Լրահոս
Օրվա լրահոսը

Կա նաեւ Քվեմո Քարթլիի խնդիր

Օգոստոս 19,2009 00:00

\"\"Վրաստանը կարող է կորցնել Քվեմո Քարթլի տարածաշրջանը՝ ինչպես Աբխազիան եւ Հարավային Օսիան, այնտեղ գերակշռող թուրքախոս բնակչության պատճառով: Ըստ «Արմինֆո»-ի, այդ մասին երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է «Արեւմտահայերի հարցերի ուսումնասիրման կենտրոն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: «Այսօրվա դրությամբ Քվեմո Քարթլիի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են ադրբեջանցիները, որոնց ակտիվորեն աջակցում են Ադրբեջանի իշխանությունները: Վերջիններս ամենեւին էլ չեն թաքցնում իրենց «ախորժակն» այդ տարածքների նկատմամբ»,- նշել է փորձագետը: Նա նաեւ ավելացրել է, որ Վրաստանի իշխանություններն ի զորու չեն դադարեցնել այդ յուրօրինակ էքսպանսիան, ավելին՝ գործուն ջանքեր են ներդնում Ջավախքից հայերին դուրս մղելու նպատակով: «Հայ-վրացական հարաբերությունների օրակարգում պետք է դրվի Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի խնդիրների առնչությամբ համագործակցության հարցը, քանի որ միայն համատեղ ջանքերով կարելի է կասեցնել ադրբեջանական էքսպանսիան»,- ասել է փորձագետը: Խոսելով Վրաստանի կողմից Քվեմո Քարթլին կորցնելու հավանականության մասին՝ Ալվրցյանն ընդգծել է, որ դա ծանր հետեւանքներ կունենա ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր երկրի համար: «Կորցնելով նշված շրջանը՝ Վրաստանը դրանով իսկ կդառնա թույլ ծայրամասային երկիր տարածաշրջանում, որի հետ հաշվի չեն նստի, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական շրջապատման մեջ կդնի Հայաստանը»,- ամփոփել է փորձագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել