Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՑՈԼԱՆՔԸ

Օգոստոս 14,2009 00:00

\"\"«ՎՄՎ-Պրինտ» հրատարակչությունը՝ տնօրեն Վահրամ Մնացականյանի նախաձեռնությամբ ու հրատարակչության միջոցներով, լույս է ընծայել գիտական աշխարհին քաջ հայտնի թռչնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Մարտին Ադամյանի «Հայրենի բնաշխարհի ցոլանքը» գիրքը։ Այն հաճելի անակնկալ է նրանց համար, ովքեր սիրում եւ ուսումնասիրում են հայրենի բնությունը, զորավիգ են մեր բնաշխարհի պահպանության գործին։

Թվում էր, թե իր մեծ ճանաչման արժանացած աշխատություններից հետո, որոնց գագաթնակետն են Դ. Քլեմ Կրտսերի համահեղինակությամբ հրատարակված «Հայաստանի թռչունները» ֆունդամենտալ գրքերը, վաստակաշատ գիտնականը փոքր-ինչ դադար կտա իր բեղմնավոր աշխատանքին ու կվայելի իրեն հասցեագրված գովասանքի խոսքերը։ Բայց նա, ում շուրջ 50 տարի ե՛ւ ճանաչել եմ, ե՛ւ ով ինձ ուսուցիչ ու խորհրդատու է եղել մինչեւ վերջ, մինչեւ իր կյանքի մայրամուտ, մնաց սկզբունքներին հավատարիմ, էլի երկու գործ լույս աշխարհ հանեց. մեկը ինքնակենսագրական «Հավերժի ճամփան», մյուսը՝ վերոհիշյալ «Հայրենի բնաշխարհի ցոլանքը», որի մասին էլ կկամենայի մի քանի խոսք ասել։

Մարտին Ադամյանի այս վերջին գիրքը, որի լույս աշխարհ գալուն՝ զավակի սպասող ծնողի սրտի թրթիռով էր սպասում անվանի գիտնականը, միանգամայն առանձնանում է մյուսներից իր ինքնատիպությամբ։ Այն լավ ուղեցույց ու բարի խորհրդատու է բոլոր նրանց համար, ովքեր կկամենային ճշմարտացի ճանաչել Հայաստանի թռչնաշխարհը, շնորհիվ լուսանկարների ճշգրիտ պատկերացում կազմել այս կամ այն տեսակի մասին, տեսնել նրանց իրենց բնական միջավայրում, ծանոթանալ կենսաբանական հետաքրքրաշարժ առանձնահատկություններին։ Ադամյան լուսանկարչի փորձառու աչքը տպավորել է այնպիսի ուշագրավ ակնթարթներ, որոնք տեսնելու համար շատ հաճախ պետք է եղել ոչ միայն համբերություն ու համառություն, այլեւ համարձակություն եւ անկոտրում կամք՝ ամենադժվար արգելքները հաղթահարելու, կյանքի համար վտանգավոր իրավիճակներից հաղթանակած դուրս գալու համար։

Գրքի տեքստը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսկ թռչունների տեսակների անվանումները տրված են, բնականաբար, նաեւ լատիներեն։ Ամեն մի տեսակի մասին հակիրճ տեղեկություններ տալուց զատ, որ բխում է հեղինակի 50-ից ավելի տարիների գիտական աշխատանքի կենսափորձից, Մարտին Ադամյանն իրազեկել է նաեւ համաշխարհային թռչնաշխարհի ու նրա պահպանության ներկայիս վիճակի մասին՝ բերելով հետաքրքիր փաստեր ու տվյալներ ու կոչ անելով պահպանել գեղեցիկը՝ եկող սերունդների համար։

Ցավոք, չկայացավ այս հրաշալի գրքի շնորհանդեսը։ Օրերս վերջակետվեց գիտնականի կյանքը։ Բայց կյանքի մայրամուտին գրված ու տպագրված նրա այս հրաշալի գիրքը, ինչպես եւ մյուսները, երկա՜ր-երկար մեր սեղաններին կլինեն որպես իր պես բարի խորհրդատուներ։ Ու կշարունակվի ճամփորդությունը գեղեցիկի աշխարհում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել