Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողը»՝ նոր տեխնոլոգիաներով

Օգոստոս 27,2009 00:00

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ուսումնական տարում նոր ծրագրեր է նախատեսում. երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը, հավելելով, որ առաջին հերթին իրենց առաջ կրթության բովանդակությունը հարստացնելու խնդիր են դրել: Բուհի ռեկտորի խոսքով, այդ նպատակով իրենք ժամանակ առ ժամանակ բուհական ուսումնական ու անհատական ծրագրերն են արդիականացնում: Բարեփոխումների շրջանակում, Յ. Սուվարյանի համոզմամբ, անհրաժեշտ է նաեւ նոր տեխնոլոգիաների ձեռքբերումը. այս տարի եւս նոր տեխնոլոգիաներով զինված լսարաններ կշահագործվեն:

Այս տարի ԵՊՏՀ է ընդունվել 1391-ը: Վերջին տարիներին Տնտեսագիտական դիմողների թիվը գնալով մեծանում է: Օրինակ, 2006-ին Տնտեսագիտականում սովորել ցանկացողների թիվը 1600 էր, 2007-ին՝ 1800, 2008-ին՝ 2000, 2009-ին՝ 2348: Շարունակվում է ընդունելության քննությունների 2-րդ փուլը մագիստրատուրայում. առաջին փուլով արդեն ընդունվել է 187 դիմորդ՝ անվճար համակարգում, իսկ երկրորդ փուլին մասնակցելու համար դիմել է շուրջ 340 ուսանող: Յ. Սուվարյանի խոսքով, իրենց բուհում ամեն տարի նոր մասնագիտացումներ ու մասնագիտություններ են բացվում: Վերջին նոր մասնագիտություններից են հակաճգնաժամային կառավարումն ու զբոսաշրջության կառավարումը: Իսկ նոր մասնագիտացումներից է մաքսային իրավունք, աշխատանքային իրավունք, տնտեսագիտական լրագրություն: Տնտեսագիտականն այս տարի իր ուսանողներին կդիմավորի մագիստրատուրայի հեռակա ուսուցման ծրագրով կառավարում մասնագիտությունից: Պարոն Սուվարյանը համաձայն չէ, որ իրենց բուհում դասախոսներն ամենակոռումպացվածն են, չնայած՝ կոռուպցիայի դեպքերը չի բացառում: Նա պնդում է, որ այս տարի Տնտեսագիտականում քննություններն անցնել են օբյեկտիվ. բուհի ղեկավարությունը դեռեւս նախորդ ուսումնական տարեվերջին փորձարկեց գրավոր թեստային մեքենայական տարբերակը, իսկ այս տարվանից արդեն բուհում բոլոր առարկաներից ուսանողները քննություններն այդ համակարգով են հանձնելու: Արդեն պատրաստ են նոր կահավորված լսարաններն ու համապատասխան նոր 90 համակարգիչները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել