Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՏԻՐ 10 ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 27,2009 00:00

Հայաստանում պատմությունը կրկնվում է՝ այդ են վկայում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի 1996-ի եւ 2008-ի վերաբերյալ զեկույցները:

1997-ի աշնանը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իր տեղեկագրում հրապարակել էր «Մարդու սահմանադրական իրավունքների խախտումները Հայաստանում» զեկույցը, որի հեղինակներն էին Ավետիք Իշխանյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Ջանոյանը եւ Վահան Իշխանյանը: Որոշ մեջբերումներ անենք այդ զեկույցից:

* Հայաստանում, սկսած 1995 թ. ԱԺ ընտրություններից, ՀՀ Սահմանադրության հանրաքվեից, ոտնահարվում են քաղաքացիների քաղաքական իրավունքներն ու ազատությունները, որը գագաթնակետին հասավ 1996թ. հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ: Նշված ընտրությունները վկայեցին, որ ՀՀ քաղաքացիները զրկված են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունքից:

* Հայաստանի Հանրապետությունում ոտնահարվում են մամուլի եւ խոսքի ազատության սկզբունքները: 1994թ. սեպտեմբերի 28-ից ապօրինի կերպով դադարեցված է մի շարք ընդդիմադիր եւ անկախ պարբերականների գործունեությունը («Երկիր», «Ազատամարտ» թերթեր, «Հայլուր»):

* 1994-1996 թթ. տարբեր անհիմն պատճառաբանություններով, առանց իրավական հիմքի եւ դատարանի որոշման, իրավապահ մարմինների ուղղակի միջամտությամբ տարբեր ժամանակահատվածներով կասեցվել կամ դադարեցվել են ՍԻՄ, ԱԻՄ, ԱԺՄ կուսակցությունների գործունեությունը, որը դրսեւորվել է նրանց գրասենյակները փակելով, գույքը եւ փաստաթղթերը բռնախլելով, նրանց լրատվական միջոցների եւ տեխնիկական ծառայությունների կազմալուծմամբ:

* Հայաստանում 1994-ից սկիզբ առած քաղաքական դատավարությունները փաստում են, որ վարչական ու դատական հետապնդումների են ենթարկվել անձինք՝ պայմանավորված կուսակցական պատկանելության, իր կարծիքը պնդելու, խոսքի ազատության, տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատ իրականացման, ընտրություններին կամքի ազատ դրսեւորմամբ պետության կառավարմանը մասնակցելու, իրենց քաղաքական իրավունքը իրականացնելու համար: Այդպիսի շարժառիթներով ապօրինի ձերբակալությունների, խոշտանգումների, համատարած բռնությունների փաստեր են արձանագրվել ինչպես 1995 թ. տեղի ունեցած ԱԺ ընտրություններից, այնպես էլ 1996թ. անցկացված նախագահական ընտրություններից հետո:

* 1996 թ. սեպտեմբերի 25-ին իշխանությունների կողմից ժողովրդի դեմ գործադրվեցին զորք եւ ռազմական տեխնիկա, որի ընթացքում բազմաթիվ մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ, հարյուրավոր մարդիկ կեղծ, արհեստական ձեւակերպումներով ենթարկվեցին վարչական ու քրեական հետապնդումների:

* 1996 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ դատախազության կողմից հարուցվել է քրգործ այդ օրը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազն իր որոշմամբ այդ իրադարձությունները որակել է դավադրություն իշխանությունները զավթելու համար, պետական եւ հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչեր, զանգվածային անկարգություններ եւ այլն:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ» ամսագրի 2009 թվականի 5-րդ համարում հրապարակվել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2008 թ.» զեկույցը, որից եւս կանենք մի քանի մեջբերումներ:

* Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում զանգվածային բնույթ են կրում քաղաքական լարվածությունների, հատկապես ընտրությունների ժամանակ: Իշխանությունները, իրենց նույնացնելով պետության հետ, գործի են դնում պետական ամբողջ մեքենան, վարչական ռեսուրսները: Իսկ հատկապես 1998 թվականից հետո մեծ դեր է կատարում ընտրողներին կաշառումը: Այդ տեսակետից բացառություն չէին նաեւ 2007թ. մեկնարկած ու 2008թ. փետրվարին անցկացված նախագահական ընտրությունները:

* 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության հատուկ ջոկատները ուժով ցրեցին Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին: Ըստ պաշտոնական վարկածի՝ իրավապահ մարմինների սկզբնական նպատակը խուզարկության անցկացումն էր, սակայն ցուցարարների կողմից հանդիպելով դիմադրության՝ նրանք լրացուցիչ ուժեր ներգրավեցին եւ ցրեցին նստացույցը:

* Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցավ ընդհարում ընդդիմության եւ ուժային կառույցների միջեւ, որի ընթացքում կիրառվեց հրազեն: Ընդհարման արդյունքում զոհվեցին 10 մարդ՝ 8-ը քաղաքացիական, 2-ը՝ ներքին զորքերից, վիրավորվել են 210 մարդ, որից 55-ը եղել են զինվորականներ:

* Հաջորդ օրը ՀՀ Ազգային ժողովը հավանության արժանացրեց ՀՀ նախագահի հրամանագիրը: Սահմանափակվեց խոսքի, հավաքների, ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում կարող էր կասեցվել կուսակցությունների եւ ՀԿ-ների գործունեությունը:

* Ինչ վերաբերում է ընդդիմադիր մամուլին, ապա մտցվեց գրաքննություն, եւ, ըստ էության, ընդդիմության թերթերի տպագրությունն արգելվեց: Ընդհատվեցին նաեւ ընդդիմությանը սատարող կայքէջերը (ի լրումն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի՝ նշենք, որ կասեցվել էր ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ չեզոք ԶԼՄ-ների գործունեությունը.- Ա. Ի.): Մինչեւ հատուկ դրություն հայտարարելը՝ արդեն կատարվում էին ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններ, իսկ մարտի 2-ից հետո ձերբակալությունները կրեցին զանգվածային բնույթ:

* Ըստ պաշտոնական տվյալների՝ կալանքի տակ էին գտնվում 106 մարդ, եւս 4-ը հետախուզման մեջ էին: Նրանց նկատմամբ հիմնական մեղադրանքներն էին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ (զանգվածային անկարգություններ), 300-րդ (պետական իշխանությունը յուրացնելը):

* Կալանավորվածների նկատմամբ հաճախ կիրառվել են բռնություններ՝ ինչպես ձերբակալության ժամանակ, այնպես էլ ոստիկանության բաժանմունքներում: Նրանցից մի մասը զրկված է եղել պաշտպան ունենալու իրավունքից, եւ նրանք, հակառակ օրենքի, երբեմն 2 եւ ավելի օրեր պահվել են ոստիկանության բաժանմունքներում: Բացի ըստ պաշտոնական տվյալների կալանավորվածներից, Հայաստանի ողջ տարածքում հետապնդվում էին ընդդիմության համախոհներ՝ նրանց բերման ենթարկելով ոստիկանության բաժանմունքներ, խուզարկության ենթարկելով նրանց բնակարանները:

Հ. Գ. Եվ այս պայմաններում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ հայտարարում է, թե իր օրոք «Հրաշալի ընտրություններ են եղել»: Մյուս կողմից էլ՝ 1996-ին տուժած որոշ գործիչներ այժմ ծառայում են այս իշխանությանը, երբ վերջինս բացասական իմաստով կատարելագործել եւ անգամ բազմապատկել է նախկինում իրականացված խախտումների ու ոտնահարումների ե՛ւ քանակը, ե՛ւ «որակը»: Եվ եթե 1996-ին ԱԺ շենքի վրա հարձակման ժամանակ գոնե օդ էին կրակում՝ 2008-ին կրակեցին մարդկանց վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել