Լրահոս
Օրվա լրահոսը

Նստել թախտին, սպասել հերթին

Սեպտեմբեր 02,2009 00:00

Կամ ինչու բախտը չի ժպտում դերասաններից շատերին

«Իմ հերթին սպասելով՝ ես կորցրի ոչ միայն լավագույն ծրագրերս, այլեւ ստեղծագործելու կարողությունս»: Այս միտքը նշանավոր ռուս կինոռեժիսոր Էմիլ Կլիմովինն է, որը խորհրդային ժամանակներում երկար տարիներ ստիպված էր ոչ մասնագիտական աշխատանքներ կատարել «Մոսֆիլմ» կինոստուդիայում, ընդհուպ՝ դռնապան աշխատել:

Հայաստանյան իրականությունում էլ եղե լ են նման դեպքեր, ու «Առավոտը» քանիցս անդրադարձել է արվեստագետների տարբեր խնդիրներին: Օրինակ, Երեւանի ազգային օպերային թատրոնում հարկ չկա թվելու բոլոր այն երգիչ-երգչուհիներին, որոնք իրենց ձայնական տվյալներին համապատասխան ստացել են տարբեր դերերգեր, սակայն երկար ժամանակ հնարավորություն չունեն հանդես գալու դրանց կատարումներով: Երկար են իրենց հերթին սպասում հատկապես Անուշի, Սարոյի, Վիոլետայի, էլի շատ դերերգերի երկրորդ, երրորդ, չորրորդ կատարողները, որոնք ոգեւորությամբ աշխատել են, պատրաստել են դերերգերը, բայց հնարավորություն չի ընձեռվել ներկայանալ հանդիսատեսին՝ զանազան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Մայր թատրոնի մի դերասան էլ վերջերս բողոքում էր, որ 5 տարի աշխատելով թատրոնում եւ ստանալով ընդամենը մեկ հիմնական դեր, այդպես էլ հնարավորություն չի ունեցել բեմ բարձրանալու, նրան հորդորել են սպասել… հերթին: Թատերական օջախների կառավարիչները նման դեպքերում մեկը մյուսին են օրինակ բերում, ասելով, թե այդ խնդիրն ամենուր է:

Թատրոններում ծախսեր են արվում փորձերի ու բեմադրությունների համար, ահռելի միջոցներ օգտագործում, տարիներ շարունակ մարդկանց աշխատավարձ տալիս՝ թող որ ոչ բարձր, բայց ստացվում է, որ իզուր են այս ծախսերն ու միջոցները: Մինչդեռ պետական բյուջեից ու թատրոնների արտաբյուջետային հնարավորություններից գոյացող գումարները կարելի է ավելի արդյունավետ օգտագործել, օրինակ՝ ներդնել տաղանդավոր արտիստների ստեղծագործական ակտիվ գործունեության եւ հյուրախաղերի կազմակերպման համար: Ի վերջո, պիտի մեծաթիվ արվեստագետների դուրս բերել աղքատ մտավորականի վիրավորական ու հոգնեցուցիչ վիճակից: Մի՞թե չի կարելի, օրինակ, Օպերային թատրոնում ավելացնել մենահամերգների, հավաքական համերգների թիվը, բեմադրել մոնոօպերաներ ու բալետներ, որոնք համեմատաբար քիչ ծախսատար են, այսպիսով՝ հագեցնել ստեղծագործական քաղցը եւ կարճել շատերի ինքնահաստատման ճանապարհը:

Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը քաղաքում չէր, ուստի չհաջողվեց նրա կարծիքը լսել:

Չնայած համառ լուրերին, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն էլ հավաստիացրեց, որ Մայր թատրոնում «հերթ» հասկացություն գոյություն չունի. «Միշտ էլ մեր թատրոնում մեկ գլխավոր դերի համար պատրաստվել է մեկ դերասան»:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հարցի առիթով փաստեց, որ, օրինակ, Բրոդվեյի թատրոններից մեկում Համլետի դերի երկրորդ կատարողը 7 տարի շարունակ կուլիսներում՝ բեմական գրիմով սպասել է իր «աստեղային ժամին» եւ այդպես էլ ոչ մի անգամ բեմ դուրս չի եկել, քանի որ «առաջին» Համլետը ոչ հիվանդացել է, ոչ էլ որեւէ խնդիր ունեցել: Ռ. Բաբայանը հաստատեց, որ հերթը միշտ էլ եղել է եւ ոչ միայն Հայաստանում: Ըստ Ռ. Բաբայանի, ժամանակն է, որ թատրոնները ավելի քիչ դերասաններ պահեն ու ավելի շատ ներկայացումներ խաղան: Ինչ վերաբերում է իր թատրոնին, նրա խոսքով. «Տիկնիկայինում հաստիքով աշխատող դերասանը որոշակի նորմա ունի՝ ամսական 10-15 ներկայացման մեջ պարտադիր պիտի խաղա… Իհարկե, մեզ մոտ էլ հերթ կա, բայց մենք դրա հասնելուն ավելի քիչ ենք սպասում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել