Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎ ԵՆ ԳՏԵԼ

Օգոստոս 29,2009 00:00

\"\"Պետեկամուտների կոմիտեն գործարարներին առաջարկում է ՀԴՄ կտրոնների վրա գովազդ տեղադրել

Տեսնելով, որ ՀԴՄ կտրոններով անցկացվող վիճակահանությունը սպասված արդյունքը չի տալիս, քանի որ գնալով շահումների քանակը պակասում է, իսկ հիասթափվողներն էլ ավելանում են, Պետեկամուտների կոմիտեն որոշեց չշահած կտրոնների որոշակի խմբաքանակի դեպքում պարգեւավճար կամ, այլ կերպ ասած՝ բոնուս տրամադրել: Թերեւս Պետեկամուտների կոմիտեում հույս ունեին, որ գոնե այս կերպ մարդիկ կշարունակեն վիճակահանության առաջին ամսվա ոգեւորությամբ խանութներից ՀԴՄ կտրոններ պահանջել ու հավաքել: Սպասելիքները մասամբ արդարացան, սակայն պարզվեց, որ ՀԴՄ կտրոններ հավաքողներն այնքան շատ են, որ հարկայինի մասնաճյուղերում անգամ հերթեր են առաջանում, իսկ պետության գումարներն էլ չեն բավականացնում բոնուսը վճարելու համար: Այդ գումարը հայթայթելու համար 2 օր առաջ Պետեկամուտների կոմիտեն հայտարարեց հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային uպաuարկման նշաններ տեղադրելու համար աճուրդ: Այսինքն, ցանկացած գործարար կարող է որոշակի գումարի դիմաց ձեռք բերել իրավունք՝ ՀԴՄ ժապավենների վրա իրեն պատկանող մթերային խանութի, կոշիկի արտադրամասի կամ, ասենք, ներքնազգեստի «բուտիկի» գովազդը տեղադրելու համար: Այս կերպ գործարարը հնարավորություն կունենա իր բիզնեսը գովազդելու հանրապետության ամբողջ տարածքում, իսկ պետբյուջեն էլ կհարստանա մի քանի հարյուր միլիոն դրամով: Նշենք, որ 20 մլն հատ ՀԴՄ կտրոնների դարձերեսներին միաժամանակ 3 ֆիրմային անվանում տեղադրելու համար սահմանված մեկնարկային գինը 40 մլն դրամ է: Նույն քանակի կտրոններով միաժամանակ 2 ֆիրմային անվանում տեղադրելու համար պետք է վճարել նվազագույնը 60 մլն դրամ, իսկ եթե որեէ մեկին պատիվ չի բերում ՀԴՄ-ն «կիսել» մեկ այլ գործարարի հետ եւ նա ցանկանում է, որ այն թողարկվի միայն իր ապրանքային նշանով, ապա նա պետք է վճարի նվազագույնը 140 մլն դրամ՝ 20 մլն կտրոնի համար:

Պետեկամուտների կոմիտեի այս նոր նախաձեռնությունը արդեն իսկ դժգոհություն է առաջացրել սպասարկման ոլորտի մի շարք գործարարների շրջանում: Նրանք անտրամաբանական եւ անգամ վիրավորական են համարում, որ իրենց սեփական խանութում, որտեղ իրենք տեղի վարձ են վճարում, հսկայական հարկեր են մուծում, առանց որեւէ շահի պետք է գովազդեն մրցակից մեկ այլ խանութի: Սակայն աճուրդի անցկացման կանոններում այլ բան նախատեսված չէ: Պետեկամուտների կոմիտեի այս նախաձեռնությունից դժգոհ գործարարները այլընտրանք չունեն. կամ պետք է հարմարվեն սեփական խանութում մեկ այլ գործարարի բիզնեսը գովազդելու գաղափարին, կամ ստիպված պետք է մասնակցեն աճուրդին եւ ձեռք բերեն գոնե ամսվա մեջ տրամադրվող ՀԴՄ կտրոնների խմբաքանակի մի մասը:

Հարցի առնչությամբ «Առավոտը» զրուցեց «Սթար Դիվայդ» ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի հետ: Նշենք, որ «Սթար» խանութների ցանցում ամսական տրամադրվում է մոտ 1 մլն հատ ՀԴՄ կտրոն: Պարոն Քերոբյանի կարծիքով, «եթե գովազդ է դրվում կտրոնների վրա, ապա գոնե դրա հաշվին պետք է էժանանա ՀԴՄ ժապավենների գինը: Այդ դեպքում այս քայլը գոնե ինչ-որ տեղ հասկանալի կլինի: Եթե նախկինում, այսինքն՝ մինչեւ հունվարի 1-ը, 1 հատ կտրոնի համար վճարում էինք 0,3 դրամ, ապա հիմա արդեն այն արժե 1,5 դրամ, ինչի արդյունքում էլ իմ ծախսերը մոտ 1 մլն դրամով ավելացել են»: Ըստ Վ. Քերոբյանի, պետք է հաշվի առնել նաեւ այն, որ ՀԴՄ կտրոնի վրա տեղադրվող գովազդը լինի այնպիսին, որը ոչ մի առնչություն չունենա մանրածախ առեւտրի գործունեության հետ. «Ասենք, կարող է գովազդվել որեւէ ապրանքանիշ, որը սեփական խանութ չունի, իսկ եթե որեւէ խոշոր խանութի գովազդ է, ապա դա մրցակցության խախտում է: Պարզապես անընդունելի է, եթե ինձ ստիպում են իմ խանութում տալ կտրոն, որի հետեւում, ասենք, գովազդվում է իմ ուղղակի մրցակցի ապրանքանիշը»: Մեզ հետ զրույցում պարոն Քերոբյանը նշեց նաեւ, որ պետությունը պետք է մի քիչ ավելի լուրջ վերանայի ՀԴՄ կտրոնների տրամադրման հարցը. «Մինչեւ հիմա մեր հաճախորդների կեսից շատին ստիպում ենք վերցնել կտրոնը: Նշեմ նաեւ, որ մատակարարման շղթայում ամբողջ բեռը դրվում է մանրածախ առեւտրի վրա: Ապրանք ներմուծողները կամ արտադրողները պարզապես հրաժարվում են փաստաթղթավորված ապրանքներ մատակարարել: Կոնկրետ մենք նման ընկերությունների հետ չենք աշխատում, բայց շատ շատերը աշխատում են ու տուժում են: Որովհետեւ մի կողմից չեն կարողանում փաստաթղթավորված ապրանք ստանալ, մյուս կողմից՝ ստիպված են օրենքով ամբողջ շրջանառությունը ցույց տալ: Կարծում եմ, պետք է ստիպել նաեւ մյուս սուբյեկտներին, որպեսզի նրանք փաստաթղթավորված շրջանառություն իրականացնեն»: Վ. Քերոբյանի կարծիքով, տվյալ տնտեսվարողը պետք է ընտրություն ունենա. գնել դատարկ ՀԴՄ ժապավե՞ն, թե՞ դրա վրա տեղադրված լինի որեւէ գովազդ:

«Երեւան Սիթի» խանութների ցանցում տրամադրվում է ամսական մոտ 500 հազար կտրոն: Ցանցի գլխավոր տնօրեն Վահրամ Կիրակոսյանն «Առավոտին» եւս դժգոհեց Պետեկամուտների կոմիտեի նոր գաղափարից. «Դա, իրոք, անհարմար բան է, եթե, ասենք, «Սթարի» ՀԴՄ կտրոնների վրա լինի «Երեւան Սիթիի» գովազդը: Այդ տիպի գովազդը շատ մեծ եւ աշխատող գովազդ է: Շատ խանութների ցանցեր հաստատ մտածած էլ կլինեին այդ մասին: Անձամբ ես, կտրոնների հետեւում իմ ուզած գովազդը տեղադրելու մասին մտածել եմ դեռեւս 1 տարի առաջ: Դա համարել եմ իմ իրավունքը: Իհարկե, նման փորձ չենք արել, առաջին հերթին թղթի ներմուծման հետ կապված դժվարություններն էին պատճառը: Եվրոպական երկրներում, Ամերիկայում նման բան շատ ենք տեսել: Սակայն, կարծում եմ, մի խանութին ստիպել, որ մեկ այլ խանութի լոգոյով ՀԴՄ տրամադրի, իսկապես ճիշտ բան չէ: Չի կարելի այդ մարդկանց կարծիքը հաշվի չառնել»: Իսկ մեր այն հարցին, եթե որեւէ խոշոր գործարար գնի բավականին մեծ քանակությամբ ՀԴՄ ժապավենների վրա գովազդ տեղադրելու իրավունքը եւ իրենք պարզապես ստիպված լինեն գնել այդ ժապավենները, ի՞նչ կերպ կվարվեն, պարոն Կիրակոսյանն ասաց. «Ես դեմ կլինեմ հաստատ, եթե գովազդատուն կպնդի դա, ապա ամեն մեկը թող գովազդի իրավունքը իր խանութի համար ձեռք բերի: Հակառակ դեպքում, խանութներում հաստատ լուրջ խնդիրներ կառաջանան»: Վ. Կիրակոսյանը նշեց, որ իրենք «մեծ սիրով» անպայման կմասնակցեն այդ աճուրդին. «Դա մեծ գովազդ է, չենք կարող չմասնակցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել