Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՕԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԻ

Օգոստոս 20,2009 00:00

\"\"Օրերս ՄՕԿ-ի գործկոմը ձայների ճնշող մեծամասնությամբ կանանց սիրողական բռնցքամարտին երեք քաշային կարգերում, սկսած 2012 թվականից, օլիմպիական գրանցում շնորհեց:

Անկեղծ լինենք: Մենք՝ հայերս, կին եւ բռնցքամարտ հասկացությունները մեկտեղ չենք պատկերացնում: Այդ պատճառով էլ որոշեցինք ճշտել մարզաձեւի մեր ֆեդերացիայի դիրքորոշումը եւ դրա հետ կապված հետագա անելիքները: «Առավոտի» հարցերին պատասխանում է հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

– Կանանց բռնցքամարտն այլեւս օլիմպիական մարզաձեւ է: Մեր ֆեդերացիան դրան ինչպե՞ս է վերաբերվում:

– Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան երկար տարիներ աշխատում էր այդ ուղղությամբ: Եվ վերջապես հասավ նպատակին: Հիմա անցկացվում են աշխարհի, մայրցամաքների առաջնություններ, որոնց բավականին մեծ թվով աղջիկներ են մասնակցում: Ինքս, որպես տեխնիկական պատվիրակ, ներկա եմ եղել Չինաստանում անցկացված աշխարհի վերջին առաջնությանը: Եվ պետք է ասեմ, որ կանանց բռնցքամարտն աշխարհում բավականին զարգացած է: Հատկապես տպավորվել է այնտեղ 57 կգ քաշային կարգում Իռլանդիայի ներկայացուցիչը, որն այնպիսի տեխնիկա էր ցույց տալիս, որին կնախանձեին անգամ ներկայիս աշխարհի առաջատար տղաները:

Կանանց բռնցքամարտը շատ է առաջ գնացել շատ երկրներում, անգամ Թուրքիայում: Այնտեղ արդեն քանի տարի կանանց բռնցքամարտի զարգացմամբ լրջորեն են զբաղվում: Էլ չեմ խոսում միջազգային մրցումներ կազմակերպելու մասին: Այս առումով Հայաստանը բավականին ետ է մնացել: Եվ պատճառը մեր մենթալիտետն է: Չնայած Թուրքիայում էլ ժողովուրդը նույն կերպ է մտածում:

– Այսինքն՝ հիմա հարկադրված ենք Հայաստանո՞ւմ էլ կանանց բռնցքամարտի հիմքերը դնել:

– Մեծ հաշվով՝ այո: Թեեւ մեզ մոտ էլ արդեն բռնցքամարտով զբաղվող աղջիկներ կան, թեեւ նրանց մատների վրա կարելի է հաշվել: Ասենք, Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում, Աշտարակում, Մասիսում… Ասեմ նաեւ, որ արդեն Շվեդիայից միջազգային մրցաշարին մեկ հոգու մասնակցության հրավեր էլ կա:

– Բայց այդ ամենը, կարելի է ասել, մինչեւ այսօր տարերային բնույթ է կրում: Հիմա կանանց բռնցքամարտը լուրջ հիմքերի վրա պե՞տք է դնենք, թե՞ ոչ:

– Այս պահին հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող: Սեպտեմբերի սկզբին Իտալիայում կայանալու է տղամարդկանց աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին զուգահեռ հրավիրվելու է ԱԻԲԱ-ի համաժողով: Այնտեղ բոլոր հարցերը պետք է մանրամասն քննարկվեն: Միայն դրանից հետո է հնարավոր ձեր բարձրացրած հարցերին լիարժեք պատասխան տալ: Եկեք սպասենք:

– Այնուամենայնիվ, մենք մեր դիրքորոշումը ունե՞նք: Կանանց բռնցքամարտն ընդունո՞ւմ ենք, թե՞ ոչ:

– ԱԻԲԱ-ն եւ ՄՕԿ-ը վերջնական որոշումն արդեն կայացրել են, որը հարգել եւ ընդունել պարտավոր են բոլոր ազգային ֆեդերացիաները: Իսկ թե դա ի՞նչ շարունակություն է ենթադրում, պարզ կլինի միայն ԱԻԲԱ-ի համաժողովից հետո: Երբ բոլոր մանրամասների պատասխանները լինեն, կարծում եմ, մեր սպորտի պետական կառույցն ու ազգային օլիմպիական կոմիտեն վերջնականապես կկողմնորոշվեն: Այդ ժամանակ էլ մենք մեր հետագա անելիքները հստակ կիմանանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել