Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՆԻՍԱԺԻ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՄ»

Օգոստոս 15,2009 00:00

Արթո Թունչբոյաջյանը՝ աշխարհի ու Հայաստանի մասին

Տեղեկացրել էինք, որ «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում Արթո Թունչբոյաջյանը եւ նրա Armenian Navy Band-ը երեկ հանդես էին գալու ԱԺ այգում: Նաեւ նշել, որ ավանգարդ ֆոլք ոճում ստեղծագործող եւ կատարող միստր Avant-Garde Folk Արթոն երեկ հյուրընկալվել էր «Առավոտում»: Զրույցը Արթոյի հետ անկեղծ էր ու անկաշկանդ: Նա ասաց, որ երազում է՝ հայերը միավորվեն հանուն հայության վաղվա օրվա, չտարանջատեն սփյուռքահային հայաստանցուց, իշխանություններն էլ ավելի շատ մտածեն ժողովրդի մասին:

Խոսելով ԱԺ այգում կազմակերպված համերգից, Արթոն ասաց. «Ինձի համար ուրախություն է էս մի ձեւով էլ շփվել ժողովրդի հետ, առաջին անգամ էդ դուռերը բացվեցին, առաջին անգամ իշխանությանը էսքան մոտիկ եղած եմ»:

Հայաստանի իշխանության ու գոյություն ունեցող բարքերի մասին էլ մեր զրուցակիցն այս կարծիքի է. «Իրենց համար հայաստանցին կարեւոր է, իրենց համար մենք սփյուռքահայ ենք ու 100 տոկոս հայ չենք, որովհետեւ խանգարող օրենքներ դնում են: Բոլորդ ալ գիտեք, որ սփյուռքահայերու անձնագիրն ինչ է կամ մի գործ ձեռնարկելը ինչ պիտի լինի… Այդ ժամանակ ուրիշ մի Հայաստան երեւում է, էտի շատ վատ է: Հայաստանը կարա միացնել բոլոր հայերուն, որովհետեւ Հայաստանը հայու տուն է, ոչ թե հայաստանցիների: Հա՛-յա՛ս-տա՛ն, մենք էդպես զգում ենք, հասկացա՞ր, մեզի ուշադիր պիտի ըլլաք, Թուրքիայի հայերին շատ ուշադիր պիտի ըլլաք, որովհետեւ որքա՜ն տանջվելով մեր իսկական հայի իմաստը պահում ենք: Էտի շատ երկար պատմություն է, Թուրքիա ծնել եմ, երկու տարի էլ զինվոր եղել եմ… Երբ Հայաստանում մի վատ բան լինում է, ինձի շատ խանգարում է, բայց մի բանով ոգեւորվեցի, որ տունս սարքեմ, կարամ ապրել Հայաստանում»:

Ինչ վերաբերում է Մարտունու գյուղերից մեկում իր կառուցվող տանը, շատ խառը պատմություն է: Շինարարները գումար են կորզել, ու տունն այդպես էլ չի կառուցվել, ավելի շուտ՝ այնքան վատ է կառուցվել, որ չբնակեցված՝ փլվել է, դրան գումարած նաեւ այն, որ օրինական շինարարության թույլտվություն էլ չի եղել, իսկ Արթոյին լրիվ այլ բան են ասել:

Սիրված երաժիշտը ամեն անգամ Հայաստան մտնելիս նեղսրտում է, չի հավանում իր անձնագիրը, ասում է՝ այն խոչընդոտում է իր ազատ տեղաշարժը. «Ես վերնիսաժցի եմ, Վերնիսաժի անձնագիր ունեմ, էս անձնագիրը, որ տալիս են, հատուկ շտամպ դնում են` «ժամանակավոր կացության հատուկ կարգավիճակ», որովհետեւ էսի գալիս ես տալիս ես սահմանի ոստիկանին, ասում է՝ չէ՛, իսկական անձնագիրդ տուր… Բայց վատը գիտե՞ք ինչ է, Թուրքիա մտնում եմ էս անձնագրով, Հայաստան չեմ կարա կոր մտնեմ»:

Թուրքիայում ծնված Արթո Թունչբոյաջյանը համոզված է, որ ոչ միայն հայ-թուրքական, այլեւ աշխարհի բոլոր սահմանները պիտի բաց լինեն, մարդիկ պիտի գնան ու գան, հարեւան երկրներն էլ ազատորեն հաղորդակցվեն. «Էտի շատ կարեւոր հարց է… Թուրքիա ինձի լավ գիտեն, ախպերս մահացել է, իրեն մոնումենտում դրել են, Թուրքիա շատ ժամանակ Հովհաննեսը Օրհան դառնում է, անունները փոխվում են, բայց ես ու ախպերս հոն տենց չարինք, մաքուր մեզ պահել ենք… Երբ թուրքերին հարցնում էիր՝ հայը ի՞նչ է, արվեստ` ասում էին: Երբ Հայաստանից ժողովուրդը սկսավ էկավ, էտ ատեն ուրիշ մի բան դարձավ, կանայք գալիս՝ սեքսի գործ անում են, տղամարդիկ՝ գողություններ, խաբում են, հիմա ուրիշ մի հնարավորություն տվին խոսելու հայերի մասին: Էտ վատ մի բան էր, էսի մեր պատասխանատվությունն էր, ազգը մենք պիտի մաքրենք, բայց ամենեն կարեւորը կոմունիկացիաներն են, ատոր համար հանդիպեցան պարոն Սարգսյանն ու պարոն Գյուլը: Թուրքերի համար շատ դժվար է, բայց Եվրոպայի Միությունը կա՝ պիտի մտնեն: Կառավարությանը առաջին անգամ հնարավորություն եղավ իրենց սուտը մաքրելու համար, որովհետեւ Եվրոպայի Միություն պիտի մտնեն: Հայերի կողմից պիտի ուշադիր լինեն, փակ դուռին հետեւից պրոբլեմները չպիտի խոսվի, ընդհակառակը՝ բաց, ուղիղ եթերով պիտի խոսինք, որովհետեւ սենց պրոբլեմները լուծելը շատ հեշտ է, անհանգստությունը մարդերուն համար խոց դարձել է: Վերջապես պիտի բացվի՝ կամ հայերը սուտ խոսում են, կամ թուրքերը, կամ երկուսն էլ սուտ խոսում են, կամ երկուսն էլ ճիշտ խոսում են… Թուրք ի՞նչ է, ի՞նչ իմաստ ունի, ուզում եմ էտի գտնեմ, հետո երաժշտությունը կխոսիմ: Կորած բաները հետ բերում եմ՝ երկու միլիոն հայ կորավ Թուրքիա, մահացածները դեռ չեմ ասում: Հիմա էտոնց թոռնիկները երեւում են, էտոնց վրա աշխատում եմ, հասկանո՞ւմ ես, սահմանը պիտի բացվի… Ինչի՞ համար, որովհետեւ Բաքվից Ղարս էլ ռեյս կլինի ինքնաթիռի, ուզում են ադրբեջանցիներ լեցնեն, որ չմիանա ժողովուրդը, էսօր հայի թշնամին՝ ադրբեջանցին երեւում է, մարդու թշնամին մարդն է, հայի թշնամին հայն է… Նույն պրոբլեմը Իսրայելի ու Փելըստայնի մեջ է: Հայերի ցեղասպանությունը չեն ընդունում, որովհետեւ պոլիտիկ բիզնես է: Ինձի շատ սիրում են էնտեղ, հարցնում են՝ ինչի՞ չես գալիս, ասում եմ՝ դուք պիտի ինձ բացատրեք, է, ինչի՞ համար հայերի ցեղասպանությունը չեք ընդունում…Չնայած ես նորից իրենց մարդն եմ, հրեա ժողովրդի հետ պրոբլեմ չունեմ, Իսրայելի սիստեմի մասին խոսում եմ»:

Հայ եւ թուրք երաժիշտների համատեղ նախագծերին Արթոն միշտ կողմ է, բայց գիտակցում է, որ հարցը ուրիշ ենթատեքստ էլ ունի. «Հայաստանը հիմա ոնց մի գործի մեջ մտնում է, փոփոխություններ անում է, թուրքերն էլ ուզում են ներկայացնել, թե հայերի հետ նորմալ ապրում ենք: Էտի շատ լավ բան է, բայց ամեն ինչը խաղ է, խաղի մեջ խաղ չդառնանք, պիտի խելացի ըլնենք, ուշադիր պիտի ըլնենք: «Քարդաշ Թուրքլերի» խումբ եկած էր Հայաստան, կեսից շատը քրդացած հայերու թոռնիկներ էին: Էնտեղի կառավարությունը իրենց չի օգնում, ինչպես էստեղի կառավարությունը ինձի չի օգնում, որովհետեւ հայաստանցի չեմ, էնտեղ էլ ասում են՝ հայ եմ: Բայց ուզենք-չուզենք՝ մենք էդ հողերի տեղական մարդերն ենք, էս չեմ կարա ասեմ Ղազախիստանից եկել եմ կամ մի ուրիշ տեղից եկել եմ, էտի է իմ հողս… Ցեղասպանությունը մի անգամ չեղավ, երեք-չորս անգամ եղավ, ու տենց բաժնվեցինք, էդ ատեն սկսավ արեւմտահայ, արեւելահայ… Գիտե՞ս ինչի համար հայերի սպանությունը եղավ, որովհետեւ միակ ինտելեկտուալ ժողովուրդը որ մնաց Անատոլիա, էտի հայերն էին, էդ ժամանակներից Անատոլիան ինդուստրիալ կենտրոն պիտի սարքեին… Իսկ ինտելեկտուալ մարդը չես կարա խաբես… Տակավին էսօր էլ Թուրքիան կոլոնիզիացիա անում է՝ մոդեռն կոլոնիզիացիա, ինչպես Ամերիկան, Եվրոպան կանեն… Օրինակ, փող ուղարկում են Ամերիկայից Իրաք՝ 3 տոննա 100 դոլարներ փող ուղարկել են…»:

Քաղաքականության շուրջ Արթոյի մտորումներից դառնալով համերգներին, հարցրինք՝ ո՞ր ձեւաչափով համերգներն են հոգեհարազատ՝ ակումբայի՞ն, բացօթյա՞, թե՞ համերգասրահային.

«Նայի՝ դահլիճն էլ նույնն է, բացօթյան էլ, կլաբն էլ: Մեզ համար նվագը նույնն է, բայց տարբեր իմաստ ունի: Հիմա բացօթյա ասում ես՝ նայած մարդերը նստո՞ւմ են, կանգնո՞ւմ են, էտի շատ կարեւոր բան է: 40-50 տարեկան մարդը 3 ժամ չի կարա կանգնի, իսկ ակումբում մեկը գալիս է, ժողովուրդը գալիս է, էդ օրվա պրոգրամին մեջ կարող ա մի բան փոխվի: Բացօթյայի ժամանակ ժողովուրդը պահելը կարեւոր է: Նվագը մեզի համար բոլոր դեպքերում էլ նույնն է, որովհետեւ մարդ իրա կյանքից 3 ժամը թողում է, գալիս է քեզի լսելու»:

Արթոն հատուկ կարծիք ունի երիտասարդության եւ հոգու այդ վիճակի մասին. «Գիտե՞ս ինչու համար: Տարիքս հիմա ասեմ՝ կարող ա չես հավատար. 53 տարեկան եմ, Arminian Navy Band-ի նույն մարդերեն ամենաջահելը ես եմ… ժամանակով ապրում ես, չես ծերանում: Ամենեն սխալ բանը, որ կառավարությունները ջահելներին հետ չեն շփվում: Ջահելները իրենց մեջ շատ ինֆորմացիա ունին, հասկացա՞ր, իրենց պետք է երիտասարդը հասկանան, թե վաղվա համար ինչ ծրագիր գտնեն: Դրա համար երիտասարդը պիտի դուրսը լինի, սովորի ու գա էստեղ տուն, որ կարա ներկայացնի երկիրը: Օրինակ, Գերմանիա կարեւոր մի մարդու հետ հայերեն խոսում ես, թարգմանիչ էլ չկա: Որքան լավիմաստ խոսիս, էդ մարդը չի հասկանա, երիտասարդները էդոր համար պիտի դուրսը լինեն…»:

Երաժիշտը գտնում է, որ հայերի մեջ միմյանց հանդեպ հանդուրժողականության ու բարյացակամության պակաս կա. «Էստեղ շատ լավ տաղանդավոր երաժիշտներ են, ես մի բան կանեմ, կասեն՝ հա, Արթոն իբր ի՞նչ ըրավ, բայց նույն մարդերը էստեղ կապրեն, ինչո՞ւ նույնը մեկը չըրավ, որովհետեւ ուրիշ կոմպլեքսների մեջ են, հասկացա՞ր, աշխատանքի դիսցիպլինը, աշխարհքի աշխատանքի ձեւը, էդ բաները պիտի սովորին: Մեզի համար շատ ամոթ է, մեր ծիրանը, մեր լավը չեն կարում աշխարհքում ներկայացնել… Օրինակ, ես քաղաքապետ ըլնեմ, էս քաղաքը աշխարհքին լավագույն քաղաքը կսարքեմ, շատ հեշտ է՝ կենտրոնը ավտոները չեմ թողի, քաղաքից դուրսն ալ մի հատ սահման պիտի գծեմ, տաքսիները մի գինով կանեմ, ժողովրդի համար տրանսպորտը աշխարհքեն լավագույնը կանեմ: Կենտրոնը ձիերով ֆայտոն կդնեմ, «Արմավիայի» բոլոր ռեյսերուն մեջ ալ 2 հատ դուդուկահար կդնեմ… Արվեստ ըլլալով՝ ամեն ինչ ունինք, չենք կարում լավ ներկայացնել, մենակ տաղանդը չի բավիլ: Arminian Navy Band-ը աշխարհի լավագույն խումբերից չի, բայց բոլորից տարբեր է, դրա համար ինձի «Միստր ավանգարդ ֆոլք» կանչում են, որովհետեւ մականունս տենց է, հարցնում են՝ էս մարդերը որտեղի՞ց գալիս են… Հայաստանը պիտի հավաքի ընդհանուր հայերին, թե չէ սփյուռքահա՜յ, ախր հա՛յ ենք ու վերջ, էդքան մի բան»:

Հարցրինք՝ ուրեմն ավելո՞րդ է ստեղծվել Սփյուռքի նախարարությունը:

«Ինձի համար ավելորդ է, պիտի հայի նախարարություն լինի,- ասում է երաժիշտն ու հավելում…։- Իմ կռիվս մարդու հետ չի, օրենքների հետ է, հայ ես ու վերջ: Աստված չանի պատերազմ լինի, չեն ասելու՝ դաշնակները եթում են, մյուսները հետեւից գալիս են: Բոլորս ալ հայ ենք… ժամանակն է՝ ասեն, հայեր, երբ ուզում եք՝ եկեք, երգ գրել եմ, չէ՞, գործարանները բացեք, եթե լավ լսեն՝ CD-իս ու երգերիս մեջ ամեն ինչ ասում եմ: Հետո, եթե ազգդ սիրում ես, քո կողմից մի բան էլ դու պիտի անես: Ոնց ուզում ես, Հայաստան ոնց պատկերացնում ես՝ էդ ձեւով պիտի ապրիս»:

Հ. Գ. Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արթո Թունչբոյաջայնին: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու եւ «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրում ներգրավվելու համար, նաեւ շնորհավորել է Armenian Navy Band-ի 10-ամյակը` մաղթելով սիրված երաժշտին եւ խմբի բոլոր անդամներին նորանոր ստեղծագործական հաջողություններ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31