Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՅԲՈՒՐԴԸ ՀԵՐՔՈՒՄ Է, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Օգոստոս 28,2009 00:00

«Ես կարող եմ 100 տոկոսով ասել, որ այդպիսի բան տեղի չէր կարող ունենալ: Դա բացառվում է: Վրաստանի եւ Հայաստանի միջեւ սահմանի դեմինտիզացիայի հարցով աշխատանքը շարունակվում է, բայց որ վրացի սահմանապահները մտնեն Հայաստանի սահման, դա բացառվում է»,- «7or.am»-ի հետ զրույցում մեկնաբանելով մեր թերթի՝ «Սահմանի հստակեցում» վրացական ձեւով» հրապարակումը (26.08. 09), ասել է Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը: Հիշեցնենք, որ հրապարակմամբ ահազանգ էր բարձրացվում առ այն, որ հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ եւ մի քանի տասնյակ մետր լայնքով առաջ են եկել, մտել հայկական տարածքներ եւ հայ գյուղացիներին արգելում են զբաղվել սեփական հողերի մշակությամբ: Վրաստանի նախագահի խորհրդականը նշել է, որ իր ասածը կարող են հաստատել Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները: Հիշեցնենք, որ ի պատասխան «Առավոտի» հարցման՝ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր այդ իրողությունը: Վան Բայբուրդի խոսքերով՝ Հայաստանը եւ Վրաստանն ունեն մի մեծ թշնամի, որն ուզում է կռվեցնել երկու հարեւան երկրներին. «Որոշ թերթեր, որոշ կազմակերպություններ Հայաստանում ուրիշի երգն են երգում ու հորինում են հազար ու մի առասպելներ միայն, որ Հայաստանի հետ հարաբերությունները լարվեն: Աշխարհում միայն մի երկիր է, որ Վրաստանի հերն ուզում է անիծի. դուք գիտեք այդ երկիրը: Ցավոք, բացի այդ երկրից, աշխարհում էլի մի քանի թերթեր եւ մի քանի կազմակերպություններ Ռուսաստանի հետ այդ երգը երգում են»: Ու մինչ Վրաստանի նախագահի հայ խորհրդականը հերթական ռուսական դավադրությունն էր բացահայտում, երեկ ՀՀ կառավարությունում այս հարցը քննարկվում էր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մակարդակով: Ինչպես «Առավոտին» փոխանցեցին նախարարության լրատվական ծառայությունից, խորհրդակցությունը աշխատանքային էր՝ միտված ելքերին, թե ինչպես կարող է նշյալ վիճելի հատվածների բնակչությունը օգտագործել իր սեփականության իրավունքը: Նաեւ հավելեցին, որ հարցը միջպետական լուծման կարոտ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել