Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզայինների հոգսերը չեն պակասում

Օգոստոս 15,2009 00:00

Ոչ մայրաքաղաքային թատրոնները՝ ինչպես որ կան

ԹԳՄ վարչության ընդլայնված նիստում, որը տեղի ունեցավ վերջերս՝ Ծաղկաձորում, միության քարտուղարներ Վահե Շահվերդյանի եւ Լեւոն Մութաֆյանի կողմից կազմակերպվեց «կլոր սեղան»՝ մարզային թատրոնների տնօրենների եւ գեղարվեստական ղեկավարների մասնակցությամբ: Բացի Գյումրիի թատրոնի տնօրենից, որն այդպես էլ չէր բարեհաճել ներկա գտնվել, մյուս թատրոնների տնօրենների ու գեղարվեստական ղեկավարների ելույթները չափազանց մտահոգող էին, տագնապահարույց: Նրանք խոսեցին տարիներով կուտակված հիմնախնդիրներից, շենքային վատ պայմաններից, հանդիսատեսի սակավությունից եւ այլնից:

Ի սկզբանե, երբ 1994-1995-ին որոշակիացվում էին պետական եւ տեղական սեփականության ձեւերն ու օբյեկտները, թատրոնների հանդեպ մի այնպիսի սխալ քաղաքականություն որդեգրվեց, որի «պարգեւած» դժվարությունները մինչեւ օրս «դամոկլյան սրի» նման կախվել են թատրոնների գլխին ու իրենց լուծումները չեն գտնում: Պետական սխալ քաղաքականությունն իր ավերիչ դերը կատարեց, մարզային կոչվող թատրոններից շատերին «աղքատ ազգական» դարձրեց, անգամ առիթ տվեց լուծարումների, խարխափումների: Գավառի ու Կապանի թատրոնները, չգիտես ինչու, դարձան քաղաքապատկան, մինչդեռ ժամանակին դրանք կոչված էին սպասարկելու մարզերին, իսկ ահա Գորիսի թատրոնը՝ շնորհիվ մարզպետի հնարամտության, դարձավ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող թատրոն, այն դեպքում, երբ չուներ կայուն դերասանախումբ, հանդիսատես, այն բավարար միջոցները, որոնք անհրաժեշտ էին ներկայացումների կազմակերպման համար։ Հանրապետության հնագույն շրջանային թատրոններից մեկն էլ՝ Արտաշատինը, որի հաջողություններին ժամանակին ականատես էին լինում անգամ մոսկովյամ թատերասերները, վերածվեց գրեթե անգործության մատնված մի հանգրվանի: Այսօր այնտեղ մոռացել են դրամատուրգիական շատ արժեքներ եւ որպես ազգային ժամանակակից դրամատուրգիա՝ բեմադրում են թատրոնի տնօրենի պիոներական ինքնագործունեության համար գրված մոնտաժները…

Գավառի թատրոնի վիճակն ամենաանմխիթարն է, այս թատրոնի շենք եկողը տեսնում է դահլիճում դրված թիթեղյա մի մեծ վառարան, որի մոտ տեղ գրավելու համար հանդիսատեսներից ոմանք մեկ ժամ առաջ են գալիս թատրոն, իսկ զուգարանի գարշահոտությունն էլ տարածված է կիսավեր շենքով մեկ… Այստեղ լուծված չեն նաեւ դերասանախմբի համալրման հարցերը, ուստի ութերորդ տասնամյակը վաղուց ոտք դրած դերասանուհիներն են խաղում դպրոցական աղջիկների, անգամ՝ տղամարդկանց դերեր… Այս թատրոնը տարվա մեջ մի քանի ամիս է միայն գործում՝ հնարավորություն չունենալով իր ներկայացումները նույնիսկ գյուղեր տանելու: Կապանի թատրոնի բախտը մասնակիորեն բերել է. ԹԳՄ ջանքերով վերջապես բացվել է շենքը, բայց… առանց բեմի ու լուսավորության, առանց ներկայացումներ ցուցադրելու տարրական հնարավորությունների…

Իհարկե, վիճակն առավել բարվոք է Վանաձորի թատրոնում, ուր եւ կայուն խաղացանկ կա, եւ ներկայացումների շարք, եւ ֆինանսական պլաններն են կատարվում, եւ լուծվում են բոլոր խնդիրները, իսկ ահա Գյումրու թատրոնում, որից երբեք հոգսերը չեն պակասում, դարձյալ հին հիվանդություններն են գլուխ բարձրացրել, նորից ներկայացումների քանակին գերակշռում են համերգները, իսկ ողջ հուլիս ամսին թատրոնն ընդամենը 2 ներկայացում է ունեցել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել