյան դեռ նշված կայքը վերականգնված չի եղել: Մեր հաջորդ հարցին՝ ինչո՞ւ է հայկական սերվերների մեծամասնությունը տեղադրված ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում, բանախոսը որպես հիմնական պատճառ նշեց, որ «դրսում» տեղադրվողներն ավելի որակյալ են: Ս. Ասլանյանի խոսքերով՝ ինտերնետ հասանելիությունն է նաեւ պատճառներից մեկը, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում ետ մնան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել