Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ

Օգոստոս 29,2009 00:00

Կրթության ու գիտության նախարարը երեկ Գյումրիում խոստացավ մեխանիզմ մշակել հաջորդ տարի բուհերում թափուր տեղերը բացառելու համար:

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Գյումրիում մասնակցելով մանկավարժների օգոստոսյան ավանդական խորհրդակցությանը, բավականին ծավալուն ելույթ ունեցավ՝ մանրամասնելով «Հանրակրթության մասին» նոր օրենքն ու անդրադառնալով մի քանի մտահոգիչ փաստերի: Նրա ներկայացրած տեղեկատվությունից թերեւս ամենատխուրն այն էր, որ այս տարի մեր երկիրը միջազգային դպրոցական օլիմպիադայում վատագույն ցուցանիշն է արձանագրել՝ զիջելով հարեւաններին՝ Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային: Որպես օրինակ՝ նախարարը մեջբերեց քիմիայի արդյունքները՝ տեղեկացնելով, որ գրավել ենք նախավերջին տեղը եւ ընդամենը առաջ անցել Քուվեյթից: «Ասեմ, որ մեր բուհերում եւս քիմիայի մասնագիտական տեղերը չեն լրացվել: Վաղը-մյուս օրը քիմիայի մեր գիգանտները՝ Վանաձորը եւ այլն, տարրական գիտելիքներ ունեցող մասնագետների կարիք են ունենալու»,- մտահոգվեց Արմեն Աշոտյանը: Մտահոգություններից մեկն էլ այն էր, որ ֆինանսատնտեսական ճգնաժամից զատ՝ կրթական ոլորտին կրախի առջեւ է կանգնեցնում նաեւ ժողովրդագրական անկումը՝ աշակերտների թվի նվազումը, եւ եթե Շիրակի մարզը այս առումով դեռ խնդիր չունի, ապա Լոռիում վիճակը լուրջ է: Նույնիսկ այն աստիճան, որ փոքր համայնքներում առաջ է գալիս դպրոցների պահմանման հարցը, եւ նախարարությունը հույսեր է փայփայում այն լուծել փոքր համայնքների միավորման միջոցով: «Հանրակրթության մասին» նոր օրենքը նախարարն անվանեց «հեղափոխական», քանի որ, ըստ նրա, այն կփոխի բոլորի մտածելակերպը, աշխատաոճը, կենթադրի նոր մոտեցումներ: Ավագ դպրոցների անհրաժեշտությունը նա բացատրեց այսպես. «Հանրակրթական դպրոցի ավագ հատվածը մեզ համար հանդիսանալու է բարձրագույն կրթության եւ միջին մասնագիտական կրթության տանող կամուրջ, հանգույց, որից պետք է դուրս գալ որակյալ գիտելիքներով: Մենք ձեզ հետ միասին, ձեր օգնությամբ կչեզոքացնենք մասնավոր պարապողներին եւ ընտանիքներին, ծնողներին հավելյալ ծախսերի տակ չենք գցի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ առարկայի պարապմունքը սեւ շուկայում 300 հազար դրամ է: Եվ այսքանից հետո, երբ համոզում են, որ ձեր երեխան փայլուն է, առնվազն 18 միավոր կստանա, բայց ստանում է 11 կամ 12, բոլոր ծնողների սլաքն ուղղվում է դեպի նախարարություն, ասում են՝ ԿԳՆ է սխալ, լավը չեն եւ այլն: Կարծում եմ, որ այստեղ ունենք անելիք, եւ ավագ դպրոցը պետք է լինի որակյալ կրթություն տալու հիմնական հանգույցներից մեկը»: Իսկ ուսուցիչների ատեստավորման անհրաժեշտությունը նախարարը բացատրեց նրանով, որ բուհերը հանրապետությունով մեկ տարեկան թողարկում են շուրջ 3500 մանկավարժ, որոնց պահանջարկը աշխատաշուկայում չկա, ուստիեւ կառավարությունը հարկադրված է ատեստացիա անցկացնել ու որակյալ մասնագետներ ընտրել: Քանի որ այս տարի Շիրակի մարզի բուհերում ողբերգական վիճակ է՝ գրեթե կիսով չափ թափուր տեղեր են, ընդունվողների թիվը կրկնակի նվազել է՝ այսպիսով գործազրկության շեմին կանգնեցնելով դասախոսներից շատերին, լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ ավարտ է ունենալու սա: Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից ընդունելությունը բաղկացած կլինի մի քանի փուլից: «Առաջին փուլը բնականաբար կլինի այն, ինչ ունենք այսօր, եւ կունենանք հավելյալ փուլ, ըստ որի՝ մնացյալ հայտերով դուրս մնացած դիմորդները կկարողանան համալրել թափուր տեղերը որեւէ բուհում: Այսօր այդ հնարավորությունը չունենք: Նկատեմ, որ բազմաթիվ դիմորդներ, նաեւ՝ Գյումրիից, իրենց հայտերում չեն նշել Գյումրիում տեղակայված որեւէ բուհ՝ որպես միջին կամ վերջին, եւ հավակնել են ընդունվելու որեւէ երեւանյան բուհ, եւ երբ մրցութային միավորը չի բավարարել ընդունվելու, նոր փոշմանել են, բայց, ցավոք, այսօր, ցանկություն ունենալով լուծում տալու, իրավական լուծում չունեմ՝ որպես նախարար, իսկ հաջորդ տարվա համար մենք կնախատեսենք մեխանիզմ»,- պատասխանեց նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31