Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի ուզում, որ նախագահը գնա Թուրքիա

Օգոստոս 29,2009 00:00

Հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը մամուլի ասուլիսում երեկ հայտարարել է. «Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը ոչնչով չի փոխվել, պատմության ընթացքում նրանք միշտ էլ խաբեբայությամբ ու շողոքորթությամբ հասել են իրենց նպատակներին: Նույն քաղաքականությունը այդ երկիրը շարունակում է նաեւ այսօր»:

Tert.am-ը փոխանցում է, որ ըստ Ռաֆիկ Պետրոսյանի՝ Թուրքիայում չկա հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու անկեղծ գիտակցություն, հետեւաբար՝ հնարավոր չէ նման երկրի հետ հարաբերությունների բարելավում: Թուրքիա գնալ-չգնալու հարցի պատասխանը, Ռաֆիկ Պետրոսյանի խոսքով, վերջնականապես կտա նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ հենց նա է որոշում երկրի արտաքին քաղաքականությունը: Սակայն, պատգամավորի փոխանցմամբ, կուսակցության մեծամասնության կարծիքով՝ Հայաստանի նախագահը Թուրքիա չի գնալու, «որովհետեւ նրա առաջ քաշած հարցերը դեռեւս մնում են օդից կախված»։ Հանրապետական պատգամավորն անհիմն համարեց ՀՀԿ-ին հասցեագրված թուրքամետ քաղաքականություն վարելու մեղադրանքները. «Սա ճիշտ չէ, որովհետեւ մեր ղեկավարության եւ ՀՀԿ քաղաքականությունը ուղղված է մեր ժողովրդի օգտին: Այսինքն՝ սահմանների բացման եւ այլն, եւ այլն: Դրանք բխում են մեր ժողովրդի շահերից, եւ ՀՀԿ-ն այսուհետ եւս ամեն ինչ անելու է այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է վիզ ծռենք որեւէ մեկի առաջ»:

Պատգամավորը նաեւ խորհուրդ է տվել հայ-թուրքական հարաբերություններից ներկայում դրական ակնկալիքներ չունենալ: Չնայած, ըստ նրա, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են առանց նախապայմանների սահմանը բացելու համար, սակայն դրան խանգարում են նաեւ Թուրքիայի ներքին տրամադրությունները՝ «բնակչության 90 տոկոսը չի ուզում Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Թուրքիայում թափ է առնում ազգայնամոլությունը: Նման պայմաններում լուծում չի կարող լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել