Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԻՍՏ ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՅՑ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ»

Օգոստոս 29,2009 00:00

Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը»՝ ճանաչված մարդկանց գնահատմամբ

\"\"«Առավոտը» տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Նաեւ նշել էինք, որ դրանից հետո նկարը պարբերական ցուցադրություններ կունենա: «Անառակ որդու վերադարձը» ոչ միայն հաջողություններ է ունեցել մի շարք միջազգային փառատոներում, այլեւ արժանացել է մասնագետների բարձր գնահատականներին:

Օրինակ, հարավկորեացի կինոգետ Ջեյ Ջեոնը գրել է, որ «Անառակ որդու վերադարձը» արված է բարձր գեղագիտությամբ. «Հեղինակներն ասես թաքուն դիտարկել են մարդու հոգու անկյունները, տեսանելի դարձրել հերոսների ու կերպարների ներաշխարհը՝ լռության ու դադարների, դիպուկ արտահայտությունների եւ զարմանալի ազգային նկարագրի ու միջավայրի ներկայացմամբ։ Այս ֆիլմը, բացի դրամատուրգիական եւ ռեժիսորական հնարքներից՝ ունի ոգեղեն շերտ, որը հեղինակներին հաջողվել է ներարկել պատկերների մեջ։ Ֆիլմը լինելով խիստ ազգային, միաժամանակ առաջ քաշելով համամարդկային խնդիրներ՝ հուզմունք ու կարեկցանք է առաջացնում հերոսների դրամատիկ պատմության հանդեպ։ «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ մեզ մոտ՝ Պուսանի 13-րդ միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով մեծ ուշադրության, ինչը վկայում է նրա գեղարվեստական բարձր արժանիքների մասին»։

Կանադացի մեր հայրենակից Ատոմ Էգոյանն էլ հետեւյալ կարծիքն է հայտնել. «Սա ժամանակակից ամենախորը ֆիլմերից է՝ ագուցված զգայացունց բնապատկերներով, որ անդրադառնում է հայ ոգու արդի վիճակին», իսկ աշխարհահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը «Անառակ որդու վերադարձը» որակել է՝ հրաշալի եւ ապշեցուցիչ:

Դրամատուրգ եւ արձակագիր Պերճ Զեյթունցյանը խոստովանել է, որ վաղուց հայկական ֆիլմ չէր տեսել, ու նրա խոսքով, մեր հակահիգիենիկ սերիալներն իրեն համառորեն համոզել էին, թե այլեւս նորմալ ֆիլմ չենք կարող ունենալ. «Անառակ որդու վերադարձը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը հայտնություն եղավ ինձ համար։ Հեղինակները՝ Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը ասում են, որ Աստված մեզ միշտ ներում է, բայց արդյո՞ք մենք գոնե մեկ անգամ ներում ենք միմյանց։ Ֆիլմի ասելիքը, սակայն, ավելի վեր է բարձրանում այս բարոյախոսությունից եւ ձեռք բերում փիլիսոփայական խորք։ Այն է՝ ներես, թե չներես, միեւնույն է, վերադարձ չկա։ Վերադարձի ճամփաները փակ են։ Այս փակուղին է, որ մարդուն պետք է ստիպի ճիշտ ապրել, հույսը չդնելով վերադարձի վրա։ Ֆիլմի հանդարտ ընթացքը թելադրված է սյուժեի բնույթով, որ պահանջում է հաճախ կանգ առնել՝ մարդու կամ երեւույթի մեջ խորանալու համար։ Ամերիկյան ֆիլմերի խելահեղ արագությամբ վարակված հանդիսատեսը պետք է կարողանա այս ֆիլմի առաջադրած խաղի կանոնների մեջ մտնել, այլապես իր եւ հերոսների «երկխոսությունը» տեղի չի ունենա։ Կարծում եմ, որ դերասանական ճիշտ ընտրված անսամբլը՝ Արմեն Ջիգարխանյան, Միքայել Ջանիբեկյան, Կարեն Ջանիբեկյան, իրենց հրաշալի խաղով հանդիսատեսին կօգնեն համբերությամբ հետեւել հերոսների անաղմուկ ճակատագրերին։

Ինձ համար արժեքավոր են հատկապես այն գործերը, որոնցում բարոյախոսությունը վերաճում է փիլիսոփայական հայացքի, իսկ մարդու կենսագրությունը՝ ճակատագրի։ Հենց այդպիսին է «Անառակ որդու վերադարձը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31