Լրահոս
Օրվա լրահոսը

Քարերի նշանակությունը՝ հորոսկոպի նշանների համար

Օգոստոս 25,2009 00:00

(Հիշեցնենք, որ «Առավոտի» օգոստոսի 22-ի համարում տպագրել էինք համաստեղության առաջին 6 նշանների քարերը):

Դուք ի՞նչ քարով մատանի եք կրում, արդյոք այն համապատասխանո՞ւմ է ձեր համաստեղության նշանին եւ ձեր էությանը…

ԿՇԵՌՔ համաստեղության տակ ծնվածներին խորհուրդ է տրվում կրել բյուրեղով զարդարված փայլփլուն մատանի: Մատանու տերերը մեծ հաջողությունների կհասնեն հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում: Բյուրեղն օժտված է արտասովոր մեծ էներգիայով: Այն ուսման մեջ երեխաներին դարձնում է ավելի ընդունակ:

Միջնադարում եթե կինը ցանկանում էր հմայել իր ասպետին, աննկատելիորեն դիպչում էր նրան ոսկով ընդելուզված բյուրեղով, որի վրա պարտադիր պետք է փորագրված լիներ գորտ:

ԿԱՐԻՃՆԵՐԻ խորհրդանիշ քարը մեղեսիկն է (ամեթիստ): Այն որպես հուռութք կիրառում են հարբածության դեմ: Մեղեսիկը նաեւ բարերար ազդեցություն է թողնում մտքերի վրա, օգնում է սիրել մերձավորին, լույս սփռում մութ հարցերում։ Իսկ քարով զարդարված մատանին հարստություն եւ հաջողություն է խոստանում տիրոջը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐԻՆ հուսալքությունից ու ձանձրույթից կազատի հակինթով զարդարված մատանին: Այս քարը ամպրոպից առաջ կորցնում է իր փայլը: Հին Հունաստանի հետերաները՝ որպես տարբերանշան, կրում էին հակինթով զարդարված հատուկ մատանիներ, որոնց վրա եռանկյունի էր փորագրված։ Եթե հետերան մատանին դնում էր այն դիրքով, որ եռանկյունու սուր ծայրն ուղղված էր լինում դեպի իրեն, դա նշանակում էր, որ նա հիմա զբաղված է: Իսկ եթե եռանկյունու սուր ծայրը հակառակ դիրքով էր լինում՝ դեպի դուրս, ապա նա ակնարկում էր, որ ազատ է եւ կարող է նոր հաճախորդ ընդունել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐԻ պես խորհրդավոր է նաեւ նրանց խորհրդանիշ քարը՝ խրիզոպրազը: Քարն ունի ուշագրավ մի հատկություն. տիրոջ մահից հետո հայտնվելով ուրիշի ձեռքում՝ դադարում է իր հատկությունները դրսեւորել՝ հավատարիմ մնալով առաջին տիրոջը: Այդ հիասքանչ կանաչ քարը՝ ոսկեգույն փայլատակումներով, հնում անվանել են «Կրետեի թագ»: Համարվում էր, որ ոսկով ագուցված խրիզոպրազով մատանին անընդհատ կրելու դեպքում տերը արտասովոր ներքին ուժով եւ հոգու հզորությամբ է օժտվում, ինչպես նաեւ՝ խուսափում խելագարվելուց եւ չար ոգիների ազդեցությունից:

ՋՐՀՈՍՆԵՐԸ կկարողանան ազդեցիկ հովանավորների ուշադրությունը գրավել լեռնային բյուրեղապակու (վանակնի) շնորհիվ: Նորվեգիայի հեքիմուհիները այդ քարը փշրում էին մեղրի մեջ ու տալիս կրծքով կերակրող մայրերին, որպեսզի նրանց կաթն առատ լիներ:

Հավատալիքներից մեկի համաձայն՝ լեռնային բյուրեղապակին հավերժ սառցակալած ջուր է:

ՁԿՆԵՐԻ ճանապարհորդությունների ժամանակ վստահելի ուղեկից էր շափյուղան: Դեռեւս 6-րդ դարից ի վեր այդ քարը զարդարում էր կարդինալների մատանիները, որոնք հավատում էին, որ շափյուղան պահպանում է առողջ դատողությունը եւ իրենց զերծ պահում անթույլատրելի ցանկություններից: Այն պարզ, սառը դատողության խորհրդանիշն է: Անապատի բնակիչները ճանապարհորդելիս իրենց հետ միշտ վերցնում էին շափյուղայի կտոր. դրանով նրանք հագեցնում էին իրենց ծարավը՝ քարն ուղղակի դնելով բերանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել